Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն կենսաթոշակի, պարենային զամբյուղի հարաբերակցության, հետվճարի մասով պաշտոնյաների պնդումները մանիպուլյատիվ են, ոչ լիարժեք․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունվար 11,2025 10:14
Toshak

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով 2022 թ․ հուլիսից մեկնարկած հետվճարի ծրագրի արդյունքները, ասաց.

«2024 թ. նոյեմբերի դրությամբ ունենք  շուրջ 278,000 շահառու, և ակնկալվում է, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300,000-ի շեմը: Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15.2 մլրդ դրամ հետվճար: 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4.190 դրամ հետվճար»։

Արձագանքելով նախարարին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետվճարի ծրագիրը համարեց հաջողված, ապա նշեց. «…Հիմա մենք 4.000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Ու երբ որ մենք գնում ենք Ազգային ժողով կամ ուրիշ տեղ հարցազրույց են տալիս, ասում են՝ տենց էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակը ավելանում է, ժողովուրդ ջան… 7 տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, ասեն՝ թոշակը չեն բարձրացրել…»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2018-ից հետո գրանցված՝ կենսաթոշակի բարձրացման ու հետվճարի ծրագրից օգտվողների թվերի աճի տենդենցները:

Հետվճարի մասին

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե քանի՞ քաղաքացի է Հայաստանում կենսաթոշակ/նպաստ ստանում և քարտապան լինելու պարագայում կարող է օգտվել հետվճարի ծրագրից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) մեր հարցին ի պատասխան նշեցին, որ ներկայումս Հայաստանում 575,000 քաղաքացի քարտային եղանակով նպաստ կամ կենսաթոշակ է ստանում: Թե քանի՞սն են առանց քարտի ստացողները, նախարարությունից խոստացան պատասխանել գրավոր հարցմամբ դիմելու պարագայում:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ թոշակառուների ու նպաստառուների մասով հետևյալ  թիվն էր հնչեցրել.

«ՀՀ-ում կա 754,431 չաշխատող թոշակառու և նպաստառու, այս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ…»:

ԱՍՀ նախարարության տվյալները հիմք ընդունելու պարագայում ստացվում է, որ կառավարության կողմից իրականացվող 12% հետվճարի ծրագիրը տարածվում է քարտով կենսաթոշակ/նպաստ ստացողների 48%-ի վրա:

Վարչապետի հնչեցրած թիվը հիմք ընդունելու պարագայում ծրագրի շահառուների թիվը  շատ ավելի ցածր կլինի՝ 36.8%:

Այսպիսով, վարչապետի պնդումը՝ կառավարման 7 տարում 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու մասով, թերի է ու ոչ լիարժեք:

Հարկ է նշել նաև, որ 5 բարձրացումներից 2-ի պարագայում դա վերաբերել է թիրախային խմբի մի փոքր մասին միայն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե հետվճարի ծրագրի ներդրմամբ կառավարությունը քաղաքացիների թոշակները բարձրացնում է, ապա ամենաթարմ տվյալներով դա վերաբերում է պոտենցիալ շահառուների 36-48 %-ին միայն, ինչը նշանակում է, որ կենսաթոշակառուների ու նպաստառուների կեսից ավելին վերջին 1.5 տարվա ընթացքում ստացվող կենսաթոշակի ու նպաստի գումարի մասով որևէ ավելացում չի ունեցել:

Նվազագույն կենսաթոշակի ու պարենային զամբյուղի հարաբերակցության մասին 

«Վիճակագրական կոմիտեի 3-րդ եռամսյակի հրապարակած տվյալներով պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 31,053 դրամ է, իսկ մեր արդեն իսկ բարձրացրած կենսաթոշակի չափը գերազանցում է 15.9 %-ով»,- հունվարին 9-ի նույն նիստում նշել էր Նարեկ Մկրտչյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները՝ պարենային զամբյուղի մասով: Պարզվել է, որ կոմիտեն տարբեր մեթոդաբանությամբ երկու վիճակագրություն է վարում:

Առաջին տարբերակով պարենային զամբյուղը հաշվարկված է «Արմստատի» կողմից՝ համաձայն Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի: Այս մեթոդաբանությամբ պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմում է 40,826 դրամ:

Երկրորդ տարբերակով պարենային զամբյուղը հաշվարկված է Համաշխարհային բանկի  մեթոդաբանությամբ՝ ըստ 2019 թ.-ին «Արմստատի» կողմից 5184 մասնավոր տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով փաստացի սպառման հիման վրա ձևավորված սպառողական զամբյուղի արժեքի:

Եվ եթե առաջին դեպքում պարենային զամբյուղը հաշվարկված է մեկ ցուցանիշով՝ 1 անձի հաշվով, ապա երկրորդ տարբերակում պարենային զամբյուղը հաշվարկված է մեկ շնչի և մեկ մեծահասակի հաշվով՝ համապատասխանաբար 31,053 և 34,580 դրամի չափով:

Նարեկ Մկրտչյանը կոմիտեի կողմից հրապարակած թվերից հնչեցրել է գումարային ամենացածր ցուցանիշը: Ներկայումս գործող նվազագույն կենսաթոշակի (36,000) և  ամենացածր ցուցանիշով պարենային զամբյուղի արժեքի (31,053) համադրության պարագայում կենսաթոշակի գերազանցումը պարենային զամբյուղի նկատմամբ իսկապես կազմում է 15.9%: Մեկ մեծահասակի հաշվով նախատեսված պարենային զամբյուղի՝  34,580 դրամի պարագայում, սակայն, աճն ընդամենը 4.1% է, իսկ Առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանությամբ հաշվարկված 40,826 դրամի պարագայում  նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղից պակաս է 11.9 %-ով:

Այսպիսով, Ն. Մկրտչյանի պնդումը նվազագույն կենսաթոշակի ու պարենային զամբյուղի հարաբերակցության մասով մանիպուլյատիվ է:

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031