Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հետընթաց քայլ է». ՍիվիլՆեթը և այլ փաստեր ստուգողներ դիմել են Ցուկերբերգին. Civilnet

Հունվար 10,2025 14:44

Civilnet. Աշխարհի տարբեր երկրներում գործող փաստեր-ստուգող կազմակերպություններ բաց նամակ են ուղղել Meta-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին՝ ի պատասխան նրա ավելի վաղ հայտարարության՝ իր հարթակներում (Facebook, Instagram, Therads) փաստերի ստուգման ծրագիրը առաջիկայում դադարեցնելու մասին։

Meta ընկերությունը այս մասին պաշտոնապես հայտնել էր հունվարի 7-ին՝ նշելով, որ առայժմ այն դադարեցվում է ԱՄՆ տարածքում։

Ցուկերբերգն իր ուղերձում, բացատրելով որոշումը, փաստացի մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել փաստեր ստուգողների նկատմամբ։

Փաստեր ստուգող կազմակերպությունները բաց նամակում անդրադառնում են այդ մեղադրանքներին՝ ներկայացնելով հակափաստարկներ։

Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը Meta-ն սկսել էր 2016-ին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը դրան միացել է 2024-ի հուլիսից։

Ցուկերբերգին ուղղված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հարգելի պարոն Ցուկերբերգ,

Ինը տարի առաջ մենք ձեզ դիմեցինք՝ բարձրաձայնելով Facebook-ում կեղծ տեղեկատվության պատճառած իրական վնասների մասին։ Ի պատասխան՝ Meta-ն ստեղծեց փաստերի ստուգման ծրագիր, որը միլիոնավոր օգտատերերի օգնեց պաշտպանվել կեղծիքներից և դավադրության տեսություններից։ Այս շաբաթ դուք հայտարարեցիք, որ դադարեցնում եք այդ ծրագիրը Միացյալ Նահանգներում «չափից ավելի գրաքննության» մտահոգությունների պատճառով՝ որոշում, որը սպառնում է չեղարկել առցանց ճշգրիտ տեղեկատվության խթանման գրեթե մեկ տասնամյակի առաջընթացը։

2016-ին մեկնարկած ծրագիրը առաջընթացի հզոր քայլ էր առցանց փաստական ճշգրտությունը խթանելու ուղղությամբ։ Այն օգնեց մարդկանց ավելի լավ փորձառություն ունենալ Facebook-ում, Instagram-ում և Threads-ում՝ նվազեցնելով կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության տարածումը իրենց էջերում։ Մենք վստահ ենք, և տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի օգտատերերի մեծ մասը փնտրում է հավաստի տեղեկատվություն՝ իրենց կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու և ընկերների ու ընտանիքի հետ լավ հաղորդակցություն ունենալու համար։ Նպատակն էր օգտատերերին տեղեկացնել կեղծ տեղեկատվության մասին՝ դրա տարածումը դանդաղեցնելու համար՝ առանց գրաքննության։ Փաստեր ստուգողները խստորեն աջակցում են խոսքի ազատությանը, և մենք դա բազմիցս հայտարարել ենք, նաև պաշտոնապես՝ անցյալ տարվա Սարաևոյի հայտարարությամբ։ Ազատությունը բացատրելու, թե ինչու ինչ-որ բան ճշգրիտ չէ, նույնպես խոսքի ազատություն է։

Սակայն դուք ասում եք, որ ծրագիրը դարձել է «գրաքննության գործիք», և որ «փաստեր ստուգողները քաղաքական չափազանց կողմնակալություն են ցուցաբերել և ավելի շատ վստահություն են խարխլել, քան ստեղծել, հատկապես ԱՄՆ-ում»։ Սա փաստացի չի համապատասխանում իրականությանը, և մենք ցանկանում ենք հստակեցնել իրավիճակը՝ թե՛ այսօրվա համատեքստում, թե՛ պատմական փաստերի տեսանկյունից։

