Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը պահանջում է, որ TikTok-ի սեփականատեր չինական ընկերությանը հրաժարվի հարթակից կամ այն կարգելափակվի ԱՄՆ-ում

Հունվար 10,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը քննում է չինական TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերության գանգատը նոր օրենքի դեմ, ըստ որի մի քանի օրից կարգելվի սոցցանցի գործունեությունը ԱՄՆ-ում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով

TikTok-ը՝ Միացյալ Նահանգների ամենահայտնի սոցմեդիա հարթակը, ըստ էության, դարձել է ամերիկյան մշակույթի մասը։ Բայց նրա պատկանելիությունը չինական ընկերությանն ու, շատերի համոզմամբ, TikTok-ում առկա տվյալների հասանելի լինելը Պեկինին, որը կարող է օգտագործել այն՝ ամերիկացի օգտատերերի շրջանում հասարակական կարծիք ձևավորելու համար, դրդեց ԱՄՆ Կոնգրեսին քայլեր ձեռնարկել՝ արգելելու TikTok-ը:

Չնայած TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն կոչ արեց հարթակի ամերիկացի օգտատերերին պայքարել օրինագծի ընդունման դեմ, սակայն ԱՄՆ Կոնգրեսն անցած տարվա ապրիլին ընդունեց օրինագիծը, որն էլ ստորագրեց նախագահ Ջո Բայդենը (Protecting Americans from Foreign Adversary Controlled Applications Act)։

Կարգելափակվի արդյո՞ք TikTok-ը ԱՄՆ-ում

Օրենքը պահանջում է TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությանը հրաժարվել հարթակից, կամ այն կարգելափակվի ԱՄՆ տարածքում։

«Պաշտպանե՛ք ձեր սահմանադրական իրավունքները, ձեր ձայնը լսելի դարձրե՛ք»,- ասել էր Շոու Զի Չուն:

Եթե ​ԱՄՆ Գերագույն դատարանը չբավարարի ByteDance-ի բողոքը, ապա TikTok-ը հունվարի 19-ին կկորցնի իր ամենամեծ շուկան՝ նշում է Մինեսոտայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ալան Ռոզենշտեյնը:

«Ենթադրենք` Գերագույն դատարանը օրենքը թողնում է ուժի մեջ, իսկ Թրամփի վարչակազմը որևէ լուծում չի գտնում, ինչը հավանական է, ապա ընտրությունը կա՛մ TikTok-ի վաճառքն է, կա՛մ Միացյալ Նահանգներում դրա արգելքը»,- ասում է Ալան Ռոզենշտեյնը:

Նշենք, որ արգելքի կողմնակից էին և՛ նախագահ Ջո Բայդենը, և՛ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Բայց Թրամփը վերջերս որոշակիորեն փոխեց իր կարծիքը, երբ անցած տարվա նախընտրական պայքարի ժամանակ իր տեսանյութերը լայն տարածում գտան TikTok-ում:

«Ինձ աղյուսակներ ցույց տվեցին, որտեղ [իմ տեսանյութերը] ռեկորդային դիտում ունեին: Հիասքանչ տեսարան էր: Մտածեցի, գուցե, անհրաժեշտ է դեռ պահպանել այն՝ [TikTok-ը]»,- ասել է Թրամփը:

Ուրբաթ ԱՄՆ Գերագույն դատարանը քննելու է ընկերության բողոքը:

Ըստ Ռոզենշտեյնի՝ դեմ և կողմ հիմնական փաստարկները երկուսն են՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը վերաբերող մտահոգությունը և Միացյալ Նահանգներում մոտ 170 միլիոն օգտատերերի խոսքի ազատության սահմանադրական երաշխիքների ապահովումը:

«Մի կողմից [հարցը] դիտարկվում է այս հարթության վրա, սակայն մեկ այլ առումով՝ նաև պայքար է խոսքի ազատության ոլորտում: Կառավարությունը պնդում է, թե չինական սեփականություն հանդիսացող TikTok-ի վտանգներից մեկն այն է, որ Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել ալգորիթմերը և, հետևաբար, խեղաթյուրել իրականությունը»,- ասել է Ռոզենշտեյնը։

Կանադացի գործարար Քևին Օ’Լիրիի խոսքով՝ տեղեկացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին, թե մոտ է TikTok-ի ամերիկյան ակտիվները գնելու գործարքի կնքմանը, որը կարող է փրկել հարթակն արգելափակվելուց։

«Ուզում էի տեղեկացնել նրան, ինչպես նաև իր կառավարության մյուս անդամներին, որ մենք այդ անում ենք և նրանց օգնության կարիքը կունենանք»,- ասել է Օ’Լիրին:

Ինչևէ, Թրամփը խնդրել է ԱՄՆ Գերագույն դատարանին հետաձգել գործի քննությունը, որպեսզի կարողանա բանակցել հարթակի վաճառքի շուրջ, երբ հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Ըստ օրենքի ԱՄՆ-ում TikTok-ի նկատմամբ արգելքը ուժի մեջ է մտնելու այս հունվարի 19-ին։

Սթիվ Հերման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031