«Ասպարեզ». Հարաւային Կալիֆորնիայի հրդեհներն առիթ դարձան աւերածութիւնների եւ կուրսուստների` ամերիկահայ համայնքի բազմաթիւ անդամներ կորցրել են իրենց տներն ու ձեռնարկութիւնները, տարհանուել են տներից, զրկուած են էլեկտրանէներգիայից (ելեկտրականութենէն): Օդի աղտոտուածութիւնը պատճառ է դարձել առողջական խնդիրների առաջացմանը: Հայ համայնքի ամենամեծ կորուստներից է Սահակ Մեսրոպ Հայկական քրիստոնեայ դպրոցի հիմնայատակ աւերումը:
«Ասպարէզ»ը փորձել է պարզել, թէ ինչպէս է կրթօջախը շարունակելու գործունէութիւնը, առողջական հնարաւոր խնդիրների եւ օդի աղտոտուածութիւնից պաշտպանուելու հարցերով զրուցել է դոկտոր Հէրի Պալեանի հետ, եւ փորձել է պարզել աղէտից տուժածների համար ֆինանսական աջակցութեան ծրագրերի մասին:
Հրդեհից այրուած Սահակ-Մեսրոպ կրթօջախի Հոգաբարձուների Խորհուրդը Քննարկում է Գործունէութիւնը Շարունակելու Տարբերակները
Հարաւային Կալիֆորնիայում մոլեգնած հրդեհներից այրուեց Փասադենայում գտնուող Սահակ-Մեսրոպ հայկական վարժարանը: Սուրբ Ծննդեան տօներից յետոյ, կրթօջախի սաներն առաջին օրը պէտք է վերադառնային դասերի, սակայն հրդեհը հիմնայատակ աւերել է դպրոցը, «Ասպարէզ»ի հետ զրոյցում տեղեկացրեց Սահակ-Մեսրոպի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արլին Տիտանեանը: «Հրդեհները Փասադենայում, դպրոցի շրջանում յատկապէս ուժգնացել են Յունուարի 7ի երեկոյեան 6ի սահմաններում: Մեր կրթօջախը սարի փէշին մօտ է եւ ճիշդ ժամը չգիտենք, թէ երբ է սկսուել դպրոցի հրդեհը, ու միայն տեսանիւթերում տեսանք, որ կրթօջախը գրեթէ ամբողջութեամբ այրուել է», – նշում է Տիտանեանը` յաւելելով, որ օրեր առաջ ստացել էին նախազգուշացում սպասուող քամիների մասին, ինչը յատուկ է տուեալ շրջանին, սակայն չէին ակնկալում, որ այս անգամ այն աւերիչ կը լինի:
Կարդացեք նաև
Սահակ-Մեսրոպ կրթօջախին, գործունէութիւնը շարունակելու հարցում իրենց աջակցութիւնն արդէն յայտնել են տեղի հոգեւոր եւ կրթական հաստատութիւններից. «Այս պահին յստակ ծրագիր չունենք, թէ ինչպէս են դասերը շարունակուելու, սակայն հոգաբարձուների խորհուրդն աշխատում է, որ հնարաւորինս արագ վերսկսենք աշխատանքները: Մեր տարածքին մօտ գտնուող մի քանի դպրոց, եկեղեցին արդէն մեզ առաջարկել են իրենց աջակցութիւնը, սակայն դեռ քննարկումների փուլում ենք, թէ որ լուծումն առաւել արդիւնաւէտ կը լինի մեր սաների համար», – նշում է Տիտանեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