Meta-ն պահանջում էր, որ փաստերի ստուգման բոլոր գործընկերները բավարարեն խիստ անկողմնակալության չափանիշներ՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի վավերացման միջոցով։ Սա նշանակում էր՝ ոչ մի կապ քաղաքական կուսակցությունների կամ թեկնածուների հետ, քաղաքականության ոչ մի քարոզչություն և օբյեկտիվության ու թափանցիկության անսասան հանձնառություն։ Յուրաքանչյուր լրատվական կազմակերպություն անցնում է տարեկան խիստ վավերացում, ներառյալ անկախ գնահատում և փորձագիտական վերանայում։ Meta-ն ոչ միայն կասկածի տակ չի դրել այս չափանիշները, այլև հետևողականորեն գովաբանել է դրանց խստությունն ու արդյունավետությունը։ Ընդամենը մեկ տարի առաջ Meta-ն այս ծրագիրը տարածեց նաև Threads-ում։

Ձեր մեկնաբանությունները ենթադրում են, որ փաստեր ստուգողներն էին պատասխանատու գրաքննության համար, չնայած Meta-ն երբեք փաստեր ստուգողներին չի տվել բովանդակությունը կամ հաշիվները հեռացնելու հնարավորություն կամ իրավասություն։ Մարդիկ առցանց հաճախ մեղադրել և ճնշել են փաստեր ստուգողներին Meta-ի գործողությունների համար։ Ձեր վերջին մեկնաբանությունները, անկասկած, կսնուցեն այդ ընկալումները։ Սակայն իրականությունն այն է, որ Meta-ի աշխատակիցներն էին որոշում, թե ինչպես պետք է սահմանափակվի կամ պիտակավորվի փաստեր ստուգողների կողմից կեղծ գնահատված բովանդակությունը։ Տարիների ընթացքում մի շարք փաստեր ստուգողներ Meta-ին առաջարկել են, թե ինչպես կարելի է բարելավել այս պիտակավորումը՝ այն ավելի քիչ միջամտող դարձնելու և նույնիսկ գրաքննության տպավորությունից խուսափելու համար, սակայն Meta-ն երբեք չի գործել այդ առաջարկությունների ուղղությամբ։ Բացի այդ, Meta-ն քաղաքական գործիչներին և քաղաքական թեկնածուներին ազատել է փաստերի ստուգումից որպես նախազգուշական միջոց, նույնիսկ, երբ նրանք տարածել են ակնհայտ կեղծիքներ։ Փաստեր ստուգողները, միևնույն ժամանակ, ասել են, որ քաղաքական գործիչները պետք է ստուգվեն ինչպես բոլորը։

Տարիների ընթացքում Meta-ն տրամադրել է միայն սահմանափակ տեղեկատվություն ծրագրի արդյունքների մասին, չնայած փաստեր ստուգողները և անկախ հետազոտողները կրկին ու կրկին խնդրել են ավելի շատ տվյալներ։ Սակայն մեր դիտարկումներից կարող ենք ասել, որ ծրագիրն արդյունավետ էր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ փաստերի ստուգման պիտակները նվազեցրել են կեղծ տեղեկատվության հանդեպ հավատը և դրա տարածումը։ Եվ ձեր իսկ ցուցմունքում Կոնգրեսին, դուք հպարտությամբ նշել էիք Meta-ի «ոլորտի առաջատար փաստերի ստուգման ծրագիրը»։

