Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնես Վազգենին հանձնարարե՞լ է՝ այլեւս շինծու մեղադրանքներով քաղբանտարկյալներ չսարքել ժողովրդավարության բաստիոնում»

Հունվար 10,2025 17:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: Նրա աշխատանքային գործունեության մեջ նշված է, որ 2015-2020թթ.-ին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ: Եվ նրա կենսագրության այս հատվածի առնչությամբ դժգոհությունները բարձրաձայնել են որոշ գործիչներ:

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում այս նշանակմանն այսպես է արձագանքել. «Բայց եթե մեզ ապօրինի բռնադատած դատավորներին ԱԺ-ը ու ԲԴԽ-ն պաշտոնեական առաջխաղացում է ապահովում (մեկն էլ, ի դեպ, հենց իրեն բռնադատած Մացոյին)՝ անարդար կլինի մեր դեմ գործ սարքած քննիչներին անտեսելը…

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ ֆեյսբուքյան էջում հարցրել է. «Տեսնես Վազգենին հանձնարարե՞լ է՝ այլեւս շինծու մեղադրանքներով քաղբանտարկյալներ չսարքել ժողովրդավարության բաստիոնում»:

Հիշեցվել է 2019-ի հուլիսի 13-ի գրառումը, որում շարադրված են 2018-ի ապրիլի 21-ին Լեւոն Բարսեղյանի ձերբակալությունը, երբ իրեն Բաղրամյան պողոտայում կատարվածից հետո տարել էին Հատուկ քննչական ծառայություն՝ Վազգեն Ավետիսյանի մոտ. «Պարոն Ավետիսյանը համբերատար կերպով ու անհուն քաղաքավարությամբ սկսեց բացատրել, որ ես զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու գործով կասկածյալ եմ: Դա միակ ընդհանուր գործն էր, որով անցնելու էին երեւի մի հիսուն հոգի: Հարցրեցինք՝ ինչու, թե բա գործում մանրամասն կա նկարագրած, երկար-բարակ զրույցից հետո ասաց, որ առայժմ ազատ է արձակում ստորագրությամբ՝ շատ հեռու չգնալու մասին: Ելանք կեսգիշերին: Հաջորդ օրը Նիկոլ-Սերժիկ բանակցություններն էին Մարիոտում նշանակված: Հաջորդ օրը Արցախի պողոտայում բռնեցին տարան Շենգավիթի ոստիկանատուն, հետո, երեկոյան բերեցին նույն մեծարգո պարոնի մոտ: Մարդը քաղաքավարությամբ եւ փաղաքշանքով բացատեց.-Ձեր կարգավիճակն արդեն փոխվել է, Դուք արդեն մեղադրյալ եք այդ գործով,- աչքալուսանքի պես հնչեց, եւ, միջնորդում է դատարանին, որ ինձ կալանավորեն երկու ամսով»:

Մեղադրանքների դրվագներն էին. «Գործողություն 1.

Լեւոն Բարսեղյանը քաշքշել է ոստիկանի մահակը, փորձելով այն խլել ոստիկանի ձեռքից, վայրկյանը նշված է: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել տեսագրության մեջ՝ տեսնենք, ես նման բան չէի հիշում, կարծեցի, թե արել եմ նման բան, մարդ ես, կարող է ծեծում էին, ես էլ մահակը բռնել եմ: Նշված վայրկյանը բացում են տեսագրության մեջ: Երբ Նիկոլը փորձում է անցնել պատնեշն այն կողմ, ոստիկանները գեներալիսիմուսի հրամանով վրա են գալիս, մեր եւ ոստիկանների արանքում երկաթե պատնեշներ կային, ես դրանցից մոտ 2-3 մետր ետ էի, այդ պատնեշները երկուստեք օդ են հանում առաջին շարքերում կանգնածները եւ քանի որ ոստիկանների թափն սկզբում մեծ էր, այդ պատնեշները գալիս են ցուցարարների վրա, պատնեշներն էլ հորիզոնադիր ոտնակներ ունեին, դրանցից մեկի ոտը քանի գնում, գալիս է գլխիս ուղղությամբ, մի 3 վայրկյան բռնում եմ այդ պատնեշի ոտնակը, ու, երբ ետ է գնում պատնեշը, որը բոլորի գլխավերեւին է, ես թողնում եմ ոտնակը: Իրենց նշած վայրկյանը համընկնում է ոտնակը բռնելուս վայրկյանների հետ: Հարցնում ենք՝ ո՞ւր է ոստիկանի մահակը: Ինքն ու իր ենթակաները ետուառաջ են անում տեսագրությունը, տեսնում են, որ ես ոչ մի ոստիկանի մահակ չեմ բռնել ու, մանավանդ, քաշքշել: «Երեւի սխալվել ենք», մրթմրթում են:

Գործողություն 2.

Լեւոն Բարսեղյանը քարեր է նետել ոստիկանների վրա: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել տեսագրության մեջ՝ տեսնենք, ես նման բան չէի հիշում: Նշված վայրկյանը բացում են տեսագրության մեջ: Եվ պարզվում է, որ այստեղ առաջին պարբերության մեջ նկարագրածս դրվագն է, օպերատորը մարդավարի նկարել է. բոյով մեկ երեւում ենք, մինուս 12-ից պլուս 12 տեսողությամբ մարդը կարող էր զանազանել, որ ես կողքիս ջահելի ձեռից օդում որսում եմ աղյուսը, դնում եմ պարսպին՝ ոտներիս տակ: Իրենց նշած վայրկյանը համընկնում է աղյուսը խլելու եւ ոտներիս տակ դնելու վայրկյանի հետ: Հարցնում ենք՝ ո՞ւր է իմ քար կամ աղյուս նետելու դրվագը: Ինքն ու իր ենթակաները ետուառաջ են անում տեսագրությունը, տեսնում են, որ ես ոչ մի քար չեմ նետում: «Երեւի սխալվել ենք», մրթմրթում են:

Գործողություն 3.

