«Ինձ թվում է՝ ձեզ էլ է էս ձեւակերպումը դուր գալիս, բայց քաղաքական առումով չեք կարողանում․․․»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին դիմեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Քննարկվում էր ՔՊ-ի առաջարկը՝ ՀՀ օրհներգի փոփոխության մասին։ Նախագծի հեղինակներն են Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը։ Նախագիծը դրական եզրակացության ստացավ՝ ՔՊ-ական պատգամավորների քվեարկության արդյունքում։
Արծվիկ Մինասյանի համար այս փոփոխությունը վիճելի է այն առումով, որ՝ «Ո՞վ ասաց, որ հանուն հայրենիքի զոհվելու կոնցեպտը ոգեւորող չէ»։ Նա հայտարարեց, որ ՔՊ-ում հայրենիքի նկատմամբ պաշտամունքը բերվել է բացառապես պետության մակարդակի, մինչդեռ այն ամբողջական պիտի լինի՝ պետություն, հայրենիք, ազգ․ «Ու բոլոր դեպքերում, երբ խոսվում է պայքարի մասին, ասում եք՝ հա՜ դաշնակցական մոտեցում է։ Այո, թող այդպես լինի, հանուն հայրենիքի զոհվելը թող դաշնակցական մոտեցում լինի․․․»։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրություններ կատարվել են, այլ երկրների խորհրդանիշներում «մահ կամ ազատություն» արտահայտությունը կա՞, թե՝ ոչ։
Վլադիմիր Վարդանյանը հեգնեց․ «Դուք ՀՀ ԱԺ պատգամավոր եք, ոչ թե հայրենիքի եւ հանուն հայրենիքի ապրելն էլ լավ բան է։ Փառք նահատակվածներին, բայց ․․․»։
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ ասաց, որ Արծվիկ Մինասյանի նշած տողը չի հանվել, բայց օրհներգը ոգեւորիչ արտահայտությամբ ավարտելը լավ է։
Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, նախագիծը թերի է, այն պետք է ետ կանչել եւ ավելի լայն քննարկումների արդյունքում բերել խորհրդարան։
Այս հիմնավորմամբ, «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ իր ելույթում, Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Բուլղարիայի խորհրդարանում ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանը զարմացած բղավել է՝ «Ամբողջ պատով գրված էր՝ «Մահ կամ ազատություն»։ Նա ՔՊ-ականներին խորհուրդ տվեց Փարիզ գնալիս էլ ուշադրություն դարձնել․ կտեսնեն նման արտահայտություններ։
Գեղամ Նազարյանն էլ առաջարկեց՝ դառնալ ավանդույթներ ունեցող, ավանդույթները հարգող պետություն եւ նկատեց, որ, օրինակ՝ այսօրվա իտալացիներն ընդհանրապես կապ չունեն իրենց պետության օրհներգի այն տեքստի հետ, որը հիմա կա, բայց հաճույքով կատարում են այդ օրհներգը մարդիկ։
Իր ելույթում Արծվիկ Մինասյանը խոսեց ազգ-հայրենիք-պետություն եռամիասնության մասին՝ հայտարարելով, որ «Իմ հայրենիք» օրհներգը ամբողջացնում է այն։ Ազգի համար զոհվելու պատասխանատվությունն էլ, ըստ նրա, պետության հարատեւման համար է ու այդ մոտեցումը հերքելը հարվածում է պետականությանը, ինչն արվում է այսօր։
Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն ձգտելու է, որ հայրենիքի ու պետության սահմանները մի օր համընկնեն ու դրա մեջ վատ բան չկա։ «Իր պապի ծննդավայրը իր հայրենիքը չէ՞»,- ՔՊ-ական Թագուհի Ղազարյանին դիմեց նա։
Արծվիկ Մինասյանի ելույթի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ժպտում էր։ Արծվիկ Մինասյանն ասաց՝ խրախուսում է նախարարի ժպտալը։ Իսկ հետո Ժաննա Անդրեասյանն արձագանքեց․ «Ձեր խոսքը անվստահություն ու կասկած է ենթադրում պետության նկատմամբ»։ Թեմայի շուրջ լեզվակռիվ սկսվեց Ժաննա Անդրեասյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ:
«Ես ունեմ մեկ հայրենիք ու դա իմ պետությունն է»,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Քննարկման ամբողջական տարբերակը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից