Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի գերատեսչություն, ոչ մի բան չի անում, մեզ ասում էին՝ դուք ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք, մտածեք ձեր երեխաների մասին»․ անհայտ կորած Գոռ Մովսիսյանի ծնողներ

Հունվար 10,2025 15:16

«Գիտեք՝ շատ լավ է, երբ քեզ շրջապատող բոլոր մարդիկ լավ են ապրում և չունեն ոչ մի կարիք։ Բայց, ցավոք, մեր օրերում ապրող մարդկանց մեծ մասը կարիքավոր են։ Վատ է, երբ այդպիսի մարդկանց չեն նկատում։ Ես նույնպես սիրում եմ օգնել կարիքավոր մարդկանց․․․»,- այս մտորումները Արմավիրի մարզի Դաշտ գյուղում բնակվող Մովսիսյանների կրտսեր որդին՝ Գոռ Մովսիսյանն է թողել իր նոթատետրում։ Ցավոք, Գոռն այսօր համարվում է անհայտ կորած, իսկ նրա նոթատետրը մայրը՝ Նորա Առաքելյանն է գտել իրենց տանը, երբ Գոռը ծառայության մեջ էր։

ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածներ և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում, երբ հյուրընկալվեցինք Մովսիսյանների ընտանիքին, առաջինը, որ Գոռի մայրը ցանկացավ ցույց տալ մեզ, հենց այդ նոթատետրն էր։ Նույն այս նոթատետրում Գոռը գրել է․ «Հայ կինը աշխարհի բոլոր կանանցից ամենաուժեղն է, պատերազմ ու կորուստ տեսած կինը չի կարող ուժեղ չլինել»:

2019 թվականին Գոռ Մովսիսյանը՝ Մովսիսյանների կրտսեր որդին, որի դեմքին միշտ ժպիտ է, ծառայության անցավ Արցախի Ջրականի զորամասում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նա գրեթե 1,5 տարվա ծառայող էր, ծառայել է մեծ պատասխանատվությամբ, գոհ է եղել ծառայությունից։ Ծնողները պատմում են՝ նրա նպատակն էր ծառայությունից հետո վերադառնալն ու իր բիզնեսը ստեղծելը։

Տիկին Նորան չթաքցրեց՝ զինվոր, բանակ խոսքերը լսում է, թուլանում է։ Մովսիսյանների ընտանիքը թե ինչ դժոխային օրեր է ապրել, միայն իրենք գիտեն։ Անգամ հեռուստացույցի ձայն նրանց ընտանիքում միայն վերջերս է լսվել։ Մովսիսյանները չեն մասնակցում ոչ մի խնջույքի, ոչ մի արարողության։ Տիկին Նորան ասաց․ «Ամեն բջիջով այս չորս- հինգ տարին զգացինք․․․Մեր ղեկավարությունը ներկայացնող առաջին դեմքերն իրենց այնպես են պահում, այնպիսի բաներ են հրապարակում, որ ես չեմ հասկանում։ Բոլորս ունենք կարգավիճակ, և ամեն մեկն իր կարգավիճակին հարմար իրեն պիտի պահի։ Լույսը բացվում է, մտածում եմ՝ էրեխեքի այսքան թափած արյամբ պահած հողը հանձնեցին, իսկ Ալիևն ի՞նչ է անում այսօր, այսքան երեխա ի՞նչ ճակատագրի արժանացան, բայց մարդիկ կան, որ իրենց այնպես են պահում՝ կարծես ոչինչ իրենց հետ չի եղել։ Իրենք մոռանում են, թե ինչ ընտանիքներ կան, ինչի համար իրենք հասան այս օրվան։ Ամբողջ ազգն իրենց է նայում։ Սա անտանելի հարված էր, չգիտեմ՝ ով ոնց դուրս կգա այս ամենից»։

Գոռի հայրը՝ Նորայր Մովսիսյանը կարծում է՝ այս ամենը երևի հատուկ քաղաքականություն է, որը մենք չենք հասկանա․ «Այս չորս տարիների ընթացքում, երբ մենք բորբոքվում էինք, միանգամից մեզ հանգստացնում էին․ վարչապետի տեղակալի մոտ հավաքվում էինք, ինչ-որ բաներ էին խոստանում, հետո սառում էր։ Հասնում էինք տուն, երկու օր մնում էր՝ էլի նույն պատմությունը։ Գերատեսչություններից ի՞նչ սպասենք։ Այսօրվա իմ միակ խնդիրն ու նպատակն այն է, որ մի գերի գա, բայց էրեխեքից գա։ Ինչի՞ չի գալիս, չենք հասկանում»։

