Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի պատճառով Գյումրու ավագանու նիստը չի կայացել․ Սարիկ Մինասյանն «Ապրելու երկրի» հետ հեռակա բանավեճ է սկսել

Հունվար 09,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության՝  հանրապետության երկրորդ քաղաքում մանկապարտեզներն անվճար դարձնելու թեմայով նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը չի կայացել։  Նախաձեռնությանը միացել են ավագանու 8 անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միացել, հետևաբար և նիստը գումարել հնարավոր չի եղել։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

«Անհրաժեշտ էր ավագանու 11 անդամների ստորագրություն, մենք ունեցանք  8 ստորագրություն, այդ պատճառով ավագանու նիստ տեղի չունեցավ։ Նիստը վերաբերում էր մանկապարտեզներն անվճար դարձնելուն, իհարկե, մենք հետևողական ենք լինելու, և գյումրեցիների մասին մտահոգ իշխանություն ձևավորելուց հետո այդ հարցը մեր օրակարգում է լինելու։

Մեր  գործընկերների կողմից կարծիքներ հնչեցին, թե իրենց օրակարգում այդ հարցն առաջնահերթ է, վաղուցվանից այն կար, և ինչո՞ւ ես վեց ամիս կամ մեկ տարի առաջ այս հարցը չէի բարձրաձայնում։

Նախ ասեմ՝ եթե այս հարցը 2019 թվականից իրենց օրակարգում է եղել, արդեն 2025 թվականն ենք, ինչո՞ւ վեց տարիների ընթացքում չեն նախաձեռնել և չեն իրականացրել։ Եվ երկրորդ՝ մենք հստակ նշել ենք ֆինանսական հիմնավորումը, թե ինչի հիման վրա ենք այս նախաձեռնությունն իրականացնում։

Խոսքն այն մասին է, որ 2025 թվականից գույքահարկը 50 տոկոսով բարձրանալու է , այդ ժամանակ հավելյալ գումարներ են մուտքագրվելու համայնքի բյուջե, և մենք  ասում ենք՝ ուղղորդենք այդ գումարը մանկապարտեզներն անվճար դարձնելուն։ 2025 թվականին է բյուջեն հավելյալ գումարներ ստանալու, հնարավոր չէր այս նախաձեռնությամբ հանդես գալ 2023 կամ 2024 թվականներին։

Այս հարցը եղել է մեր խմբակցության օրակարգում, այս մասին խոսել են նաև մեր մյուս գործընկերները։ Եվ 2023 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն 2024 թվականից 50 տոկոսով նվազել է Գյումրու մանկապարտեզների վարձավճարը՝ 8 հազարից դառնալով 4 հազար դրամ, այսինքն՝ մշտապես այս հարցին հետևողական ենք եղել, և փուլ առ փուլ Գյումրու բյուջեի հնարավորությունների սահմաններում իրականացվել է այդ գործառույթը։ Իսկ հիմա  հնարավորություն կար դարձնելու անվճար, մեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները չմիացան այս նախաձեռնությանը»,-ասաց Կարեն Մալխասյանը։

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ի պատասխան «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության՝ տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովի նիստից, որտեղ 2019 թվականին որպես պատգամավոր բարձրաձայնել է այդ թեման՝ հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութին կից նա գրել է․ «Մանկապարտեզներն անվճար դարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել եմ դեռևս 2019-ին։

Կան բազմաթիվ հարցեր, որոնք մեր առաջնահերթություններն են: Դրանք մշտապես քննարկվում, մշակվում են առանց ավելորդ բարձրաձայնումների:

Այս հարցը խիստ կարևոր է, սակայն անհնար է դրա հրատապ լուծումն ու իրականացումը:

Վերլուծությունների և իրավիճակային գնահատման արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել մեր նպատակի իրականացմանը: Իսկ որ մենք հաջողելու ենք՝ դա միանշանակ է»:

Անդրադառնալով Սարիկ Մինասյանի այս գրառմանը, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն  ասաց․ «Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատարը 2019 թվականին է բարձրաձայնել այդ հարցը,  և եթե ՔՊ-ն այսօր ասում է, թե մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը իրենց օրակարգում եղել է  վաղուց՝ հիմք ընդունելով այդ բարձարձայնումը, չպիտի մոռանա, որ այդ ժամանակ Սարիկ Մինասյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էր հանդիսանում։

Եվ եթե այդ հարցը 2019 թվականից «Քաղաքացիական պայմանագրի» և կառավարության օրակարգում էր, ինչո՞ւ  մինչև օրս չեն անդրադարձել այդ հարցին և լուծում չեն տվել»։

Կարեն Մալխասյանն ասում է՝ խտրական մոտեցում կա․ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ ՀՀ-ի մյուս տեղանքներում՝ վճարովի։

Ըստ մեր զրուցակցի,՝ ՔՊ-ականները կարող էին գալ ավագանու նիստին, բերել հակափաստարկներ, դեմ կամ կողմ  քվեարկել։

«Ինչպես միշտ «Քաղաքացիական պայմանագրի» մեր  գործընկերները դրսևորում են ոչ գործընկերային վարքագիծ և այդ առումով ոչ մի քննարկում տեղի չի ունեցել, հարցը մնացել է օդից կախված», -ասում է Կարեն Մալխասյանը։

Մանրամասները տեսանյութում՝

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031