«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում, խոսելով Հայաստանի հասցեին Ալիեւի հնչեցրած սպառնալիքների, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների եւ այդ ֆոնին Հայաստանի ղեկավարության ոչ համարժեք պահվածքի մասին, ասաց. «Կանխատեսելի էր, որ COP 29-ի ավարտից հետո Ադրբեջանն ավելի կարծր դիրքորոշում է ունենալու: Ալիեւն ինչ ասել է, նորություն չէ: Ուղղակի մեր քաղաքական համակարգն է ոչ ադեկվատ: Եվ մենք երբեմն անտեսում ենք Ադրբեջանի պաշտոնյաներից հնչող մեսիջները: 2024 թվականի սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, որ հաճախ արտաքին քաղաքական հարցերում նույնիսկ Բայրամովից ավելի ազդեցիկ է, հարցազրույց էր տվել միջազգային լրատվամիջոցներին, որտեղ ասել էր, թե Հայաստանի հետ պիտի վարվել այնպես, ինչպես ֆաշիստական Գերմանիայի հետ վարվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մասնավորապես, խոսել էր այն մասին, որ մեր զինված ուժերը պետք է լինեն արտաքին կառավարման ներքո: Պարզ է՝ ինչ նկատի ունի: Այդ նույն թեզը Ալիեւը մի քանի օր առաջ գեներացրեց՝ մեզ համարելով ֆաշիստական երկիր: Ակնհայտորեն սա պատերազմի անոնս էր եւ ազդարարում, որ իրենց որեւէ խաղաղության պայմանագիր պետք չէ: Ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստը ակնհայտորեն բարենպաստ է Ադրբեջանի համար:
Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխություն է: Եվ որքան էլ ինստիտուցիոնալ կայացած երկիր է, այնուամենայնիվ, որոշակի վակուում է առաջացնում: Ռուսաստանը ուկրաինական կամպանիայում խիստ զբաղված է: Բացի այդ, այսօրվա իշխանությունը հնարավոր ամեն ինչ արել է հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը ուժեղացնելու ուղղությամբ եւ դեմոտիվացրել է Մոսկվայի մեր գործընկերներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը սիրիական վերջին իրադարձություններից հետո բավականին վատ վիճակում է ռեպուտացիոն եւ ազդեցության առումով: Եվ դժվար է ակնկալել, որ միայնակ կարող է դիմակայել որոշակի խնդիրների, որոնք իր հյուսիսային սահմանում կարող են առաջանալ: Սրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ սիրիական կամպանիայից հետո մերձ Մերձավոր Արեւելքում, որի մասն ենք նաեւ մենք, թուրքական գործոնը խիստ ուժեղացել է: Ու չմոռանանք, որ մի քանի օր առաջ էլ Թրամփը քաջալերանքի խոսքեր էր ասում Էդրողանի հասցեին:
Վիճակը, կարծում եմ, շատ հստակ է դառնում: Մանավանդ, Ալիեւը իր պահանջները հնչեցնում է՝ կանխելու համար մի գործոնի էֆեկտ, որը մենք կարող ենք օգտագործել, չնայած, Հայաստանի իշխանությունը դա չէր էլ օգտագործելու: Հունվարի 17-ին Մոսկվայում, եթե ոչինչ չփոխվի, ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր է ստորագրվելու Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, ինչը, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լիներ, մեր մանեւրելու հնարավորությունը մեծացնելու էր:
Այս գործոնները ստիպել են, որպեսզի Ալիեւը իրեն ցինիկ, սանձարձակ պահի եւ պատեհ առիթն օգտագործի հնչեցնելու բոլոր ագրեսիվ, հեգնական, մեր ազգային ինքնասիրությունը նվաստացնող հայտարարությունները:
Կարդացեք նաև
Ես զարմանում եմ իշխանամերձ շրջանակների զարմանքի վրա: Երեկվանից ասում են, թե ներքին լսարանի համար էր Ալիեւը խոսում, եւ առանձնապես վախենալու բան չկա: Հակառակ պարագայում պետք է խոստովանեն, որ իրենց քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է: Չեմ բացառում, որ Ալիեւի խոսքը նաեւ իրենց ներքին լսարանին էր ուղղված, բայց դա առաջնային չէր 100 տոկոսով: Ալիեւն իր երկրի ներքին լսարանի հետ կապված խնդիր առանձնապես չունի:
Հայաստանի իշխանության երկրորդ ոչ ադեկվատ քայլը: Հենց երեկ վերցնում՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը հավանության են արժանացնում կառավարությունում, որը շուտով կգնա ԱԺ: Այսինքն, փոխանակ փորձեին հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնել, ընդհանրապես մի այնպիսի բան են անում, որ Ռուսաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները երեկվանից սկսում են մեզ արձագանքել:
Շատ կարեւոր բան ասեմ: Անընդհատ ասում էին, չէ՞, թե ստրատեգիական դիրքորոշում ենք փոխում, որպեսզի Արեւմուտքը մեզ աջակցի: Հազար անգամ այս միֆի սնանկության մասին ես խոսել եմ, բայց հիմա շատ ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ասած այս թեզը պաշտպանի ու բոլորիս ասի, որ մենք ենք սխալվել: Հանուն երկրի եմ ուզում:
Առաջին քայլ: Պարոն Փաշինյան, շատ հրաշալի առիթ է: Հիմա Բայդենին, Թրամփին կամ Մակրոնին ասա, որ մենք կանգնած ենք արտաքին ներխուժման վտանգի առաջ: Ձեր ռազմական միջամտությունն է մեզ պետք: Բա, ստրատեգիական կողմնորոշումը եթե փոխում ես, դրա համար ես փոխում, չէ՞, որ քո նախկին գործընկերները կամ դաշնակիցները քեզ չեն աջակցել: Ու այս նորերը պատրաստ են աջակցել: Խնդրեմ:
Փաշինյանը թող առաջիկա մեր-երկու օրերին ուղերձով դիմի ժողովրդին ու դիմի այդ պետությունների առաջին դեմքերին: Տեսնենք՝ ֆրանսիական լեգիոնը կամ ԱՄՆ շատ արագ արձագանքման ուժերը կգա՞ն Հայաստան՝ պաշտպանելու մեզ թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայից: Դիմիր, մեծ-մեծ խոսում եք, Արեւմուտքի ամենասիրված գործիչներն եք: Ինձ շատ հետաքրքիր կլինի տեսնել՝ ոնց է ֆրանսիական լեգիոնը կռվում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի դեմ:
Երկրորդ քայլ, որը ռացիոնալ է եւ իմ առաջարկն է: Վերադառնալ նոյեմբերի 9-ի համատեքստ: Միակ զսպող գործոնը դա կարող է լինել: Գումարած, որ Ռուսաստանն ու Իրանն էլ ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր են կնքելու: Եթե այս երկու քայլից որեւէ մեկը Փաշինյանը չի անում, ուրեմն հերթական անգամ, որպեսզի իրեն դավաճան չասեն, սպասում է իրադարձությունների զարգացմանը: Այս դեպքում իրադարձությունը կարող է լինել պատերազմը: Ավելի պարզ ասեմ. պատերազմաստեղծ միակ գործոնը հենց կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում եղած խնդիրներն են: Այլ կերպ ասած՝ «Զանգեզուրի միջանցքը»: Եթե այդ հարցում քաղաքական լուծումներ չեն գտնվում, դա բերելու է պատերազմի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