Սպիտակ տուն վերադարձից 10 օր առաջ նյույորքյան դատարանը հունվարի 10-ին Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պատժատեսակ սահմանեց հանցագործության մասին նշումը նրա անձնական գործերում։
Դեռ նախորդ տարվա մայիսին երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր էին ճանաչել առաջադրված բոլոր 34 դրվագներով, որոնցից ամենաաղմկահարույցը 2016 թվականի նախագահական, Թրամփի համար հաղթական, ընտրությանն ընդառաջ իր և իր կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի կեղծումն է։ Դրա նպատակն էր՝ գումարային փոխանցումներ կազմակերպել Թրամփի հետ ենթադրաբար ինտիմ կապ ունեցած պոռնոաստղ Սթորմի Դենիելսի համար, որպեսզի նա լռի։
Պաշտպանական կողմի խնդրանքով, պատժատեսակի սահմանման վճիռը երկու անգամ հետաձգվել էր։
ԱՄՆ նախկին առաջնորդը դատական եզրափակիչ նիստին մասնակցում էր հեռավար՝ Ֆլորիդայի իր առանձնատնից։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ այն համարելով քաղաքական հետապնդում։
Կարդացեք նաև
Ի պատասխան դատարանի վճռի՝ Թրամփն իր իսկ ստեղծած Truth սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ «ծայրահեղական դեմոկրատներին» մեղադրելով իր դեմ «բացարձակ անհիմն, անօրինական և կեղծ մեղադրանքներ» առաջադրելու համար։
«Իրական երդվյալ ատենակալները՝ ամերիկացի ժողովուրդը, արտահայտել է իր ձայնը՝ ինձ վերընտրելով և հզոր մանդատ տրամադրելով մեր պատմության ամենաշրջադարձային ընտրության ժամանակ… այսօր կատարվածը ատելի կեղծիք է, և քանի որ այն արդեն ավարտված է, մենք կբողոքարկենք այս ձեռառնոցին․․․», – տեղեկացրել է ԱՄՆ 45-րդ նախագահը։
Նախագահ Թրամփին սպառնում էր տուգանք, փորձաշրջան կամ մինչև չորս տարվա ազատազրկում։
Ավելի վաղ, սակայն, գործը քննող դատավոր Խուան Միքամը շեշտել էր, որ թեև բոլորը հավասար են օրենքի առջև և երդվյալ ատենակալների դիրքորոշումը պետք է պահպանվի, «նախագահը պետք է պաշտպանի ազգի շահերը, առանց կաշկանդող դատական ընթացակարգերի»՝ հստակ նշելով, որ որպես պատիժ սահմանելու է հանցագործության մասին նշումը ամբաստանյալի անձնական գործերում։
Դոնալդ Թրամփը ամերիկյան պատմության մեջ առաջինը կլինի, որը պաշտոնապես հանցագործ ճանաչվելով հանդերձ՝ ստանձնում է նախագահի պաշտոնը։
Այսօրվա դատական նիստի ձայնագրությունը
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