Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԳՆ նախարարը պիտի բացատրություն տա, իսկ ոստիկանությունը թող մտածի՝ ինչ ապաշնորհ ծառայություն է իրականացնում, որ կարողանում ենք կանխատեսել նրանց բոլոր գործողությունները»․ Արսեն Բաբայան

Հունվար 10,2025 23:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ձերբակալության այս նույն ձեռագրով դեպքն արդեն չորրորդն է։ Փաստորեն նույն մարդկանց, նույն ավտոմեքենայում գտնվող մարդկանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ։ Սա ծիծաղելի էր մի որոշ ժամանակ, այսօր արդեն վտանգավոր երևույթ է դարձել»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իր և իր ընկերների ձերբակալությանը։

Հիշեցնենք՝ փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր․ «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում»։

Դրանից շուրջ 40 րոպե անց նա նորից ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

 

Արսեն Բաբայանը հիշեցրեց՝ ապօրինի զենքի կասկածանքով բազմաթիվ այլ քաղաքացիների էլ են բերման ենթարկել տարբեր առիթներով․ «Իրականում ՆԳՆ-ի ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնի։ Կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն մեր կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», և հայտնի էր՝ 7-րդ վարչության, քրեական ոստիկանության միջոցով իրականացվում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա կեսօրից գիտեինք և նրանց շարժը հսկում էինք։ Ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեին այդ ձերբակալությունը, որն իրականացրին։ Երբ ես մեքենայում էի, որն այսօր տեղափոխել են ոստիկանության բաժին, որը ներկայացրել է ոստիկանությունն իր աղբյուրներով, ես այդ մեքենայում էի հենց դրա համար, որովհետև լավ գիտեի, որ այդ մեքենան պետք է տեղափոխեն և մեքենայում եղած անձանց պետք է ձերբակալեն։ Ոստիկանությանը մի գեղեցիկ անակնկալի բերեցինք, երբ նրանք տեսան ձերբակալման պահին, որ ես էլ եմ գտնվում մեքենայում։ Երբ ես խնդրեցի ասել, թե ինչ հիմքով եք ինձ ձերբակալում, ասացին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Նրանք նստեցրին ինձ մեքենա և տեղափոխեցին մինչև քրեական ոստիկանության Երևանի բաժին։ Երբ գրառում կատարեցի, հավանաբար օպերացիան իրականացնողը զանգ ստացավ, և երբ հասանք քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժանում, ինձ դռան մոտ հայտնեցին, որ ինձ իբր չեն ձերբակալել։ Այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ ինձ տեղափոխում էին ոստիկանության բաժին, ես եղել եմ փաստացի ձերբակալվածի կարգավիճակում»։

Արսեն Բաբայանը փաստեց՝ ՀՀ-ում գործում է մասնավոր պահնորդական ծառայության մասին օրենք․ «Այս օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր անձ, որը գտնվում է այս ծառայության տակ, իրավունք ունի ունենալու իր անվտանգությունն ապահովող աշխատակիցներ։ Լիցենզավորված ծառայություն է։ Այդ լիցենզիան տրամադրում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, հատուկ լիցենզավորումը ենթադրում է ոստիկանության հետ համագործակցություն։ Օրենքը նախատեսում է, որ որոշակի դեպքում ոստիկանությունը կարող է դիմել այս ծառայության աշխատակիցներին հանցագործության բացահայտման համար։ Այդ օրենքը նախատեսում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել մեքենա, որում կարող են լինել ոչ ավել, քան 3 անվտանգության աշխատակից։

Արդեն 4-րդ դեպքն է, որ ոստիկանությունը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության աշխատակիցներին կոշտ եղանակներով (վերջինը կոշտ չէր), ձերբակալում է և տեղափոխում քրեական ոստիկանության համապատասխան բաժին իբր ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքով։ Ինչ-որ մեկի ոչ առողջ գլխում մի միտք է ծնվել, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի այդ ծառայությունից։

Ակնհայտ է, որ սա ուղիղ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ, երբ ինչ-որ մի հիվանդ գլխում, որ ծնվել է այդ միտքը, որ Արթուրը Վանեցյանը չպետք է օգտվի այդ ծառայությունից, արդեն չորրորդ անգամ ոստիկանության աշխատակիցներին ստիպում է, որ այս ծառայության աշխատակիցներին, որոնք օրինական զենք կրելու իրավունք ունեն, շատ լավ գիտեն՝ այդ անձինք կարո՞ղ էին ունենալ ապօրինի զինամթերք, թե՝ ոչ և, բնականաբար, այս ամենը միտված է մի բանի, որ նրանք օրենքով թույլատրելի ծառայությունը ապօրինաբար արգելեն։

Այս ձերբակալությունը սպասելի էր մեզ համար։ Իրենց ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ հետևել ենք, մինչև ձերբակալության պահը մենք նկարահանել ենք և վաղը դրա վերաբերյալ կունենանք մի շատ հետաքրքիր վավերագրական տեսաֆիլմ։

Երրորդ անգամ, երբ ձերբակալեցին, մենք պաշտոնական խողովակներով դիմել ենք բոլոր պետական մարմիններին, նրանց ղեկավարներին, բացատրել, որ դուք օրենք եք խախտում։ Այս ծառայությունը արգելել չեք կարող։ Որպես իրական պատճառ այս ձերբակալությունների՝ ոստիկանությունը մեզ միշտ տեղեկացրել է՝ իրենց նպատակն է, որ երկրորդ մեքենա Արթուր Վանեցյանի հետևից չգնա։ Մենք էլ միշտ բացատրել ենք, որ օրենքով նախատեսված լիցենզավորված գործունեություն է, անձը իրավունք ունի ընտրելու անհրաժեշտությունը։ Մենք գնահատել ենք, որ կա դրա անհրաժեշտությունը»։

Արսեն Բաբայանը նշեց, որ առնվազն ՆԳՆ նախարարն այս առնչությամբ պիտի տա բացատրություն․ «Իսկ ոստիկանությունը թող մտածի, թե ինչ ապաշնորհ ծառայություն է ինքն իրականացնում, որ կարողանում ենք կանխատեսել նրանց բոլոր գործողությունները, օպերատիվ հետախուզական գործողությունները և գլխներին բերել այն օյինը, որը բերեցինք այսօր։ Վաղը դրա մասին կլինի համապատասխան տեսագրությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031