Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնևի համալսարանում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հարուստ մշակութային ժառանգությանը

Հունվար 11,2025 10:36

Հունվարի 9-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ժնևի համալսարանում մասնակցեց Հայագիտության միջազգային ընկերակցության 16-րդ գլխավոր համաժողովին:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց տարբեր աշխարհամասերից ժամանած և միջազգային առաջնակարգ համալսարններն ու լեզվագիտական հաստատությունները ներկայացնող շուրջ յոթ տասնյակ հայագետների մասնակցությամբ համաժողովի կարևորությունն ինչպես հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և հարստացման, այնպես էլ` միջմշակութային երկխոսության և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման առումով:

Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանն, իր բազմահազարամյա պատմության ընթացքում, տեղակայված լինելով Եվրոպան և Ասիան միմյանց կապող առևտրային ճանապարհների վրա՝ Միջագետքի, Իրանի, հունահռոմեական, բյուզանդական և արաբական աշխարհների խաչմերուկում, ոչ միայն կարողացել է պահպանել իր ինքնությունն ու քաղաքակրթական ինքնատիպությունը, այլև երկխոսել իրեն շրջապատող մշակույթների հետ:

Դեսպան Տոլմաջյանն ընգծեց, որ ներկայիս մարտահրավերների պարագայում, առավել քան երբևէ կարևորվում է ուսումնասիրել, հասկանալ և փոխանցել այն պատմությունը, մշակույթը և արժեքները, որոնք ձևավորել են հայ ժողովրդին և նպաստել նրա քաղաքակրթության կերտմանը։

«Ձեր գիտական ​​աշխատանքի, հետազոտությունների, ինչպես նաև ակադեմիական կապերի և փոխանակումների միջոցով, որոնց համար այս գիտաժողովն առաջարկում է բացառիկ շրջանակ, դուք կարևոր նպաստ եք բերում այս հավաքական հիշողության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը և գալիք սերունդներին նրա փոխանցմանը», – նշեց նա:

Դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման և էթնիկ զտման արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հարուստ մշակութային ժառանգությանը։ Ընդգծեց, որ նյութական մշակութային ժառանգությունից բացի, այսօր վտանգված է նաև ոչ նյութական ժառանգությունը՝ Արցախի բարբառը, երգերը, պարերը, ծեսերը և ավանդույթները:

Միևնույն ժամանակ, դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, չնայած դժվարին փորձություններին, հայ ժողովրդի՝ տոկունությունը պահպանելու, արարելու, ստեղծագործելու և առաջ ընթանալու աննկուն կամքն ու ոգին։

Ամփոփելով՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ժնևի և Լոզանի համալսարաններին՝ եռօրյա գիտաժողովի հյուրընկալման, Ժնևի համալսարանի հայագիության ամբիոնի ղեկավար և Հայագիտության միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալզոլարիին՝ կազմակերպական կարևոր ջանքերի, ինչպես նաև բոլոր բանախոսներին՝ Հայաստանի և նրա հարուստ մշակույթի, պատմության, գրական և լեզվական ժառանգության մասին գիտելիքների և ուսումնասիրությունների հարստացման գործում ունեցած արժեքավոր ավանդի համար: Նա առանձնահատուկ արժևորեց նաև միջազգային հայագիտական կենտրոնների՝ հայաստանյան գիտական, ակադեմիական և մշակութային հարստությունների հետ հաստատված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով նաև դրա կարևորությունը մեր ժողովուրդների և երկրների միջև միջմշակութային կապերի ամրապնդման գործում:

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031