«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել կառավարության կողմից խոստացված, բայց 2024-ին ձախողված, չիրականացված կամ հետաձգված 4 կարևորագույն ծրագրերը, որոնք վերաբերում են հանրության լայն շրջանակներին:
Կենսաթոշակների բարձրացման խոստումը կառավարությունը չկարողացավ իրագործել
2024 թ. տարեսկզբին տված մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ 2024 թ.-ին կենսաթոշակները չեն բարձրանա: Փոխարենը թոշակառուներին հնարավորություն տրվեց օգտվել 10, իսկ ավելի ուշ 12% հետվճարի (համապատասխանաբար՝ առավելագույնը 5.000 և 6.000 դրամի չափով) հնարավորությունից՝ անկանխիկ գնումների դեպքում: «Սա ինչ է, եթե ոչ թոշակի բարձրացման արդյունք, էֆեկտ»,- ասել էր նախարարը։
«2024-ին մենք կենսաթոշակ չենք բարձրացնելու, 2025-ին է նախատեսված կենսաթոշակի հաջորդ բարձրացումը»,- խոստացել էր նախարարը:
Կարդացեք նաև
2024 թ․ նոյեմբերի 4-ին, սակայն, Ազգային ժողովում ներկայացնելով պետբյուջեով նախատեսված ոլորտային ծախսերը՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ կենսաթոշակների բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում. «2025-ին պահպանվելու են 2024-ին գործող հիմնական կենսաթոշակների չափերը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով թեմային, ասել էր. «Պարգևավճար չտանք, կտրենք այս ամբողջ պետական համակարգի պարգևավճարները, կարանք թոշակներն ավելացնենք 1000 դրամով»:
«Չոր նավահանգիստ»՝ թղթի վրա
Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարածել էր 2022 թ. դեկտեմբերի 12-ին:
«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
2024 թ. հունվարին տրված մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր՝ մինչև տարեվերջ «չոր նավահանգստի» օպերատորը հայտնի կլինի:
Ի հակադրումն Վահան Քերոբյանի, 2024-ի մարտից պաշտոնավարող Գևորգ Պապոյանը «չոր նավահանգստի» թեմային ավելի զգուշավոր էր մոտեցել:
«Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն «չոր նավահանգստի» հետ կապված, որտեղ նշված են, որ որոշակի պայմանների առկայության պայմաններում այդ պրոյեկտը արդյունավետ է և որոշակի պայմաններում՝ ոչ արդյունավետ։ Մենք հետևում ենք գործընթացներին, և այն պահին, երբ տեսնենք՝ նպատակահարմար է, կմտնենք այդ գործընթացի մեջ, եթե ոչ, ուրեմն չէ»,- նշել էր նա 2024 թ․ օգոստոսի 8-ին ճեպազրույցի ընթացքում:
«Փաստերի ստուգման հարթակն» այս տարվա հոկտեմբերին ուսումնասիրել էր «չոր նավահանգստի» ստեղծման շուրջ հնչած հայտարարություններն ու արձանագրել, որ նախկին նախարարի կողմից հայտարարված ծրագրի մեկնարկի ժամկետները պարբերաբար խախտվել են:
Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից արձագանքել էին. «Ծրագրի գործարկման ժամանակացույցը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, սակայն հնարավորինս արագ գործարկման նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան»:
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»