Դուք ասում եք, որ ծրագրում եք սկսել Community Notes ծրագիր, նման X-ի ծրագրին։ Մենք չենք կարծում, որ այս տեսակի ծրագիրը կհանգեցնի օգտատերերի դրական փորձառության, ինչպես ցույց է տվել X-ի փորձը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Community Notes-երից շատերը չեն ցուցադրվում, քանի որ դրանք հիմնված են լայն քաղաքական համաձայնության և ոչ թե ճշգրտության չափանիշների ու ապացույցների վրա։ Այնուամենայնիվ չկա որևէ պատճառ, որ Community Notes-ը չկարողանա համատեղ գործել երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի հետ. դրանք իրար բացառող չեն։ Community Notes-ի մոդելը, որը համագործակցում է փաստերի ստուգող մասնագետների հետ, կարող է մեծ ներուժ ունենալ որպես ճշգրիտ տեղեկատվության խթանման նոր մոտեցում։ Դրա անհրաժեշտությունը չափազանց մեծ է. եթե մարդիկ հասկանան, որ սոցիալական մեդիայի հարթակները լի են խաբեություններով և կեղծիքներով, նրանք չեն ցանկանա այնտեղ ժամանակ անցկացնել կամ բիզնես անել դրանց միջոցով։

Սա մեզ բերում է Միացյալ Նահանգների քաղաքական համատեքստին։ Ձեր հայտարարության ժամանակահատվածը եղավ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրության հաստատումից հետո և տեխնոլոգիական արդյունաբերության ավելի լայն արձագանքի շրջանակում՝ ուղղված նոր վարչակազմին։ Պարոն Թրամփն ինքը նշել է, որ ձեր հայտարարությունը «հավանաբար» արձագանք էր իր սպառնալիքներին։ Փաստերի ստուգման մեր համայնքի լրագրողներից մի քանիսը իրենց աշխատավայրի երկրներում կառավարությունների կողմից ենթարկվել են նմանատիպ սպառնալիքների, ուստի մենք գիտակցում ենք, թե որքան դժվար է դիմակայել նման ճնշմանը։

2025 թվականին փաստերի ստուգման ծրագիրը դադարեցնելու նախագիծը վերաբերում է միայն Միացյալ Նահանգներին՝ առայժմ։ Սակայն Meta-ն ունի նմանատիպ ծրագրեր ավելի քան 100 երկրում, որոնք բոլորն էլ խիստ բազմազան են, ժողովրդավարության և զարգացման տարբեր փուլերում։ Այս երկրներից որոշները խիստ խոցելի են ապատեղեկատվության նկատմամբ, որը կարող է հրահրել քաղաքական անկայունություն, միջամտություն ընտրություններին, խմբակային բռնություններ և նույնիսկ ցեղասպանություն։ Եթե Meta-ն որոշի դադարեցնել ծրագիրն ամբողջ աշխարհում, դա գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի իրական վնասների բազմաթիվ երկրներում։

Այս պահը ընդգծում է հանրային ծառայության լրագրության համար ավելի մեծ ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Փաստերի ստուգումը կենսական նշանակություն ունի ընդհանուր պատկերացումների և փաստերի վրա հիմնված քննարկումների պահպանման համար՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ գլոբալ մակարդակում։ Բարեգործական ոլորտը հնարավորություն ունի այս վճռորոշ պահին ավելացնելու իր ներդրումները լրագրության մեջ։

Ամենակարևորը, մենք կարծում ենք, որ Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը դադարեցնելու որոշումը հետընթաց քայլ է նրանց համար, որոնք ցանկանում են տեսնել համացանց, որտեղ առաջնահերթություն է ճշգրիտ և վստահելի տեղեկատվությունը։ Մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին ինչ-որ կերպ կհաջողվի վերականգնել այս կորուստը։ Մենք պատրաստ ենք կրկին աշխատել Meta-ի կամ տեխնոլոգիական որևէ այլ հարթակի հետ, որը հետաքրքրված է փաստերի ստուգումը որպես գործիք օգտագործելով՝ մարդկանց տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իրենց առօրյա կյանքի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար։

Ճշմարտության հասանելիությունը նպաստում է խոսքի ազատությանը՝ համայնքներին հնարավորություն տալով իրենց ընտրությունը համադրել իրենց արժեքների հետ։ Որպես լրագրողներ՝ մենք հավատարիմ ենք մնում մամուլի ազատության նկատմամբ մեր հանձնառությանը՝ ապահովելով, որ ճշմարտության որոնումը շարունակվի մնալ ժողովրդավարության հիմնաքարերից մեկը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031