Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն ՀՀ օրհներգի փոփոխություն է առաջարկում․ Սիսակ Գաբրիելյանը հիմնավորում է՝ ինչո՞ւ

Հունվար 10,2025 12:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իմ տպավորությամբ, ոչ պատշաճ ուշադրությամբ ենք վերաբերվել ՀՀ օրհներգին, տարբեր միջոցառումների ժամանակ տարբեր կատարումներ են հնչում, հաճախ տողերը կրկնելով են կատարում եւ հոգեբանորեն ու իրավաբանորեն անհասկանալի է եղել՝ ո՞րն է ՀՀ պաշտոնապես հաստատված օրհներգը․ սա հիմնավորումն է, թե ինչո՞ւ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն առաջարկում փոփոխել ՀՀ օրհներգի տեքստը։ Հիմնավորումները ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը՝ հայտարարելով, որ ՀՀ օրհներգի պաշտոնական տեքստն այդպես էլ չկա, ինքը փնտրել ու չի գտել։ Նա ասաց, որ ներկայացված նախագծի հաստատումից հետո ԿԳՄՍ-ն կհրապարակի օրհներգի հիմնական, կարճ, եթերային եւ այլ տարբերակները։

Նախագծով ՔՊ-ն առաջարկում է օրհներգի տեքստի այսպիսի շարադրություն․

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

Ինչ վերաբերվում է հեղինակային իրավունքի խախտումների մասին մեղադրանքներին, որոնք մինչ այժմ հնչել են, Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ որեւէ գրականագետ չի կարողացել իրեն ապացուցել, որ օրհներգի ներկայիս տարբերակը Միքայել Նալբանդյանն է գրել, ուստի հեղինակային իրավունքի հարց չկա։

Նա հիշեցրեց, որ ժամանակին՝ 2006-ին, այս տարբերակն ընդունվել է իբրեւ ժամանակավոր, ուստի այս առումով էլ խնդիր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք հաջողել են տապալել կառավարության նախաձեռնությունը՝ Սովետական Հայաստանի օրհներգի Արամ Խաչատրյանի տարբերակը անցկացնել, եւ ժամանակավոր լուծում սա է գտնվել։ Նա սակայն մի քանի հարցեր ուներ Սիսակ Գաբրիելյանին․ եթե օրենքն ընդունվեց՝ այն խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է ենթադրվում։ Նա նաեւ նկատեց, որ խախտելով ՀՀ օրհներգի մասին օրենքը, ՀՀ կառավարությունն արդեն կիրառում է օրհներգի՝ նախագծում ներկայացված տարբերակը։ Սիսակ Գաբրիելյանը խնդիր չտեսավ այդ մասով՝ առաջարկելով Գեղամ Մանուկյանին դատարանում վիճարկել հարցը։

Սիսակ Գաբրիելյանը նաեւ չգիտեր՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում խախտման դեպքում, բայց ասաց՝ հավանաբար վարչական։

Սիսակ Գաբրիելյանն էլ Գեղամ Մանուկյանին հարց ուներ՝ որ տապալեցիք Խորհրդային Հայաստանի օրհներգը, ինչի՞ գրեցիք որ սա ժամանակավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Նազարյանն էլ առաջարկ ուներ՝ երկրորդ տողը փոխել՝ լեզվաբանների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ տեքստի երկրորդ տողից տպավորություն է, որ անցյալ երկրի մասին է խոսքը։ Սիսակ Գաբրիելյանը համամիտ է՝ ընկալումն այդպիսինն է, բայց ինքը կարծում է, որ երկրորդ քառյակն ամբողջությամբ կարելի էր փոխել, որ չստացվի՝ ցեղասպանված, տխուր ու դժբախտ պիտի ապրենք։ Նա վստահ չէ, որ այսդ փոփոխությամբ հոգեբանությունը կփոխվի, բայց՝ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը պատասխանեց Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ մերժելով խորհրդային Հայաստանի հիմնը ինչո՞ւ են ժամանակին օրհներգի այս տարբերակը ժամանակավոր սահմանել։ Ասաց՝ անցումային այդ նորմը հնարավորություն տվեց մեղմել հասարակության լարվածությունը եւ կայուն պահել ՀՀ խորհրդանիշները։

Արծվիկ Մինասյանը նաեւ զարմացավ, որ Սիսակ Գաբրիելյանն օրենք է ներկայացնում եւ տեղյակ չէ պատասխանատվությունից։ Հստակ նշեց օրհներգի խախտման մասով պատասխանատվությունը, որը նոր ՔՕ-ով, հենց ՔՊ-ական իշխանությունն է սահմանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկման ամբողջական տարբերակը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031