Հետաքրքրվեցինք՝ ձեզ՝ ծնողներիդ ներկայացնո՞ւմ են, թե ինչ աշխատանք են տանում պետական մարմինները, ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը, Նորայր Մովսիսյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Մեզ էլ են ասում՝ մենք աշխատանք ենք տանում։ Շատ անգամներ եմ եղել վարչապետի մոտ, առաջին-երկրորդ տարիներին ընդունում էր, երրորդ տարուց սկսեց դժվարանալ իր մոտ մտնելը։ Սկզբում երևի ամիսը երկու անգամ մոտը մտնում էինք, բայց ոչ մի դրական բան չէր ասում։ Ոչ մի գերատեսչություն, ոչ մի բան չի անում»։

Այս առիթով տիկին Նորան հիշեց, թե մի անգամ իրեն ինչպես են արձագանքել պետական մարմիններից՝ ասելով, թե դեռ 90-ականներից ունենք անհայտ կորածներ․ «Ասում էին՝ դուք ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք, մտածեք ձեր երեխաների մասին։ Ախր ընտանիքներ կան, որ իրենց մինուճարին են կորցրել, իրենք պատկերացնո՞ւմ են դա։ Իմ էրեխեն հող է պահել։ Այսօր ինձ միայն իմ երկու որդիներն են ուժ և հույս տալիս և այն, որ մարդիկ հիշում են՝ կան այսպիսի ընտանիքներ, հաշվի են առնում մեր կարգավիճակը, մեր էրեխին, մեր ցավը»։

Aravot.am-ի հարցին՝ իրավական առումո՞վ ինչ ակնկալիքներ ունեք, Նորայր Մովսիսյանը պատասխանեց․ «Սիրանույշ Սահակյանը կանգնում է մեր կողքին, բարձրաձայնում է այս խնդիրները։ Բայց ինչքան էլ ուզում է բարձրաձայնեն, մեզ պետք է, որ գոնե մեկ երեխա գա, եթե նրանց մեջ գոնե մի 19 տարեկան երեխա լինի, մենք կիմանանք՝ ինչ, ոնց է եղել։ Ուղղակի կարող է իրենց ձեռք չի տալիս, որ էդ տարիքի էրեխեքից վերադառնան»։

«Ասացի՝ էս մեկ օրը, եթե կարողանաս քեզ պահել, կգաս տուն։ Չեղավ»

Նորայր Մովսիսյանը Գոռի հետ վերջին անգամ զրուցել է հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ ժամը 08։30-ին․ «Էրեխեն զանգեց, խոսեցի, ասացի՝ Գոռս, էս մի օրը, հրադադարի օրն էր, եթե կարողանաս քեզ պահել, կգաս տուն։ Չեղավ»։

Գոռի հայրը, մեր այցելության օրը չկարողանալով զսպել հուզմունքը, պատմեց, որ որդին հոկտեմբերի 3-ին վիրավորվել է, սակայն մինչև հոկտեմբերի 10-ը կռիվ է տվել․ «Վիրավոր թևը բորբոքվել էր։ Ընկերներն ասում են՝ միայն հոկտեմբերի 10-ին, որ էլ արդեն չէր կարողանում, Գոռը վաշտի հրամանատարին ասել է, նա էլ դիմել է թիկունքի պետին, որ Գոռին իջեցնեն հոսպիտալ։ Որ ասում ենք՝ հոկտեմբերի 3-ից վիրավոր է եղել, ինչո՞ւ չէին իջեցնում, մեզ պատասխանում են՝ ինքը չի ուզել հոսպիտալ իջնել՝ ընկերների համար։ Ընկերներից մեկն էլ ասում էր՝ եթե Գոռն ուզեր, հիմա ձեր կողքին կլիներ․ մարդիկ երանի էին տալիս, որ վիրավորվեին, դիրքերից իջնեին, բայց նա չիջավ։ Ճանապարհին նահանջ է եղել․ թուրքական դիվերսիան դուրս է եկել իրենց դեմ։ Դա եղել է Վանք գյուղի հատվածում։ Երբ իրենց դիմաց թուրքերն են դուրս եկել, փոխհրաձգություն է եղել, մեքենաների կեսը փախել են, Գոռի մեքենան թիկունքի պետի հետ շուռ է եկել։ Ինձ ներկայացնում են, որ ձորն է շուռ եկել։ Բայց դա ձոր չէր, մի չորս մետր թեքությամբ տեղ էր։ Ավտոյի միջից փախել են երկու խոհարար․ թափքում են եղել։ Իրենք համարյա ոչինչ չեն պատմել, էրեխեքից ենք իմացել։ Այդ մեքենան մինչև հոկտեմբերի վերջ այդ ձևով է մնացել՝ չեզոք գոտում։ Մի հետախույզ ենք ուղարկել, տեսնենք՝ տղաները մե՞ջն են, թե՝ ոչ, նրան էլ են սպանել։ Չեն կարողացել մոտենալ, դրանից հետո այդ մեքենան այրվել է։ Ո՞վ է այրել, չգիտենք։ Այդ մեքենայի միջից չորս ոսկոր է հայտնաբերվել, որը համընկավ թափքի միջի երեխային։ Մի ոսկորն էր մնացել ԴՆԹ անեին, դա էլ ոչ մեկի չհամընկավ, էլի նույն այդ խոհարար երեխային համընկավ։ Երկու խոհարարներն ասում են՝ ավտոն շուռ եկավ, մենք փախանք։ Հարցրել եմ՝ փախչելիս գոռոց, տնքոց չե՞ք լսել, որ կարող է մեքենայի միջի մյուս անձինք վիրավորված լինեին, պատասխանել են՝ ոչ»։

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ վարկածներ են ներկայացնում պետական մարմինները, Գոռ Մովսիսյանը պատասխանեց․ «Մենք ենք պետական օղակներին ներկայացրել վարկածները։ Ինչ կարողացել ենք իմանալ, մեր ուժերով ենք իմացել։ Այդ մեքենայի միջից չկան թիկունքի պետը, իմ տղան ու վարորդը։ Թիկունքի պետի հորը ցույց են տվել այն ոսկորը, որը ես տեսել եմ, և որը համընկել է թափքի միջի երեխային։ Խեղճ ծնող, արի, մտածի՝ քո երեխա՞ն է, թե՝ ոչ»։

Զուգահեռ տիկին Նորան է հիշում իր ու Գոռի կարճ զրույցները։ Գոռն անգամ չի իմացել, թե որտեղ է գտնվում, ժամը քանիսն է․ «Զանգում էր, հարցնում՝ ի՞նչ ժամ է։ Իրեն Ջաբրայիլից տարել էին Հադրութ։ Մի անգամ ասացի՝ բալե′ս՝ քո սիրած բանը սարքեմ, որ ուտես։ Ասաց՝ մա′մ, ինչի ես «օտպուսկ» (արձակուրդ.-խմբ.) էլ եմ գալո՞ւ»։

Գոռն այս տարի կդառնա 24 տարեկան։ Հայրն ասում է՝ Գոռն անպայման ցանկանում էր ծառայել Արցախում․ «Ասաց՝ պա′պ, ես քեզ խնդրեցի, որ չխառնվես, ուզում եմ Ղարաբաղ, թող գնամ Ղարաբաղ։ Այնպես էլ հանգիստ էր․ Ջաբրայիլի զորամասում բոլորն Էջմիածնի տղաներն էին, բոլոր իրեն ճանաչում էին, ողջ իր ընկերությունն այնտեղ էր։ Ես չէի ուզում․ Վազգենից՝ մեծ տղայիցս հետո մեջս վախ էր մտել։ Նորան նախարարին նամակ գրեց, խնդրեց՝ գոնե էս մի տղաս թող ՀՀ-ում ծառայի, մերժեցին»։

