ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։
Ակնկալվում է, որ փոփոխությունները կնպաստեն աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ ժամանակի եւ ռեսուրսների արդյունավետ բաշխմանը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին եւ ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը եւ առողջական խնդիրները։
«Կառավարության ծրագրում առաջին հերթին առկա է կապիտալի զարգացման գաղափարը, հաջորդիվ մեր նախարարության կողմից մշակված եւ կառավարության կողմից հավանության արժանացած էկո-ռազմավարական փաստաթղթերում՝ թե ժողովրդագրության, թե զբաղվածության, մարդկային կապիտալի զարգացումը նույնպես հիմնասյունային է, եւ առանձին, եւ որպես մեխանիզմներից մեկը աշխատաժամանակի ճկունությունն է եւ աշխատանքային օրենսդրության կատարելագործումը: Այդ հիմքից ելնելով՝ բազմաթիվ քննարկումներ եւ վերլուծություններ անելով՝ որոշվեց նման նախագիծ մշակել»,-Մեդիա կենտրոնում կայացած՝ «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը» թեմայով քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով. «1800-ականների կեսերից սկսած երեք 8-երի մոդելն է գործում, որ 1900-ականների սկզբներին Աշխատանքի միջազգային կազմակերպության առաջին կոնվենցիայով ամրագրվեց, ապա երեք 8-երի գաղափարը որդեգրեցին պետությունները: Նախկինում 16, 18 ժամ էին աշխատում, ու հիմքում դրվեց այն գաղափարը, որ արդյունաբերական հեղափոխությունից հետո, տեխնոլոգիաների զարգացումները բերում են 8-ի կարեւորությանը՝ 8 ժամ պետք է հանգստանա մարդը, որ հետո կարողանա աշխատել: Այսօր էլ բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս մարդու արդյունավետ աշխատելու ժամային սկզբունքները: Մենք այս նախագիծը դրեցինք, որի նպատակը նախ եւ առաջ մարդու աշխատանք-անձնական կյանք տիրույթի կարգավորումն է»:
Կարդացեք նաև
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նշեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է այս նախագիծը, որովհետեւ, նրա խոսքով՝ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն հռչակված լինելով սոցիալական պետություն՝ այս պահին նախագիծ է դրել է շրջանառության մեջ, որը մարդակենտրոն է եւ աշխատողակենտրոն:
Էլեն Մանասերյանն ասաց, որ համամիտ չէ 8-ից 7-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցնելու հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ բարձրաձայնումներին. «Ինչ վերաբերում է հնչած քննադատություններին, ապա այդ նույն ռիսկերը կարող էին լինել նաեւ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի դեպքում: Եթե 150 տարի առաջ հանրությունն ընդունել է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի մոդելը, եւ այդպես առաջ է գնացել, այն ժամանակ էլ ռիսկեր եղել են: Եթե մշտադիտարկում անենք, կտեսնենք, որ շատ դեպքերում չի պահպանվում 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը, աշխատողներն աշխատում են ավելի երկար, ընդհուպ 12 ժամ, եւ լրացուցիչ աշխատաժամանակը չի արձանագրվում: Իսկ եթե չի արձանագրվում, չի պահպանվում նաեւ Աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավանորմը, որը վերաբերում է արտաժամյա աշխատանքի վճարին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները Մեդիա կենտրոնի