Ելույթս՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում.
Սիրելի ընկերներ,
Հարգելի հյուրեր,
Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում տվյալ միջոցառման կազմակերպիչներին ելույթի հնարավորության համար։ Իրապես մեծ պատիվ է՝ ելույթ ունենալ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։
Որքան էլ առաջին հայացքից թվա, թե այս տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հնչող գնահատականները, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, թելադրված են զուտ Լևոն Տեր-Պետրոսյան անձի վերաբերյալ սուբյեկտիվ դատողություններով, այնուամենայնիվ, ըստ էության, դրանք գնահատականներ են, որոնք ձևավորվել են մեր պետության հիմնախնդիրների վերաբերյալ այդ գնահատականները հնչեցնողների ունեցած կեղծ կամ իրական պատկերացումներից ելնելով։
Որպեսզի ելույթս ավելի առարկայական լինի, կարծում եմ՝ հարկ է հնարավորինս հակիրճ կերպով անդրադառնալ նախագահ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների պետականաշինությանն ու արձանագրված հաջողություններին, որոնք ձեռք բերվեցին ի հեճուկս Հայաստանի առջև ծառացած այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք էին 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժն ու դրա հետևանքները; ադրբեջանցիների կողմից Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտք գործող համաշխարհային օգնության՝ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների, շինտեխնիկայի ու շինանյութերի անխնա թալանը, Խորհրդային Միությունում տիրող տնտեսական քաոսը, ապա՝ 70-ամյա այդ Միության քայքայումն ու դրա հետևանքները; Ադրբեջանի տարբեր շրջաններից ներգաղթած հարյուր հազարավոր փախստականները; 1989 թվականի առաջին ամիսներին Հայկական ատոմակայանի փակումն ու ահագնացող էներգետիկ ճգնաժամը; նույն թվականի ամռան ամիսներից սկսված Հայաստանի փուլային, ապա՝ ամբողջական շրջափակումը; հետագայում, արդեն, Վրաստանի տարածքով մուտք գործող գազատարի և երկաթգծի տասնյակ պայթեցումները, և, որն ամենաէականն է, բուն պատերազմի ամենօրյա հետևանքները…
Կարդացեք նաև
Եթե փորձենք առանձնացնել այդ տարիների հիմնական ձեռքբերումներն ու հաջողությունները, ապա ժամանակագրորեն դրանք կարելի է ներկայացնել հետևյալ հերթականությամբ.
Հաղթանակ՝ կոմունիստների նկատմամբ
1988 թվականից սկիզբ առած Շարժմանը, որը ղեկավարվում էր Ղարաբաղ կոմիտեի կողմից, շուրջ 3 տարի տևած դաժան պայքարում, նախ, հաջողվեց փաստացի երկիշխանություն ստեղծել Հայաստանում, ապա, 1990 թվականի ամռանը, հաղթանակ տանել Կոմունիստական իշխանությունների նկատմամբ: Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն վրեժխնդիր չեղավ կոմունիստների նկատմամբ, այլև մի շարք բարձրաստիճան կոմունիստների հրավիրեց՝ մաս կազմել, ըստ էության, ազգային համաձայնության կառավարությանը:
Հայաստանի անկախացման գործընթացը
Առաջին իսկ ելույթներից մեկում, որպես Գերագույն խորհրդի նախագահ, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նորընտիր Գերագույն խորհրդի «գերխնդիրը պետք է լինի ներդաշնակելու և՛ Անկախության քաղաքական կուրսը, և՛ Արցախի հարցի լուծումը», ապա հավելեց. «Այս երկու խնդիրները մեր խաչն են, որը մենք պետք է կրենք մինչև վերջ»։
Անկախացման ճանապարհը հաստատվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության մասին հռչակագրով, ապա ամրապնդվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեով ու սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի Անկախության հռչակմամբ, և վերջնականորեն հաստատվեց 1992 թվականի մարտի 2-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչվեց որպես Միացյալ ազգերի կազմակերպության 175-րդ լիիրավ անդամ: Գրեթե նույն ժամանակահատվածում հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների հետ, ինչին հաջորդեցին փոխադարձ դեսպանատների բացումը:
