Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Նիկոլ Փաշինյանն է, որ Ալիեւին դարձրել է այն մարդը, որը տարածաշրջանում մատ է թափ տալիս, պահանջում է այն, ինչ ինքը անգամ չէր էլ կարող պատկերացնել»

Հունվար 09,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում խոսելով 2025 թվականի մեկնարկի մասին՝ ասաց. «Նախ, էլի կաթողիկոսի ուղերձը չհեռարձակեցին Հանրայինով: Ալիեւը ամանորյա ծավալուն ուղերձ հրեց իր հանրությանը՝ նոր սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: Ու երկու ժամանոց հարցազրույցը: Այս երեւույթներին անդրադառնամ մի քանի ասպեկտով:

Ադրբեջանական սպառնալիքներ. Հայաստանի ապառազմականացում, տարածքային պահանջներ, զենք չգնել, ադրբեջանցիների բնակեցում, որ այս տարվա առաջին տասն օրերին մի քանի անգամ հնչել են Ալիեւի մակարդակով: Ու դրա արտացոլանքը այստեղ: Հեծանիվ: Վերջին տեղեկություններով դպրոցներին պարտադրում են մի քանի հեծանիվ գնել, որպեսզի մի քանի ուսուցիչ մասնակցի հեծանվաարշավներին ու հեծանվավազքերին: Ունենք ձվածեղի շոու, ընտանեկան փոդքաստ եւ ունենք Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողի իսկապես թշվառ պատասխաններ: Դեպքեր կան, որ եթե այդպես ես պատասխանելու, ավելի լավ է՝ չպատասխանես: Երեկ այդ պատասխանները կամ արձագանքը Ալիեւին խոշոր հաշվով մի բան էին ասում: Հայաստանից որեւէ դիմադրություն չի լինելու: Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ թիմը ասում էին, որ Ալիեւը այլեւս իրենց տերն է: Քիչ էր մնում մի հատ էլ ներողություն խնդրեին: Եվ այդ տերը կարող է պարտադրել բոլոր ցանկությունները, որ ունի: Ալիեւի հոխորտալու հիմքը Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլ Փաշինյանն է, որ Ալիեւին դարձրել է այն մարդը, որը տարածաշրջանում նստած մատ է թափ տալիս, պահանջում է այն, ինչ ինքը անգամ չէր էլ կարող պատկերացնել:

Ընդամենը 3, 4 տարի առաջ պատերազմը հաղթած նույն Ալիեւը չէր կարող մտածել, որ չորս տարի հետո ինքը այսքան արագ, առանց դիմադրության կարող է խոսել ուղիղ սահմանադրության փոփոխության, 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին: Նաեւ պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը դրանք իրականացնի, այլապես ինքը դա կանի: Այսինքն, տարբերություն չկա. կամ իր այստեղի գործակալը, կամ ինքը:

Պարտք եմ համարում ասել որպես մարդ, որը Ադրբեջանի հետ քննարկվող մի քանի փաստաթղթերի ծանոթ է: Նիկոլ Փաշինյանն է, որ բանակցել  եւ այդ փաստաթղթերում ամրագրել է Ադրբեջանին Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտելու դրույթներ: Մենք հիմա ինչ տեսնում ենք, տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի բանակցությունների, պայմանավորվածությունների հետեւանքը:

Ավելի պարզ ու պատկերավոր լինելու համար: Անցած տարի մենք ի՞նչ էինք ասում: Ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ պայմանավորվել է, մեր առաջնագծի ամենապաշտպանված հատվածից զորքերը հետ է քաշել ոչ մի բանի դիմաց, որ դա միակողմանի զիջում է, տարածքների հանձնում է եւ դա պաշտպանության կազմաքանդում է: Իշխանական ամբողջ պրոպագանդան մեկ տարի ծախսեց դա ձեռքբերում ներկայացնելու, այդ պատը մեր պաշտպանության ամենաբարձր ձեռքբերում ներկայացնելու համար՝ ասես, այդ պատով պաշտպանված ենք, կիրանցիներն արդեն ապահովված են:

Ալիեւն ի՞նչ է ասում: Ասում է, որ այս իշխանությունները ստիպված են եղել դա անել, հակառակ դեպքում իրենք դա ուժով կանեն: Եվ որ իր հաջորդ պահանջներն էլ ստիպված են լինելու անել: Այսինքն, ուղիղ փաստվում է այն, ինչի մասին մի տարի շարունակ պնդում, ապացուցում ու ներկայացնում էինք: Կարեւոր է հասկանալ, որ ինչպես Արցախով որեւէ բան չի ավարտվել, նույնը Կիրանցի դեպքում է եղել: Կիրանցը միայն սկիզբն էր Հայաստանի ամբողջ առաջնագիծը կազմաքանդելու Ալիեւի ծրագրի: Մի քանի հարյուր կիլոմետրանոց առաջնագծում մի քանի կետ կա, որտեղ մենք դեռ ունենք առավելություն: Հաջորդը լինելու է ոչ թե Ջերմուկը, որտեղ Ադրբեջանը մի քանի կիլոմետր ներթափանցել է, այլ այդ կետերի առավելությունը ոչնչացնելը, որովհետեւ հիմա տեղի է ունենում Հայաստանի դիմադրողականության լրիվ կոտրում եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվում է Հայաստանի ապազգայնացման գործընթաց: Իսկ դա նշանակում է, որ որպես պետություն, որպես գործոն, որպես ինքնություն, այս պետությունը ոչնչացնելու խնդիր է դրված»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031