Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հերթական դրական ժեստն Ապշերոնի սուլթանին

Հունվար 09,2025 20:30

Արցախի Հանրապետությունը Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը համաձայնել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի՝ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին առաջարկին:

Այս առնչությամբ հարկ է նշել հետևյալը:

Դեռևս 1992թ. միջազգային հանրությունը սկսել էր ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտությանը և փորձել ձեռնարկել միջոցներ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրավիրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշվել է հնարավորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, կհրավիրվեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո:

Ադրբեջանի և Արցախի միջև ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չհրավիրվեց, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվեց: Մինսկի խորհրդաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:

1994թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովում որոշվել է հնարավորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:

Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:

Մանդատում նշված են թվով 15 կետեր, որոնք պետք է իրականացնեն համանախագահները հակամարտության կարգավորման նպատակով «լիակատար հավասարության եւ անաչառության» սկզբունքների հիման վրա:

Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահության ինստիտուտի գործունեության հիմնական նպատակն է. «…աջակցել հակամարտության կարգավորմանն առանց ուժի կիրառման, մասնավորապես՝ դյուրացնելով բանակցությունները խաղաղ և համապարփակ կարգավորման համար…»:

Մինսկի համանախագահության ինստիտուտը սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:

Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված միջազգային իրավունքի տասը հիմնարար սկզբունքներից երեքի հիման վրա, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն:

Ադրբեջան-Արցախ հակամարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելու նպատակով իրենց համաձայնությունը տվել են Հայաստանը և Ադրբեջանը:

Մինչև 2018 թվականի մայիս ամիսն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին հաջորդած բոլոր փաստաթղթերում ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Նման փաստաթղթերից է օրինակ Մոսկվայի կամ Մայենդորֆյան հռչակագիրը: 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մերձմոսկովյան Մայենդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը, մասնավորապես`

  • «Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…
  • Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:»:

Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նավթային դիկտատոր Իլհամը, կարծելով, թե Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն արդեն լուծված է, ցանկանում է հրաժարվել կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիվ գրավոր հանձնառություններից:

Իսկ արդյո՞ք լուծված է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն՝ ըստ միջազգային հանրության:

Բանն այն է, որ վերջինիս դիրքորոշումն արմատապես տարբերվում է Ապշերոնի սուլթան Իլհամի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներից:

Այսպես՝

  1. 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:
  2. 2022թ. հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:
  3. 2023թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետև՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է՝
  • «Խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ին:»:
  • «Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:»: Մեջվբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ:
  • Արցախի «…գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.600 անձ այս բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:
  • «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն:»:

Այսպիսով, ինչպես պարզորոշ վկայում են հիշատակված փաստաթղթերը, միջազգային հանրությունն, ի տարբերություն նավթային դիկտատոր Իլհամի և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Նկատի առնելով վերոնշյալը՝ քիչ հավանական է, որ միջազգային հանրությունը կգնա կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթե իրապես հավատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն լուծելու իր հանձնառությանը:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031