Հայկական բանակի ստեղծումը
Թեև, ֆորմալ առումով, Հայկական բանակի ստեղման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, սակայն քչերն են շեշտում այն կարևորագույն հանգամանքները, որոնք ապահովել են կանոնավոր բանակի ստեղծման սահունությունն ու հետագա հաջողությունները:
1.Դեռևս 1988 թվականից, ըմբռնելով իրադրությունների ընթացքը, Ղարաբաղ կոմիտեն ընդհատակյա ճանապարհներով իրականացնում է զինամթերքի հայթայթում ու հավաքագրում, որոնք ուղարկվում էին ինքնապաշտպանական ջոկատներին: Հանրահավաքներում հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է մի կողմից ժողովրդին կոչ անում՝ կամավորագրվել՝ Ղարաբաղ մեկնելու համար, իսկ մյուս կողմից պնդում, որ ինքնապաշտպանության նպատակով խորհրդային ուժայիններից խլված զենքերը չեն վերադարձվի:
2.1990 թվականին՝ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է հաջողությամբ բանակցել Խորհրդային Միության ղեկավարության հետ, որպեսզի հայաստանցի նորակոչիկները ծառայեն Հայաստանի տարածքում:
3.Տեր-Պետրոսյան-Ելցին բանակցությունների արդյունքում ծագումով մոտ 800 հայ զինվորականներ տեղափոխվում են Հայաստան՝ նպաստելով Բանակի կազմավորմանն ու ապագա հաղթանակների կերտմանը:
4.Կրկին՝ Տեր-Պետրոսյան-Ելցին բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման վերաբերյալ, որը, այդ տարիներին, մի կողմից ապահովագրում է Հայաստանը բուն թուրքական ագրեսիայից, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս սահմանի այդ հատվածը հսկելուն ուղղվող ռեսուրսներն ուղղել ռազմաճակատ: Եթե այս ամենին հավելենք նաև այդ տարիներին նշված պայմանավորվածությունների «պորտալարով» Հայաստան մուտք գործած մոտավորապես 5 մլրդ դոլարից ավելի արժողությամբ անվճար զենք-զինամթերքի հանգամանքը, ապա պատկերը լիակատար կդառնա:
Հաղթական զինադադար
1994 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվում է զինադադարի պայմանագիր։ Այդ պայմանագիրը, ըստ էության, հաջողվում է կնքել մի իրավիճակում, երբ թե´ մարդկային, թե´ այլ ռեսուրսներով հայկական կողմին 3 անգամ գերազանցող Ադրբեջանը նորանոր ուժեր էր ներգրավում ռազմական գործողություններում: Բացի այս, քչերը գիտեն, իսկ ոմանք էլ միտումնավոր մոռացության են տալիս այն հանգամանքը, որ զինադադարի նախորդած ամիսներին ռազմաճակատում ամենաարյունալի ու դաժան մարտերն էին տեղի ունեցել:
Պատերազմի ընթացքում ոչ միայն բախտ վիճակվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս կազմող Շուշի քաղաքն ու բացել Լաչինի մարդասիրական միջանցքը, այլև, ապահովելով Ադրբեջանի պոտենցիալ դաշնակիցների, առաջին հերթին՝ Թուրքիայի չեզոքությունը, հաջողվեց ԼՂԻՄ-ի շուրջը ստեղծել անվտանգության ընդարձակ գոտի։
Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ նման ռազմական զարգացումները ոչ թե ծավալապաշտական կամ նվաճողական բնույթ էին կրում, այլ թելադրված էին զուտ չդադարող ադրբեջանական ագրեսիաներին հակազդելու, Ղարաբաղի բնիկ հայերի գլխին կախված ցեղասպանության վտանգը չեզոքացնելու, ղարաբաղյան գործոնը ճանաչել տալու, Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու և, վերջին հաշվով, զինադադար, ապաև խաղաղություն պարտադրելու հրամայականներից ելնելով։
Ղարաբաղը՝ հակամարտության կողմ
Ղարաբաղյան կողմի ստորագրությունը հաղթական զինադադարի պայմանագրում պատահական չէր։ Դա, իրականում, ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էր։ Դա այն հետևողական քաղաքականության արդյունքն էր, որը մշտապես հնչեցվում էր նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից. Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչին համաձայն է Ղարաբաղը, իսկ Հայաստանը սատար կկանգնի այդ որոշմանը:
Ղարաբաղի սուբյեկտայնության ամրագրումը որոշակի առումով նաև հետևանք էր ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերի, որոնցում մի կողմից Հայաստանը չէր դիտվում որպես «ագրեսոր» պետություն, իսկ մյուս կողմից արձանագրվում էր «տեղի (այսինքն՝ Ղարաբաղի) հայեր» ձևակերպումը:
Այս իրողությունների ամրագրումից հետո, դիվանագիտական հաջորդ խոշորագույն նվաճումը, անշուշտ, միջազգային հանրության կողմից Ղարաբաղը որպես հակամարտության լիիրավ առանձին կողմ ճանաչելն էր, որը արձանագրվեց 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի շրջանակներում և վերահաստատվեց 1995 թվականին։ Ինչպես նշվում էր փաստաթղթում՝ «ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատում է կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ-ի նախկին որոշումները, այսինքն` հակամարտության մեջ ներգրավված երկու պետությունների և երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղ) մասնակցությունը ողջ բանակցային գործընթացում, այդ թվում Մինսկի կոնֆերանսում»։
Ղարաբաղին շնորհված տվյալ կարգավիճակը ոչ միայն հետագայում ապահովում էր բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, այլև հակամարտության լուծմանն ուղղված բանակցային պլանները, բացի Հայաստանից ու Ադրբեջանից, գոնե մինչև 1998 թվականը, ներկայացվում էին նաև Ղարաբաղի դատին։ Եթե 1997 թվականին ներկայացված «Փաթեթային» և «Փուլային» տարբերակները Ղարաբաղը մերժել էր, ապա, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, 1998 թվականին, կրկին՝ հակամարտության 3 կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակը Ղարաբաղն ընդունել էր։
Իմիջիայլոց, միայն տվյալ հանգամանքը լիուլի բավարար է ընկալելու համար այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակից չէր կարող զրկված լինել մինչև 1998 թվականը, քանի որ, այդ պարագայում, «Ընդհանուր պետության» տարբերակը պաշտոնապես չէր կարող ներկայացվել Ղարաբաղի դատին։ Բացի այս, այն, որ Ղարաբաղը գործընթացից դուրս է մղվել 1998 թվականից հետո, հրապարակայնորեն արձանագրել են տարբեր ժամանակաշրջաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարող 3 երկրների համանախագահները, ինչպես նաև 30 տարիների ընթացքում քիչ թե շատ ակտիվություն ցուցաբերած Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի (այդ թվում՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության) ներկայացուցիչները, Արցախի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ լրագրողներ, վերլուծաբաններ ու փորձագետներ:
Ատոմակայանի վերագործարկումը
1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի հայտնի դեպքերից հետո, հայ հասարակության մոտ տագնապ է առաջանում՝ կապված 1976 թվականից գործարկված Հայկական ատոմակայանի անվտանգության հետ: Հետզհետե, հանրապետությունում, բնապահպանական ընդհանուր խնդիրների հետ մեկտեղ, ատոմակայանի փակման հարցը հասարակության մոտ վերածվում է հստակ պահանջի: 1988 թվականին Հայաստանի խորհրդային ղեկավարությունն ատոմակայանի փակումը նախատեսում է 3 տարուց, սակայն, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, այդ պահանջը հասարակության մոտ նոր թափ է առնում:
Չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային Միության ղեկավարությունը հստակորեն գիտակցում էր ատոմակայանի փակման պարագայում հանրապետությունում ստեղծվելիք էներգետիկ ճգնաժամի անխուսափելիությունը, այնուամենայնիվ երկրաշարժից մեկ ամիս անց՝ 1989 թվականի հունվարին, զուտ պոպուլիստական նկատառումներից ելնելով և Ղարաբաղ կոմիտեի անդամների ձերբակալված լինելու պայմաններում, Հայկական ատոմակայանը փակելու վերջնական որոշում է կայացվում, որը 2 փուլով իրականացվում է 2 ամսվա ընթացքում։
