ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Նախ, մեր ժողովրդին ուզում եմ հիշեցնել, որ Ալիեւի հոխորտանքի գլխավոր պատճառն այն է, որ այսօր Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնում է Փաշինյանը: Այս տարիների ընթացքում մենք բազմիցս ասել ենք, որ մինչեւ այն ժամանակ, որ Փաշինյանը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների, պատերազմի հավանականությունը մեծ է: Հիմա էլ հիշեցնում ենք, որ քանի դեռ այդ աթոռին նստած է այդ պատուհասը, այդ վտանգը շատ մեծ է:
Միաժամանակ ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ ինչքան էլ այսօր մեր բանակը վիրավոր վիճակում է կամ մենք որպես երկիր պատրաստված չենք պատերազմի, իսկ բոլորս գիտենք՝ ինչքան պատրաստված լինես պատերազմի, այնքան պատերազմը կկանխվի, նույնիսկ եթե այս պայմաններում Ադրբեջանը համարձակվի Հայաստանը կուլ տալու քայլ, փորձ անել, վստահեցնում եմ, որ մենք ունենք ներուժ ոչ միայն դիմադրելու, այլեւ ջախջախելու Ադրբեջանին: Այո, նույնիսկ բանակի վիրավոր վիճակով:
Ադրբեջանը պետք է հասկանա, որ միայն Փաշինյանին ունենալով իր գրպանում, Հայաստանը կուլ տալ, նրան չի հաջողվելու: Սա հոխորտացող Ալիեւը պետք է հասկանա: Բայց, կարծես, Ալիեւ կոչեցյալը ոգեւորվել է վերջին տարիների ձեռք բերումներից, որ ինքը, հավանաբար, երազում չէր տեսնի: Չէր պատկերացնի, որ Աստծո կողմից մեզ շնորհված Քարվաճառի նման անառիկ բերդը կարող էր առանց ոչ մի կրակոցի վերցնել:
Բայց ուզում եմ հիշեցնել Ալիեւին, որ շատ պետք չէ ոգեւորվել, ուրախանալ: Եթե նրա հույսը Փաշինյանն է եւ եթե համարձակվի առաջիկա ժամանակներում խոսքից գործի անցնել եւ քայլ կատարել նոր տարածքներ զավթելու նպատակով, վստահ եմ, որ այս անգամ հայ ժողովուրդը այդ պատերազմը չի վարելու Փաշինյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Ալիեւը Փաշինյանին պատվիրում է երկրի ներսում զբաղվել ազգային շրջանակների հալածանքով՝ հայտնի ռեվանշից վախենալով: Բայց քեզ, Ալիեւ, կուզեի ասել, որ այդ սարսափը, վախը, որ քո հոգու մեջ միշտ առկա է, այդպես էլ պիտի մնա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