Լեւոն Բարսեղյանը հրել է ոստիկանական պատնեշը, ինչը զանգվածային անկարգություն է: Խնդրում ենք այդ վայրկյանը բացել, սիրտս լավ բան է գուշակում: Բացում են, իսկապես, ոստիկանների առաջին շարքերը սաղավարտավոր, մահակավոր եւ վահանավոր, գրոհում են ցուցարարներին ու ես շատ ուրիշների պես ձեռներս դեմ արած երկու ոստիկանների երկու վահաններին, հրում եմ, առնվազն պահում եմ, որ առաջ չկան: Վազգեն Ավետիսյանն ուրախանում է, «ահա՝ տեսա՞ք, որ այստեղ չենք սխալվել» իմաստով: Ասում եմ՝ իրավացի եք, բայց շարունակությունը նայե՞լ եք: Թե բա՝ ինչ կա՞ որ, ասում եմ՝ դե նայած պտի լինեք, Ձեզ հետաքրքիր չէ՞ ինչ է լինում հետո: Բա թե՝ նայենք, 5 վայրկյան հրում եմ, հետո կռանում եմ, տեսադաշտում չկամ, հետո մեկ էլ պարզ երեւում է, որ կանգնում եմ՝ հետս սաղավարտավոր մի ոստիկան: Բացատրում եմ, որ ոստիկանական պատնեշը գետնով էր տվել իր շարքերից մեկին, կամ ընկել էր մարդը, ու քանի որ ծանրաշարժ էր, չէր կարողանում ինքնուրույն ելնել էդ հրմշտոցի մեջ, ու ես տեսա, որ իրենց գործընկերոջ վրայով են առաջ գալիս ոստիկանները, իրենք էլ չնկատելով, որովհետեւ սաղավարտը, զրահաբաճկոնն ու վահանը քթի տակի տեսադաշտը շատ լուրջ էին փակում, իսկապես չէին տեսել, որ ելել են իրենց ընկերոջ վրա, ու այդ հարայհրոցի մեջ դա շատ բնական էր: Ես դա դեպքի վայրից հիշում էի, որ ահագին ջանք դնելով հրեցի ոստիկաններին, կռացա, հանեցի ընկած ոստիկանին ու բառացիորեն տվեցի իրենց, երեւի փրկվեց, կամ կարող է բան էլ չլիներ, անցնեին-դառնային վրայով ու ողջ մնար: Ինքն ինձ պիտի որ հիշի, կլիներ մի 60 կիլոյանոց բարակ տղա: Հարցնում եմ՝ տեսա՞ք պարոն քննիչ: Թե բա տեսա: Բա ինչու մինչեւ վերջ չէիք նայել …

Գործողություն 4.

Լեւոն Բարսեղյանը մեկ այլ տեսագրության մեջ, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալիս ասել է.«Ժողովուրդ, պատրաստ եղեք դիմակայության, պատրաստ եղեք կռվի, պայքարի եւ անձնազոհության»: Ասել էի իսկապես: Սա ՀՔԾ Վազգեն Ավետիսյանը մեկնաբանել է որպես զանգվածային անկարգությունների կազմակերպում, մանավանդ կառչել է «կռիվ» բառից»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս հիմքերով կալանավորել էր Լեւոն Բարսեղյանին, սակայն երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել՝ «Նույն օրը կեսգիշերին Նուբարաշենի բանտ է գալիս ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ավետիսյանը, բերում է մեր ազատականները, ստորագրել է տալիս, որ հեռու չենք գնալու եւ մեզ բանտից ազատում են: Շատ խոցված էր եւ տխուր եւ վշտացած էր կարելի է ասել, սրտին բահով խփեիր՝ արյուն չէր գա: Բոլորին աչքալուսանք եմ տալիս, իրեն ցավակցում եմ, քթի տակ ասում է «հա», ես չեմ հասկանում էդ ինչ է նշանակում, ու հրաժեշտ ենք տալիս»:

Լեւոն Բարսեղյանը 2019-ին գրել էր, «Այս հերոսը դեռ աշխատում է ՀՔԾ-ում, երեւակայել կարելի է միայն, թե ինչ գործեր է քննում հիմա, ում վրա է կեղծ մեղադրանքներ շարում, ում է ղրկում դատարան կալանքի: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե որեւէ մեկն ասի՝ Վազգեն ջան, դու ուշիմ մարդ ես, ընդունակ ես, մի հատ գործ սարքիր էսինչի վրա, կանի՞, թե՞ չի անի: Կարող է՞ ասի, այլեւս երբեք, մենք արդեն նոր Հայաստանում ենք ապրում, ՀՔԾ աշխատողին վայել չէ նման բաներ անելը … Չխնդաք: Նույնիսկ չքմծիծաղեք: Ուշադրություն դարձրեք. խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալը գործ էր սարքում կեղծ ապացույցներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031