Արդեն Հայաստանի անկախացումից հետո, մասնագիտական ու քաղաքական լուրջ քննարկումների պայմաններում, Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական ջանքերի շնորհիվ, 1993 թվականին Կառավարությունը որոշում է ընդունում Հայկական ատոմակայանը վերաբացելու մասին: Շուրջ երկու տարի տևած ծավալուն աշխատանքներից հետո, 1995 թվականի նոյեմբերին, ատոմակայանը վերագործարկվում է, որով, ըստ էության, վերջ է դրվում 1989 թվականից սկիզբ առած էներգետիկ ճգնաժամին:
Ի դեպ, 1996 թվականին, Փարիզում կայացած Տեր-Պետրոսյան-Ժակ Շիրակ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում Հայաստանում նոր և ժամանակակից ատոմակայան հիմնելու մասին: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Շիրակն անձամբ է իր վրա վերցնում այդ գործը: Սկսվում են նախագծման աշխատանքները, սակայն, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, այդ պայմանավորվածությունն այդպես էլ կյանքի չի կոչվում:
Կայունության ապահովում
Չնայած վերը թվարկված բոլոր աներևակայելի դժվարություններին ու պատերազմին, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն էր, որը խուսափեց ներքաղաքական ճգնաժամերից ու քաղաքացիական բախումներից: Հայաստանում, հավելյալ ճգնաժամային խնդիրներով հանդերձ, ոչ միայն կառավարման քաոս չառաջացավ, այլև իրականացվեցին պետության կայունությունն ու զարգացումն ապահովող բազմաթիվ տնտեսական ու օրենսդրական ռեֆորմներ:
Լիսաբոնյան վետո
1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում գումարվում է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որտեղ ներկայացվում է մի փաստաթուղթ, որով փորձ էր արվում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը դիտարկել Ադրբեջանի կազմում՝ Ղարաբաղին տրամադրելով ամենաբարձր մակարդակի ինքնակառավարում: Նախագահ Տեր-Պետրոսյանը, չընկրկելով բազմակողմանի ճնշումներին, չի ընդունում այդ փաստաթուղթը՝ կիրառելով վետոյի իր իրավունքը: Այդ քայլը Տեր-Պետրոսյանը բացատրում է այն պարզ հանգամանքով, որ, առաջարկվող սկզբունքներով առաջնորդվելու դեպքում, Ղարաբաղի գլխին մշտապես կախված է մնալու ցեղասպանության ենթարկվելու վտանգը:
«Փուլային» նվաճում
Լիսաբոնի գագաթնաժողովից կես տարի անց Մինսկի խմբի համանախագահները հակամարտության 3 կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Ղարաբաղին են ներկայացնում հակամարտության խաղաղ կարգավորման «Փաթեթային» առաջարկը, որի հիմքում դրված էին Լիսաբոնյան վերը նշված սկզբունքները: Որպես բանակցությունների հիմք, Ադրբեջանն ընդունում «Փաթեթային» առաջարկը, ղարաբաղյան կողմը՝ մերժում, իսկ Հայաստանը, ինչպես Լիսաբոնում, «լուրջ առարկություններ» է հայտնում «տարածքային ամբողջականության» սկզբունքի վերաբերյալ, մասնավորապես նշելով հետևյալը. «Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը»:
Ելնելով այն իրողությունից, որ Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ կանխորոշող ձևակերպումն ընդունելի չի լինելու կողմերից ինչ-որ մեկի համար, որոշ ժամանակ անց Մինսկի խմբի կողմից հակամարտող կողմերին առաջարկվում է խնդրի կարգավորման «Փուլային» տարբերակը, որը, թեև չէր սահմանում Ղարաբաղի կարգավիճակը, սակայն լուծումներ էր առաջարկում առաջնային խնդիրների կարգավորման՝ անվտանգության, տարածքների, փախստականների, վստահության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման ու ապաշրջափակման, մի խոսքով՝ խաղաղության հաստատման ուղղությամբ: Ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանն էր իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում նշում՝ խոսքը չէր վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն, խոսքը վերաբերում էր Ղարաբաղը հայկական պահելուն:
