Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում կայացել է աշխատանքային քննարկում` Երեւանի օդի աղտոտվածության, առկա խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ

Հունվար 09,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հունվարի 9-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Երեւանի օդի աղտոտվածության առկա վիճակը, խնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն ներկայացրին Երեւանում օդի աղտոտվածության ցուցանիշները եւ աղտոտման պատճառները, այլեւ նշեցին այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են օդի աղտոտումը նվազեցնելուն: Որպես օդի աղտոտման հիմնական պատճառներ՝ նշվել են շինարարությունը, շրջակայքում առկա ավազի հանքերը, աղբավայրերի եւ տրանսպորտի արտանետումները, արտադրական ձեռնարկությունները, քաղաքի աշխարհագրական դիրքը եւ այլն:

Ըստ ներկայացված տվյալների՝ Երեւանի օդի աղտոտվածության հիմնական պատճառ համարվել է փոշին:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Երեւանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին օդի աղտոտվածության ցուցանիշների որոշակի աճ է գրանցվում՝ կապված օդում փոշու քանակության հետ: Մասնավորապես, վերջին երկու ամիսներին գրանցվել է սահմանային ցուցանիշների գերազանցում՝ 1,1  անգամից մինչեւ 3,4 անգամ: «Համաձայն Կառավարության որոշման, որով գերնորմատիվային աղտոտվածության ցուցանիշներն են սահմանված, դա համարվում է անբարենպաստ աղտոտվածության վիճակ, սակայն չի համարվում վտանգավոր կամ արտակարգ վտանգավոր վիճակ: Վտանգավոր է, երբ սահմանային թույլատրելի արժեքները 20 անգամից ավելի են գերազանցվում, իսկ արտակարգ վտանգավոր վիճակը 50 անգամից ավելի գերազանցումներն են»,- պարզաբանել է քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պաշտոնական տվյալները: Նա հավելել է, որ էական տարբերություններ չկան վերջին երկու տարիների ցուցանիշներում: Վերջինիս տեղեկացմամբ Երեւանի քաղաքապետարանը շինհրապարակներում տեղադրել է օդում փոշու քանակության չափիչ սարքեր, եւ 2022 թվականից մշտադիտարկում է իրականացնում: Ստացվել է նույն պատկերը՝ ձմռան ամիսներին գրանցվում է օդի աղտոտվածության ցուցանիշների աճ, իսկ ամռան ամիսներին աղտոտվածությունն ավելի քիչ է լինում, եւ սահմանային թույլատրելի արժեքները չեն գերազանցվում:

Նշվել է նաեւ, որ մյուս աղտոտիչների մասով սահմանային թույլատրելի չափից գերազանցումներ չեն գրանցվել:

Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, որոնք նպաստելու են օդի աղտոտվածության նվազեցմանը, հանրության առողջության պահպանմանը:

Գործադիր մարմնի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրականացվող աշխատանքների մասին:

Պատգամավորները նշել են՝ եթե խնդրի լուծման համար օրենսդրական իրավակարգավորումների կարիք կա, ապա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:

Օրենսդիրի ներկայացուցիչներն առաջարկել են նաեւ ավելի ակտիվ հաղորդակցություն ապահովել հանրության հետ՝ իրավիճակի եւ իրականացվող քայլերի վերաբերյալ ճշգրիտ ու թարմ տեղեկատվություն փոխանցելու համար:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031