Մովսիսյանների մեծ տղան՝ Վազգենը, 2016-ին էր վիրավորվել Թալիշում, միջնեկ որդին՝ Արսենն անվճար էր ընդունվել համալսարան։ Հայրն ասում է՝ եթե Արսենն անվճար չընդունվեր համալսարան, հիմա նա էլ ողջ չէր լինելու․ «Իրենք երկու եղբայր Ջաբրայիլ պետք է գնային․ այդպես էին որոշել՝ հենց Ղարաբաղում պիտի ծառայեին»։

Հետաքրքրվեցինք՝ Արցախի մասին շա՞տ եք խոսել Ձեր որդիների հետ, Նորայր Մովսիսյանը պատասխանեց․ «Ես հայրենասեր մարդ եմ․ բոլորին կոչ եմ արել, որ անկախ ամեն ինչից տղան պետք է ծառայի բանակում։ Նա բանակում հասունանում է, մտածելակերպը փոխվում, ծնողին այլ աչքերով՝ կարոտով, հարգանքով է նայում։ Ու անգամ ես իմ երեք տղաներից ոչ մեկին չեմ փորձել ազատել բանակից։ Ուզեցա Գոռի վաշտը փոխել, ասաց՝ ոչ, տղերքի հետ արդեն մերվել եմ, չեմ ուզում։ Գոռը թույլ չտվեց՝ որևէ մեկին դիմեմ»։

 

«Մինչև վերջերս մտածում էի՝ կարող է Գոռս գերի է, հնարավոր կլինի նրա վերադարձը արդեն հույսս կորցրել եմ»

 

Նորայր Մովսիսյանը մեզ հետ զրույցում ցավով նշեց՝ մինչև վերջերս մտածում էր՝ կարող է Գոռը գերի է, հնարավոր կլինի նրա վերադարձը, բայց արդեն հույսս կորցրել է․ «Ումի՞ց ակնկալիք ունենամ, կասե՞ք։ Այնպես են արել, որ հուսահատվենք, սա ծրագիր է։ Եթե այն ժամանակ ծնողներով մեծ թվով հավաքվում էինք, հիմա արդեն այն չէ։ Ծնողներից մեկի հայրն էր մահացել, բոլորը ցավակցականներ էին գրում, բայց հավաքվելիս 8-10 հոգի է եկավ։ Հատուկ են պառակտում»։

Հետաքրքրվեցինք՝ ո՞ւր է տանում այս ամենը, Նորայր Մովսիսյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ուր է գնում․ ուր էլ գնում է, մեր օգտին չի լինում։ Գնալով մեզ համար ավելի վատ է լինելու։ Եթե մարդու հույսը կտրվեց, դա արդեն վերջն է»։

Հարցին՝ ինչ-որ ելք տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Եթե մեր երկրի վարչապետը չլինի, մենք փրկություն կունենանք, մենք մեր կորցրած արժանապատվությունը կվերականգնենք։ 1983-ին եմ ծառայել, 10 ադրբեջանցի էին, միայն ես՝ հայ։ Իմ շորերը տանում, լվանում, բերում էին, սապոգներս մաքրում։ Իսկ հիմա մեզ բերել՝ ո՞ւմ դեմ է չոքեցրել։ Հիմա ժողովրդի հոգեբանությունն էլ կոտրեցին։ Ոչ մեկս այսպիսի բան չէր սպասում։ Գիտեինք, լսել էինք՝ թղթաբանությամբ Ղարաբաղն իրենցն է, բայց իրականում մերն է, բայց որ մենք չունենք կառավարություն, որ կարող է ապացուցել՝ ապագան իրենն է, թող հետ կանգնի։ Թող երկրի վարչապետն այդ ժամանակ չպատերազմեր․․․Հիմա Ջերմուկի 7-ից ավելի գյուղից ինչո՞ւ չեն հանում թշնամուն։ Ջերմուկից սահմանազատումը թող սկսեր, չարեց, որովհետև իրեն ինչ ասում են, այն է անում է»։

Նորայր Մովսիսյանը վստահեցնում է՝ պատրաստ է կռվել Արցախը հետ բերելու համար․ «Արցախը կորցնելուց հետո ես չեմ քնում։ Մենք մեր երկրի դարպասները բացեցինք, մենք հրանոթ տեղադրելու տեղ չունենք։ Արցախը մեզ պահում էր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031