Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները հնարավորություն ունեցան վայելելու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախմբի՝ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված «Մեկ բարի գործ» գունեղ ներկայացումը: Բեմադրության մեջ ընդգրկված էին նաեւ երեխաներ, որոնք պատասխանատվությամբ էին խաղում իրենց փոքրիկ դերերը:
«Մեկ բարի գործ» ներկայացման բեմադրիչը Նունե Աբրահամյանն էր: Ներկայացումը փոստատարի մասին էր, ում ուղղվելու համար հայրն ուղարկում է այլ քաղաք: Տղան կարողանում է վանել չարությունը քաղաքից, ու մեկ բարի գործ անելով՝ մղում ուրիշներին նույնպես նորանոր բարի գործեր անելու: Փոստատարի եւ նրա համախոհների շնորհիվ քաղաքից նահանջում են չարությունը, նախանձը, երեխաները դառնում են կարգապահ, ընթերցասեր, բարի: Ներկայացումից հետո, որ դաստիարակչական ուղերձներ ուներ, հանդիսատեսին հյուր եկավ Ձմեռ պապը: Երեխաները նաեւ նվերներ ստացան: