Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 3 տարով սիմվոլիկ գումար տան ու ասեն՝ տեսեք մենք «Գոյ թատրոնին» օգնեցինք, դա ազնիվ չէ, նույնիսկ ծիծաղելի է. Սարգիս Արզումանյան

Հունվար 11,2025 10:55

«Գուցե այլ թատրոնների ձեռնտու կարող է լինել, բայց պրոֆեսիոնալ թատրոնին զրկել պետական, ազգային կարգավիճակից ու ընդամենը երեք տարով սիմվոլիկ գումար տան ու ասեն՝ տեսեք մենք «Գոյ թատրոնին» օգնեցինք, դա ազնիվ չէ, նույնիսկ ծիծաղելի է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ,  ռեժիսոր Սարգիս Արզումանյանը՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պնդումներին, թե Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագծի հաստատման պարագայում «Գոյ թատրոնի» նախկին աշխատակազմն ազատ է  մասնակցելու մրցույթին եւ եթե ստանան այդ աջակցությունը, կարող են գործել այդ աջակցության պայմաններով:

Սարգիս Արզումանյանի խոսքով՝  Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի առաջին շահառուն ի սկզբանե պետք է «Գոյ թատրոնը» լիներ. «Երբ բանակցում էինք ԿԳՄՍՆ նախարարության հետ այլընտրանքային իրավիճակի շուրջ, կոնկրետ պայմաններ կային մեր կողմից, որ «Գոյ թատրոնը» պետք է շարունակի գործել նույն տարածքում: Նախագիծը գրվեց, որը հետո դրվեց e-draft համակարգում, առաջին շահառուն պետք է լիներ «Գոյ թատրոնը»: Բայց բանակցություններին խառնվեց Վարդան Մկրտչյանն (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն` խմբ.) ու իր կամքը պարտադրեց նախարարությանը, արդյունքում ստացվեց, որ այդ տարածքը չպետք է տան «Գոյ թատրոնին»:

Ինչի համար մասնակցի «Գոյ թատրոնը»  մրցույթին որպես անկախ թատրոն, եթե թատրոնը դեռ լուծարված չէ: Որովհետեւ կա դատական գործ, դատաքննությամբ ապացուցված չէ, որ կառավարության որոշումը իրավական հիմք  է լուծարման կամ միացման համար: Այս փուլում մենք պայքարում  ենք վերականգնել թատրոնը որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Բացի այդ՝ անկախ թատրոններին երեք տարով են աջակցում: Գուցե որոշ թատրոնների աջակցեն նաեւ տարածքով, բայց այդ ամեն ինչը չի  տրվում անժամկետ կամ երկար ժամկետով ու մի անգամ կարող ես օգտվել: Դա խնդրի լուծում չէ բացարձակ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031