«Սպանությունը կատարվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ: Այդ փաստը հաստատվել է նաեւ հոգեբանական փորձաքննությամբ: Գործին կա կցված հոգեբանի եզրակացություն: Երեխան մինչեւ այսօր շարունակում է վերարտադրել իր տեսածը: Այն, ինչին ականատես է եղել, տեսած սպանությունը խաղարկում է ու այդպես ներկայացնում: Դրա վերաբերյալ կան բավականին ապացույցներ»,- Aravot.am-ին ասաց 2022 թվականի մայիսի 4-ին Երեւանում երիտասարդ կնոջ սպանության գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը սպանվածի ամուսինն է՝ Նարեկ Սարգսյանը:
«Պաշտպանական կողմն առաջին օրվանից վարկած է առաջ քաշում, որ Նարեկ Սարգսյանը չէ սպանողը , այլ մեկ այլ անձ է: Բայց գործով հաստատված է, որ սպանության օրը Նարեկ Սարգսյանը երեք այցելություն է ունեցել: Հիմա չեմ մեկնաբանի ամեն այցելություն, ճառերի փուլում եմ ասելու: Մեր կարծիքով՝ կասկած չկա ու հաստատված է, որ Նարեկ Սարգսյանն է սպանություն կատարած անձը: Պաշտպանական կողմի ներկայացրած տվյալները, թե այլ անձ է մուտք գործել շենք, բայց նրա անձը չի նույնականացվել, շահարկվող, ոչ էական հանգամանքներ են»,- ասաց Հովիկ Սուքիասյանը:
Մեր հարցին՝ որն է եղել սպանության շարժառիթը, փաստաբանն այսպես արձագանքեց. «Հիմա չեմ բարձրաձայնի, դատարանում եզրափակիչ ելույթում պետք է ասեմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով պաշտպանական կողմի պնդումներին, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ սպանության մեջ մեղադրվողն ու սպանվածը նախկին ամուսիններ են եղել, ասաց. «Սպանությունից առաջ վերջին մեկ տարին նրանք փաստացի առանձին են ապրել: Տաթեւն ապրել է նրա ծնողների կողմից վարձակալած բնակարանում՝ Երեւանում: Երեխայի այցելությունները թույլատրել է ամուսնուն: Այսինքն՝ թեկուզ ամուսնական կապի մեջ գտնվելը ոչ պարբերաբար, չի նշանակում, որ եղել են ամուսիններ: Մենք դատարանին ապացույց ենք ներկայացրել, որ Տաթեւը նախապատրաստել է ամուսնալուծվելու հայց ներկայացնել դատարան: Ինչ վերաբերում է հղիությանը, այո՛, վաղաժամ հղիություն է եղել, փորձաքննությամբ հնարավոր չի եղել գենետիկական առումով նույնականացնել: Այդ հարցը խորությամբ չեմ կարող մեկնաբանել»:
Նա հերքեց պաշտպանական կողմի պնդումները, թե դեպքի օրը սպանությունից ժամեր առաջ տղամարդ է այցելել սպանվածին, որի անձը չեն նույնականացրել. «Չկա նման բան: Տաթեւիկ Աբրահամյանին որեւէ տղամարդ չի այցելել, նման բան գոյություն չունի»:
Ինչ վերաբերում է կնոջ սպանությունից հետո նրա հեռախոսների՝ տնից անհետանալուն, փաստաբանը պարզաբանեց. «Մենք չենք ասում Նարեկի մոտ է գտնվել, ասում ենք՝ Նարեկը հեռախոսազրկել է այդ աղջկան: Իմ թվարկած երեք այցելություններից առաջինի ժամանակ Նարեկ Սարգսյանը երկու հեռախոսներն էլ տարել է: Դա է պատճառը, որ Տաթեւը մարդկանցից հեռախոս է խնդրել ու զանգել իր հեռախոսահամարին: Իսկ Նարեկ Սարգսյանը, որ տաներ, չէր պահելու իր մոտ, բնական է՝ մի տեղ թողնելու էր»:
Փաստաբանը, թեեւ կատարվածը նախապես պլանավորած սպանություն չի համարում, բայց տեղեկացնում է՝ սպանվածի ու սպանություն կատարելու մեջ մեղադրվողի միջեւ կան հեռախոսային հաղորդագրություններ, որով մեղադրյալը սպառնացել է կնոջը սպանել. «Ընդ որում՝ ոչ միայն Տաթեւին, այլեւ նրա հորն ու եղբորը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