«Ալիևի ելույթից հետո արմատապես նոր վիճակ ստեղծվեց այն իմաստով, որ լրիվ բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական մերկությունը՝ չնայած դա մինչև այդ էլ էր պարզ։ Հիմա մենք կանգնած ենք պատերազմից հինգ րոպե պակաս ռեժիմի առաջ։ Ալիևի ելույթն այլ կերպ բնութագրել հնարավոր չէր»,-ՀՀ առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում միակ ելի տարբերակն այն կլիներ, որ բանակցությունները տեղափոխվեին նոյեմբերի 9-ի հարթակ․ «Մենք տեսանք, որ դրանից դուրս գալուց հետո փորձություններն ավելի շատացան։ Հենց այստեղ էլ առաջանում է հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իր արկածախնդրությամբ ու այսօրվա մոտեցումներով դա կարո՞ղ է անել։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ։ Այնքան է փչացրել հայ-ռուսական հարաբերությունները, այնքան անվստահելի գործընկերոջ համբավ ունի նաև Իրանի մոտ, որ այդ խնդիրն ինքը լուծել չի կարող։ Ես նշում եմ երկու երկրներ, որոնք, կենսականորեն իրենց շահերից ելնելով, շահագրգռված են մեր սուբյեկտայնությամբ։ Այլընտրանքի ձևավորման հարցն արագ պետք է լուծվի։ Նիկոլ Փաշինյանի ուրացմանը կեղծիքով պատասխանել պետք չէ, Նիկոլ Փաշինյանի ուրացմանը պետք է պատասխանել ռեալիստական դիրքերից և այնպիսի քաղաքական կոնտենտով, որը կարողանա հասարակությանը կոնսոլիդացնել։ Մեր վերջին համագումարից հետո մենք զբաղված ենք հենց այլընտրանքի որոնումներով․ բազմաթիվ ուժերի հետ բանակցել ենք։ Կարծում եմ՝ 2025-ը կուլմինացիոն տարի է լինելու իշխանափոխության ճանապարհին․ նոր որակի ընդդիմություն է ձևավորվելու»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ձախողումների մասին՝ Սուրեն Սուրենյանցը փաստեց․ «Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն Արցախը կործանեց, որպեսզի Սյունիքը պահենք։ Հիշում եք, չէ՞ այդ դեմագոգիկ թեզերը։ Տալիս էր Գորիս-Կապան ճանապարհը, հիմնավորում էր, որ դա արվում է Զանգեզուրի միջանցք չտալու համար։ Ստացվեց, որ կորցրինք Արցախը, բայց այդ միջանցքային թեման դուրս չեկավ։ Նոյեմբերի 9-ի համատեքստը միակ համատեքստն է, որտեղ բավարարվելու ենք ռուսական վերահսկողությամբ ճանապարհով։ Մնացած ցանկացած այլ տարբերակով կամ դասական միջանցք է Ադրբեջանը ստանալու, կամ էլ մենք ստանալու ենք ադրբեջանաթուրքական ներխուժում։ Նիկոլ Փաշինյանն այնպիսի փակուղու առաջ է երկիրը կանգնեցրել, որ ՀՀ-ն զրկվել է մանևրելու հնարավորությունից։ Մի հրաշք կլինի Նիկոլ Փաշինյանի թողած ժառանգությունից հետո, որ հնարավոր լինի այնպիսի կարգավորման հասնել, որ ՀՀ-ն իր այսօրվա տարածքային ամբողջականության սահմաններում պահպանվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