Ովքե՞ր են հայաստանյան «ֆաշիստները»: Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրանց թվին են պատկանում Հայաստանի առաջին երեք նախագահները: Ինքնին այդ պնդումը, ինչպես «նախկինների» մասին ցանկացած բացասական գնահատական, ում կողմից էլ հնչի, անշուշտ, յուղ է լցնում Հայաստանի ներկայիս ղեկավարի սրտին: Դա, իրականում, մեր կարեւոր խնդիրներից մեկն է՝ պետության ժառանգականության, ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունը: Դրանք փոխարինվում են անձնական հավակնություններով եւ վրեժխնդրությամբ:
Հիմա դիտարկենք ենթադրյալ «ֆաշիզմի» բովանդակությունը: Ալիեւին, հավանաբար, պետք հասկանալ այսպես. 1988 թվականին Արցախի հարցը բարձրացնելը ֆաշիզմ էր, 1994 թվականին Արցախն ազատագրելը ֆաշիզմ էր: Նույնպիսի ֆաշիզմ էր Արցախը հայկական հող պահելը: Վերջապես, 2018 թվականին իշխանության եկավ «անտիֆաշիստ» Փաշինյանը, որն Արցախը վերադարձրեց «օրինական տիրոջը»: Ասացեք խնդրեմ, արդյոք այս դիրքորոշումն էականորեն տարբերվո՞ւմ է պաշտոնական Երեւանի դիրքորոշումից: Փաշինյանը, ճիշտ է, չի օգտագործում «ֆաշիզմ» բառը, որի փոխարեն խոսում է անցյալում մեր երկրում տիրող «սխալ հայրենասիրությունից», որը, մասնավորապես, արտահայտվում էր «ուրիշի հողի» վրա հավակնություններ ունենալով, եւ որը հիմա փոխարինվել է իրական Հայաստանի հանդեպ «ճիշտ հայրենասիրությամբ»: Եզրաբանությունը տարբեր է, բովանդակությունը՝ նույնը:
Հիմա Ալիեւը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունը կոչնչացնի «ֆաշիստական պետությունը», թե չէ ինքը դա կանի, որովհետեւ այդ պետությունը խոչընդոտում է թուրանական աշխարհի ամբողջականացմանը: Պետք է ասել, որ Փաշինյանը արդեն իսկ գործուն քայլեր է ձեռնարկում՝ այդ պետությունը ոչնչացնելու ուղղությամբ՝ հարձակվելով պատմության (մասնավորապես, Հայոց ցեղասպանության փաստի), եկեղեցու, ազգային խորհրդանիշների եւ ընդհանրապես ազգային ինքնության վրա:
Ներկայիս վարչապետին գուցե թվում է, որ այդպիսով այս պետությունը կվերանա, եւ դրա տեղը կստեղծվի մեկ այլ պետություն: Համենայնդեպս, նա, ըստ էության, դա է ասում: Սակայն դա պատրանք է՝ այդ ձեւով, «օդից», ազգային պետություններ չեն առաջանում: Բացի այդ, Ալիեւը եւ Էրդողանը, որքան էլ հավանեն Փաշինյանին «անտիֆաշիստ» լինելու համար, չեմ կարծում, որ այս սցենարի շարունակման պարագայում շնորհակալ կլինեն նրան եւ թույլ կտան, որ նա ղեկավարի թեկուզ խամաճիկային «կվազիպետություն»: Ովքեր լրջորեն ուսումնասիրում են պատմությունը, կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեն:
Կարդացեք նաև
Ելքը ԱՅՍ՝ 1991 թվականին ստեղծած պետությունը պահպանելն է, եւ, հաշվի առնելով մեր անցած ուղին (անշուշտ, նաեւ սխալները), նորմալ հարաբերություններ կառուցելը հարեւանների հետ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«… նախկինների մասին ցանկացած բացասական գնահատական, ում կողմից էլ հնչի, անշուշտ, յուղ է լցնում Հայաստանի ներկայիս ղեկավարի սրտին», – լիովին համաձայն եմ, դրա համար էլ ասում էի, որ քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել, պետք չէ քննադատել կամ հեգնանքով խոսել նախկին նախագահների մասին։ Դրանով Փաշինյանի ջրաղացին ջուր եք լցնում։