Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնում կլինի՞ արդյոք «Երկկողմ ճանապարհորդություն դեպի դրախտ»

Հունվար 10,2025 14:11

Էստոնական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն իր ստեղծագործական գունապնակը հարստացրել է դրախտի թեմայով ստեղծագործություններով: Էստոնիայում` Տալլինում և Պիարնայում կատարվել է կոմպոզիտորի «Մեկ այլ դրախտ» Թավջութակի երրորդ կոնցերտը` գրված թավջութակի, երգչախմբի, դաշնամուրի, հարվածայինի և երկու դերասանի համար:

Հայտնի է նաև, որ ստեղծագործությունը՝ գրված Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» նովելի հիման վրա, ներկայացված է բարձրակարգ երաժիշտների փայլուն կատարողական բույլով` թավջութակահար Թեոդոր Սինկի, դաշնակահար Ռայֆ Տալիի, Էստոնիայի աշխարհահռչակ ազգային արական երգչախումբ (բազմաթիվ մրցանակների, այդ թվում Գրեմմիի հաղթող այս երգչախումբը «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հանդես է եկել Երևանում՝ Միք Ուոլյայի ղեկավարությամբ):

Վերջերս նաև տեղեկացանք, որ կոմպոզիտորը դրախտի թեմայով նաև օպերա է գրել:

Տեղեկացված լինելով, որ Վաչե Շարաֆյանն իր գերզբաղված միջազգային ճամփորդությունների փոքր դադարի մեջ 2025-ի Ամանորի առիթով ժամանակ է գտել Երևանում լինելու, մենք հանդիպեցինք կոմպոզիտորին և զրույց ծավալեցինք դրախտի թեմայով նոր գրված օպերայի շուրջ:

Մինչ զրույցին անդրադառնալը՝ նշենք, որ դրախտի թեման համարվում է ստեղծագործական աշխարհում շոշափվող ամենաբարդ թեմաներից մեկը և համաշխարհային գրականության, երաժշտական գրականության մեջ դժվար է գտնել այդ թեմայով շատ շոշափված գրական, երաժշտական կամ կերպարվեստի գործեր: Նշենք միայն Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» և «Վերադարձ դրախտ» էպիկական բնույթի խոշորածավալ գործերը, նույնքան խոշորածավալ՝ Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» Դրախտ կոչվող երրորդ մասը: Նշենք նաև այդ էպիկական մասշտաբների գործերին առնչվող Գյուստավ Դորեի անգերազանցելի նկարազարդումներն ու միանգամից հայտնենք, թե բոլորովին այնպես չէ, որ հեշտությամբ կարող ենք թվարկել դրախտի թեմայով համաշխարհային նշանակության այլ գործեր ևս: Անդրադարձեր, իհարկե կան, և շատ կան, բայց խոշորածավալ գործերը խիստ սակավաթիվ են: Դրախտ թեմային վերաբերող մյուս «բարդ հանգրվանը» դրախտի մասին պատկերացումներն են, որոնք բաժանվում են հիմնականում երեք մասի: Դավանաբանական խճողումների մեջ չհայտնվելու համար, նշենք միայն, որ կան մարդկային պատկերացումներ, որոնց մեջ հիմնականում դրախտը պատկերացվում է երկնքում, կան տարբեր կրոնական պատկերացումներ` անթիվ-անհամար մեկնություններով, որոնցից ոչ մեկին չենք անդրադառնա` բանավեճի մեջ չմտնելու նկատառումով և կա Աստվածաշնչում (Ծննդոց գրքում) գրված և դարձյալ հարյուրավոր մեկնություններով «գրվածքը», ըստ որի Աստված դրախտը ստեղծեց, այնտեղ բնակեցրեց Ադամին և Եվային և երբ «իմաստության պտուղն» ուտելուց հետո Ադամն ու Եվան խախտեցին աստվածային օրենքը, նրանք վտարվեցին դրախտից այնքան ժամանակով, մինչև «կքավեն» իրենց մեղքերը և նորից «կվերադառնան» կամ «կվերադարձվեն» դրախտ: Ընդ որում` բազմիցս նշվում է, որ դրախտը գտնվում է ոչ թե երկնքում, այլ երկրի վրա: Նույնիսկ այս համառոտ անդրադարձն իր մեջ վեճեր է պարունակում և հենց այդ խճճանքն էլ պատճառներից մեկն է, որ ստեղծագործողները գործնականում հազվադեպ են անդրադառնում դրախտի թեմային:

