Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինի զենքի կասկածով ձերբակալելը դարձել է մարդկանց ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»․ Ռուբեն Մելիքյան

Հունվար 10,2025 19:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արսեն Բաբայանի ձերբակալությունն առիթ է, որ խոսենք այն խայտառակության մասին, որը կոչվում է ապօրինի զենքի կասկածով մարդուն ձերբակալել, որը խայտառակ ծավալների է հասել ՀՀ-ում, դարձել է մարդկանց մի քանի ժամով նյարդայնացնելու, ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր․ «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում»։

Դրանից շուրջ 40 րոպե անց նա նորից ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այժմ Արսեն Բաբայանը ոստիկանության բաժնում է՝ արդեն որպես փաստաբան ընկերներին իրավական օգնություն տրամադրելու նպատակով։ Այնուհետև ահազանգեց՝ «զենքի կասկած» կոչվածը դառնում է արդեն լուրջ խնդիր․ «Անընդհատ մենք տեսնում ենք, որ մարդկանց բռնում են, անունը դնում զենքի կասկած։ Բնականաբար, զենք չեն հայտնաբերում, մարդկանց բաց են թողնում, նրանք էլ ասում են՝ հավես չկա, մի հատ էլ այս հարցի հետևից չընկնենք։ Հետո էլ, որ դատարան ես դիմում, դատարանն էլ ասում է՝ օպերատիվ տեղեկություններ են եղել և այլն։ Սա ուղղակի աբսուրդ է։ Մատից հոտ քաշելով լուր տարածվեց՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն ենք կնքում տասն օրվա մեջ, բայց ասենք ԱՄՆ-ում տե՞նց են անում։ ԱՄՆ-ում թող մի ոստիկան փորձի զենքի կասկածով բռնել քաղաքացուն, պարզվի, որ կասկածը իրականությանը չէր համապատասխանում, չեք պատկերացնի՝ ինչ մեծ խնդիր կլինի։ Եթե չդատվի, առնվազն կարիերայի հերը կանիծվի։ Դու որտեղի՞ց ես իմացել, որ այս մարդը զենք ունի։ Սա ուղղակի այլանդակություն է։ Տասնյակ նման դեպքեր են եղել։ Հետաքրիր զուգադիպությամբ դրանք սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ արդեն իշխող քաղաքական ուժը զգում է, որ մարդկանց տրամադրություններն այնպիսին են, որ գնալով մեծանում է փողոցային պայքարի պահանջարկը։ Մարդիկ էլ չեն դիմանում, ուզում են փողոցային պայքարի միջոցով ինչ-որ բան լուծել այս երկրում։ Արսենին տեսնում եք, ճանաչում եք․ Արսենն՝ ո՞ւր, ապօրինի զենքն՝ ո՞ւր․ աբսուրդ է։ Այն ոստիկանության ծառայողները, որոնք թեկուզ 10, 20 րոպեով ազատությունից զրկել են անձին, այդ մարդիկ պատասխանատվության պետք է ենթարկվեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031