Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, եթե չասենք մեր պատմության մեծագույն պարադոքսն է»․ Արման Գրիգորյան

Հունվար 09,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, եթե չասենք մեր պատմության մեծագույն պարադոքսն է»,- ՀՀ առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց  ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Արման Գրիգորյանը։

Ըստ նրա՝ միայն հաղթանակն առաջին պատերազմում բավական պիտի լիներ, որ 600 տարի միայն պարտություն տեսած ու 1990-ականներին իր մեջքն ուղղած ժողովուրդն ամեն գյուղում Լևոն Տեր-Պետրոսյանի արձանը դներ․ «Ոչ միայն դա տեղի չունեցավ, այլևս Տեր-Պետրոսյանը դարձավ դառը ատելության ու թշնամանքի թիրախ առնվազն մեր հասարակության շոշափելի հատվածի համար։ Հիմա, երբ  մեծ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում, նրա ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ խորհրդարանում չէ, նրա անվան ամեն հիշատակում բուռն ու հիստերիկ արձագանքի առիթ է դառնում նրա հակառակորդների կողմից»։ Արման Գրիգորյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պարադոքսը մի հետաքրքիր բացատրություն ունի․ «Խնդիրը ոչ միայն ձեռքբերումները հակակշռող բացասական գործընթացներն էին, այլ հենց ձեռքբերումները և հաջողությունները։ Դրանք արդյունքն էին մի ուսմունքի հաղթարշավի, որը ժխում էր ՀՀ-ում ու հայկական աշխարհում գերիշխող հայդատական ազգայնականության և դրա զանազան հիմնասյուների մերժումը, այդ ազգայնականությունը փեշակի վերածած մի ամբողջ քաղաքական ու մտավորական դասին»։

Արման Գրիգորյանը փաստեց՝ 1980-ականներին ձևավորվեց նոր քաղաքական սերունդ, որի ամենահեղինակավոր խոսնակ Լևոն Տեր-Պետրոսյանն ի ցույց դրեց հայդատական ազգայնականության ու դրա փիլիսոփայական հենարանների ամբողջ սնանկությունը․ «Նրանց շնորհիվ էր, որ մենք սկսեցինք քննական հայացքով նայել պատմական արդարության անհեթեթ գաղափարին, որ մենք սկսեցինք տեսնել դաշնակիցների ու փրկիչների տարբերությունը, նրանք քննադատական լույս ուղղեցին այն կարծրացած  ենթադրության վրա, որ հարևանների հետ մեր կոնֆլիկտները էթնիկ բնույթի էին և ոչ քաղաքական ու, հետևաբար, դրանք բանակցային լուծում չունեին։ Նրանք ժողովրդի աչքերը բացեցին այն ճշմարտության առջև, որ իղձերը չեն կարող անկախ լինել ուժերի հարաբերակցությունից և դիվանագիտական միջավայրից։

Նրանք ժողովրդի աչքերը բացեցին մեկ այլ ճշմարտության առաջ, որ զանազան ենթադրաբար վեհ առաքելության վրա հիմնված, բայց երբեք հստակորեն չսահմանված ազգային գաղափարախոսություն կոչվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ տոտալիտարիզմի քարոզ։ Նրանք փորձեցին ժողովրդի մեջ սերմանել իրական ժողովրդավարության այն սկզբունքը, որ իշխող վերնախավերը պետք է ժողովրդի կամքով առաջնորդվեն։ 90-ականների հաղթանակները տեղի ունեցան հայդատական ազգայնականության մերժման և այդ նոր գաղափարախոսության որդեգրման շնորհիվ։ Մեր ավանդական վերնախավերն անմասն մնացին այն ժամանակվա հաղթանակներին և նվաճումներին։ Դա էր պատճառը, որ նրանք ամեն ինչ արեցինք այդ հաղթանակները նսեմացնելու և չեմ վարանում ասելու դրանք վիժեցնելու համար։

Նրանք ռազմական ծանր իրադրության պայմաններում Երևանում հակաիշխանական ցույցեր կազմակերպեցին, փորձեր արեցին կուսակցականացնել շարժումը, ԱՄՆ-ում ՀՀ իշխանության դեմ լոբբինգի գործունեություն ծավալեցին, ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից մեկի դեմ դատական հայց հարուցեցին՝ որպես մարդու իրավունքները ոտնահարած իշխանության ներկայացուցչի և այլն։ Նման քայլերն ու Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ դառը ատելության սերմանումը պայմանավորված էին հենց վերջիններիս հաջողելու հեռանկարից ունեցած սարսափով, քանի որ այդ հեռանկարում նրանք կատարյալ անախրոնիզմ էին դառնալու։

Ցավոք, նրանց՝ այդ հեռանկարից փրկեց իշխանության ներսում արցախյան առաջին պատերազմի բովում ձևավորված և նույնպես խաղաղությունից ու նորմալ ժողովրդավարական ապագայի հեռանկարից սարսափած հայտնի ռազմաքաղաքական կաստան։ Չնայած 1998-ին տարած իրենց հաղթանակին՝ այդ զանգվածը լուրջ տրավմայի էր ենթարկվել 1990-ականներին և դա չէր մոռանալու։ Նրանք ջանք ու եռանդ չխնայեցին այդ տարիների նվաճումները սևացնելու, հայ ժողովրդի հաղթանակին ցրտի ու մթի տարիներ դաջելու, այդ հաղթանակի հիմքը հանդիսացող գաղափարախոսությունը կատարելապես խեղաթյուրելու ուղղությամբ։ Նրանք ՀՀ-ն վերածեցին քաղաքական ու մտավորական անապատի։ Վերջապես ազգային գաղափարախոսները ճանապարհ հարթեցին այսօրվա անխոհեմ ու անպատասխանատու հեղափոխականների համար, որոնք շատ բաներով գուցե տարբերվում են, բայց մի քանի հիմնական հարցում երկվորյակներով են»։

Արման Գրիգորյանը վստահեցրեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ընկերները սկսել են այդ դժվարին պայքարը, բայց այն ավարտված չէ․ այն շարունակվելու է քանի դեռ իրատես ու ռացիոնալիզմի տարատեսակ հակառակորդները գերիշխող դիրք ունեն տարբեր ասպարեզներում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031