Այս հարցերի ստեղծագործական պարզաբանումն էլ դարձավ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ մեր զրույց-հետաքրքրության թեմայի առիթը: Պարզ է, որ մեր առաջին հարցը դարձավ, թե ինչո՞ւ անդրադարձաք դրախտին, ինչու՞ նման գլուխկոտրուկ թեմայի: Ախր, ոչ մեկը դեռ չի գնացել, ոչ էլ եկել է այդ վայրից: Պարոն Շարաֆյանը հայտնեց.«Գրել եմ նաև «Երկկողմ ճանապարհորդություն դեպի դրախտ» օպերան: Ի՞նչ է դրախտը: Հենց դրա շուրջ է օպերայի լիբրետոն, ի հակառակ ձեր դիտարկմանը, թե ոչ մեկը դեռ չի եկել դրախտից, օպերան վերակառուցում է դրախտ տանող կամուրջները: Մենք կառուցում ենք օպերայում դրախտը հենց հիմա, երկրի վրա»:

Ռեպլիկին՝ եթե ասում եք վերակառուցում ենք, կարելի է ենթադրել, թե երբևէ կամուրջ եղել է, որ հիմա էլ այն վերակառուցում եք, Վաչե Շարաֆյանը պատասխանեց. «Ըստ Աստվածաշնչի` մարդը վտարված է դրախտից և հենց այստեղից էլ ծնվել է այնտեղ վերադարձի պահանջը: Հարցի շուրջ կարելի է բազում և անվերջանալի փակագծեր բացել և հենց վերջինիս երաժշտական փնտրտուքն էլ արտահայտված է օպերայում»:

Հետաքրքրությանն ի պատասխան՝ հույս կա՞, որ մեր օպերային թատրոնում կբեմադրվի, այլ կերպ ասած` առաջինը աշխարհում դրախտի ճանապարհը կցուցադրվի կամ կբացվի հենց մեր օպերային թատրոնում, պարոն Շարաֆյանը կարծես այդ հարցին էր սպասում ու արագ արձագանքեց. «Այո, ես հենց դրան էլ ձգտում եմ և ունեմ նախնական պայմանավորվածություն մաեստրո Դուրգարյանի հետ: Հույս ունեմ, որ այս տարի օպերան իրականություն կդառնա: Բայց իրականություն դառնալը միայն ինձնից կախված չէ»:

Իսկ թե ով է լիբրետոյի հեղինակը՝ կոմպոզիտորը պարզաբանեց. «Դավիթ Բաբայանը, Սոնա Վանը և ես: Ասեմ նաև, որ Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտ» նովելի հիման վրա Միքելանջելո Անտոնիոնին 1966 թվականին նկարահանել է «Blow-UP» ֆիլմը, որտեղ ներկայացված «փոքրիկ դրախտում» ըստ էության «կառուցված է եղել» կեղծ դրախտ, այնտեղ մարդկանց ներարկում են ոսկե ձկնիկներ Z8 անվանումով և այդ կերպ համոզում նրանց, թե իրենք այլևս դրախտում են, չնայած տիրող ծայրահեղ աղքատությանն ու թշվառ կյանքին»:

Դիտարկմանը, թե աշխարհում այսօր էլ շարունակվում է «թշվառ կյանք» կոչվածը, կոմպոզիտորն արձագանքեց. «Այո, իրավացի եք: Հենց դրա համար էլ գրել, ստեղծել եմ այս օպերան», կարճ ասած՝ հույսս դեռ չեմ կորցրել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031