Ի դեպ, ընդունելով «Փուլային» տարբերակը, Ադրբեջանը հրապարակայնորեն պատրաստակամություն էր հայտնել՝ շարժվելու այդ տրամաբանությամբ: Նախագահ Հեյդար Ալիևը հատուկ ուղերձով էր հանդես եկել, որում մասնավորապես ասվում էր հետևյալը. «Ես հայ ժողովրդին եմ դիմում կոչով՝ միավորել առողջ ուժերը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, խաղաղության հաստատման համար: Ադրբեջանում ես գլխավորում եմ առողջ ուժերը և գտնում եմ, որ Հայաստանում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դիրք է գրավում: Իբրև դրա օրինակ կարող են ծառայել Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները: Դա շատ խելամիտ մոտեցում է հարցի լուծման հանդեպ»:
Թե Հայաստանում ներքաղաքական ինչ մեկնաբանությունների ու քննադատությունների առիթ հանդիսացան «Փուլային» տարբերակի վերաբերյալ քննարկումները, դա այլ թեմա է, սակայն, հետ հայացք գցելով վերջին 30 տարիների իրադարձությունների վրա, վստահաբար կարելի է պնդել, որ տվյալ տարբերակի ու դրա հետ փոխկապակցված իրադարձությունների վերաբերյալ քաղհասարակական շրջանակներում տարածված միֆերը երբևէ շրջանառված ամենամեծ կեղծիքներն են: Այն մանիպուլյացիաները, կիսաճշմարտություններն ու կատարյալ ստերը, որոնք տարիներ շարունակ հնչում էին 1997 թվականի «Փուլային» տարբերակի վերաբերյալ, ըստ էության, նպատակ էին հետապնդում Ղարաբաղի հարցը չլուծելու՝ հավատացած լինելով, որ 1994 թվականի զինադադարով ձևավորված ստատուս քվոն հնարավոր է լինելու պահպանել հավետ: Ինչպես դեռևս 1998 թվականի այս օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Տեր-Պետրոսյանն էր համոզմունքով արձանագրել՝ փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն չունեին և շատերն, առանձնապես, դա չէին էլ թաքցնում:
Ինչևէ: Ամփոփելով տվյալ թեման, հարկ է նաև արձանագրել, որ Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի թողած բանակցային ժառանգությունը լիովին համապատասխանում էր դեռևս 1993 թվականին Հայաստանի և Ղարաբաղի միջև կնքված ու վերջերս գաղտնազերծված ուշագրավ պայմանագրի դրույթներին: Տվյալ պայմանագրով, որի հեղինակը նախագահ Տեր-Պետրոսյանն էր, Հայաստանը պարտավորվում էր՝
- ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, իսկ գոյության սպառնալիքի դեպքում՝ անմիջական ռազմական միջամտություն իրականացնել;
- բացառել Լաչինն Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունը;
- հետագայում պայքարել Ղարաբաղի համար ընդունելի կարգավիճակ ձեռք բերելու համար:
Տեր-Պետրոսյանի թողած ժառանգությունը, այո´, հենց «Փուլային» տարբերակը, ոչ միայն, ինչպես նշվեց, լիովին համապատասխանում էր գաղտնի պայմանագրում սահմանված դրույթներին, այլև, նկատի ունենալով հաղթական զինադադարն ու Ղարաբաղի՝ հակամարտության կողմ ճանաչված լինելու հանգամանքը, իրական երազանք էր, որի, թեկուզ չնչին մասը, խնդրելու, բայց այլևս չենք ստանալու։
Եզրափակելով, ցանկանում եմ խոսքս ավարտել նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթներից հետևյալ երկու մեջբերումներով՝
– «Մտավորականը երբեք չպետք է վհատվի և, ավելին, չպետք է վհատեցնի ժողովրդին: Մտավորականը պիտի լինի ազգի վերջին վհատվողը»:
– «Այո´, երբեմն թվում է, թե բանականությունը բեռ է մարդու համար, ինչը կտրել է նրան բնությունից, իսկ երջանկությունը բնության մեջ է»:
Շնորհավոր Ձեր 80-ամյակը, մեծարգո՛ պարոն Նախագահ: Քաջառողջություն Ձեզ և, ինչպես ասում են, մեր գլխից անպակաս լինեք: Իսկ մենք, պարո՛ն Նախագահ, կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի ողջախոհության ճրագը մեր երկրում երբեք չմարի: