«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն։ Դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվել էին՝ ինչի՞ մասին են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված երկու կետերը, ինչի մասին խոսում են հայաստանցի պաշտոնյաները։
Միաժամանակ, նա ասաց, որ չի կարծում, թե երկու երկրների միջեւ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը։ Ավելին, արհեստական է համարում խաղաղության եւ միջազգային դատական վեճերի միջեւ հակադրություն դնելը․ «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հասնելն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաեւ ուժի կիրառումը բացառել է նշանակում, պատերազմը կանխարգելել է նշանակում»։
Իր բնութագրմամբ, միջազգային իրավական հարթակներում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի, հենց խաղաղության հաստատմանը եւ պատերազմի կանխարգելմանն են միտված։
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին եւ միջազգային ատյաններից ետ կանչի իրավական վեճերը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանի, ճիշտ չի, որ ես մեկնաբանություններ տամ այդ առումով։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Բաքվում մեկնարկելիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություններին, նա ասաց, որ ՀՀ-ն այդ ամենի մասին խոսել է նաեւ արդարադատության միջազգային դատարանին ուղղված դիմումում․ ՀՀ-ի ներկայացրած թիվ երկրորդ գանգատը հենց այդ դատավարություններին են վերաբերում։ Մինչեւ հունվար ամսվա ավարտը հայկական կողմը դատարանից տեղեկատվություն ստանալու ակնկալիքներ ունի։
Սահմանազատման գործընթացին վերաբերվող լրագրողների հարցերին էլ ի պատասխան, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դրանք քաղաքական քննարկման հարցեր են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