Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի համատեքստում առկա են մի շարք հիմնական գերակայություններ: Մասնավորապես՝ սոցիալական աջակցության հասցեականության ու արդյունավետության բարձրացում, վարչական տվյալների շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովում և այլն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ նախորդ տարի և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք է դրվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար: «Նախագիծը բխում է նաև ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որի համաձայն մենք պետք է երկրում կրճատենք և վերացնենք ծայրահեղ աղքատությունը, որի հաղթահարման ինստիտուցիոնալ ճանապարհը՝ նոր գնահատման համակարգի ներդրումն է», -ասել է նախարարը:
Որոշմամբ հաստատվել է անապահովության գնահատման կարգը՝ իր բանաձևով, պիլոտային կարգով: «Մենք արդեն հայտարարել ենք, որ Սյունիքի և Կոտայքի մարզերում ենք պիլոտն իրականացնելու: Բացի այդ, մենք նաև 5000 ընտանիքի մասով փորձարկում իրականացրել ենք, և արդյունքները համապատասխանում են նաև մեր սահմանած համակարգին:
Կարդացեք նաև
Նոր համակարգով ՝ գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից, այսինքն՝ պարենային զամբյուղի արժեքից: Իսկ 2025 թվականի համար, այս նախագծով չափահաս մարդկանց համար սահմանվում է 34 581 դրամ, որը Վիճկոմի տվյալներով՝ 2024 թ. երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված են նվազագույն պարենային զամբյուղի չափի մասով: Օրինակ, եթե ունենք մեկ չափահաս անձ, որն ունի 0 եկամուտ, իր նպաստը կկազմի 34 581 դրամ: Գործող համակարգում նպաստի միջին չափը 33 000 դրամ է , իսկ այս նոր համակարգով միջին չափը կբարձրանա և կդառնա 49 330 դրամ», -նշել է Նարեկ Մկրտչյանը:
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը: «Այսինքն, եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, մենք դա միաժամանակ դիտարկում ենք որպես աշխատանքի փնտրելու հայտ և փորձում ենք օգնել նրան աշխատանք գտնելու հարցում: Աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի, այսինքն՝ միանգամից չենք հանի նպաստի համակարգից: Որպեսզի խրախուսենք աշխատանքի ձգտումը ընտանիքների աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրելու ենք եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով»,-ասել է նախարարը:
Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից էլ կախված՝ ընտանիքին հասանելի սոցիալական ծառայությունների փաթեթներ են տրամադրվելու: Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա աջակցության, կոմունալ, կրթական ծառայությունների, առողջապահական ոլորտի որոշակի արտոնություններ և այլն: «Ապահովում ենք, որ ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքներն ունենան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով: Ընդ որում՝ բացառապես խոցելի խնամառու անդամներից բաղկացած ընտանիքները կստանան նաև հավելումներ»,-նշել է Նարեկ Մկրտչյանը և հավելել, որ անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվելու է 2025 թ. մարտի 17-ից:
Նախարարը հայտնել է նաև, այդ ընթացքում ակտիվ իրազեկման աշխատանքներ կիրականացվեն, տվյալները կհավաքագրվեն: Համակարգն աշխատելու է ամբողջությամբ ավտոմատացված, հայտը ներկայացվելու է օնլայն , որից հետո տեղի է ունենալու տվյալների ավտոմատացված հավաքագրում և համադրում: Հաջորդիվ, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը, ըստ անհրաժեշտության, տունայց է իրականացնելու և թվայնացված գործիքով գնահատելու է կարիքը: Գնահատված կարիքին համարժեք ծառայություններ են առաջարկվելու և աշխատանք:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ աղքատությունը հաղթահարվում է աշխատանքով, եթե քաղաքացին աշխատունակ է, նա պետք է հաղթահարի աղքատությունն իր աշխատանքով: Վարչապետն անընդունելի է համարել այն, որ չաշխատելու աշխատավարձը կարող է աշխատելու աշխատավարձից ավելի բարձր լինել: «Նման ծրագրերով մենք աշխատանքի նկատմամբ հարգանքը նվազեցնում ենք, մենք վաստակող մարդու արժեքը նվազեցնում ենք: Աղքատությունը հաղթահարում են միայն աշխատանքով, նա ով չի ուզում աշխատի՝ աղքատությունն իր ընտրությունն է»,-ամփոփել է երկրի ղեկավարը:
Կառավարությունը դրական դիրքորոշում է արտահայտել «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ
Կառավարությունը առաջարկություններ և դրական դիրքորոշում է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ինչպես նշել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրինագիծը Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով: «Այժմ Կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Նախ՝ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն և նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի շուրջ ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Տեղյակ ենք, որ ակնհայտորեն ԵՄ-ն և անդամ երկրներն ունեն շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ, ազատ մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ, զարգացած գիտություն: Նաև Դուք՝ պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն կիրառվել են կամ քննարկվում եմ մեր և ԵՄ-ի միջև: Օրինակ՝ գործընկերության նոր օրակարգը և այլն: Եվ ահա, ելնելով այս հանգամանքներից, մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել, իհարկե, նաև որոշ առաջարկներ ունենք՝ առավելապես իրավական տեխնիկայի առումով: Առաջարկում ենք, օրինակ՝ համարակալել դրույթները, ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել և այլն: Եվ ըստ բովանդակության, որը բովանդակային կամ գուցե նաև ինչ-որ առումով խմբագրական կարելի է համարել, առաջարկում ենք «հռչակում է» բառը փոխարինել «հայտարարում է» բառով»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «2023 թվականի աշնանը ես Եվրոպական խորհրդարանում ելույթ եմ ունեցել, որի հիմնական ուղերձը եղել է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ելույթին արձագանքն աննախադեպ էր: Այդ ելույթից հետո 2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն եռակողմ հանդիպում: Ըստ վարչապետի՝ դա աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր, և այս արձագանքների ֆոնին քաղաքացիական նախաձեռնություն է ձևավորվել և Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված կարգով 50 000 ստորագրություն հավաքելով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ սա առաջին օրենսդրական նախաձեռնությունն է, որը ծագումնաբանության այսպիսի պատմություն ունի և ընդգծել, որ դե յուրե Կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ, որ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը: «Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը բառիս հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ Կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով: Ուրիշ տարբերակ չկա»,- ասել է վարչապետը և հավելել. «Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեր այսօրվա դիրքորոշումը այս համատեքստում դիտարկելով հանդերձ՝ այս օրենքի ընդունման պարագայում, անհրաժեշտ է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը. «Ո՞րն է այդ պատկերացումը: Պատկերացումը հետևյալն է, որ այս օրենքի ընդունումից հետո, մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»:
Հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար երկրի ղեկավարն ընդգծել է, որ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունները, Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահին որևէ այլ գործողություն չունի անելու: «Բայց նաև արձանագրենք, որ այս ընթացքում շատ լուրջ զարգացումներ տեղի են ունեցել Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Դրանցից մեկը վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկն է: Մի հարց, որը Հայաստանի օրակարգում եղել է տասնյակ տարիներ: Առանց չափազանցության՝ տասնյակ տարիներ, բայց նաև այս հարաբերությունների այս մթնոլորտը հասկանալիորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ստեղծել, ձևավորել է ակնկալիք՝ այս հարցը հնարավորինս արագ և արդյունավետ լուծում կստանա, մանավանդ հիմա, որ Եվրոպական միության երկրներ վիզաներ ստանալու հետ կապված մեծ խնդիր կա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսքը շարունակելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչո՞ւ կառավարությունը չի առարկում այս նախագծի ընդունմանը, որովհետև մենք արդեն իսկ արել ենք հայտարարությունը եվրոպական ամենաբարձր հարթակից, և պետք է մեր քաղաքական գործողությունները լինեն հետևողական, և մենք հետևողական պետք է լինենք մեր քաղաքական գործողությունների մեջ»:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է մեր պետական շահերի վրա՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի վրա: Եվ այս մոտեցումը բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում է, համենայնդեպս, մինչև այն պահը, երբ արդեն հանրաքվեով որոշում կայացնելու անհրաժեշտություն կառաջանա: Իսկ այդ համատեքստում արդեն կունենանք բոլորովին ուրիշ իրավիճակ, և արտաքին, ներքին քաղաքականությունների մասին մեր պատկերացումները որոշակիորեն այդ պահին պետք է համապատասխանեցվեն այդ պահի պատկերացումներին»:
Վարչապետն անդրադարձել է նաև եվրոպական երկրների դեսպանատներում վիզաների համար գոյացող հերթերի խնդրին և նշել, որ այն շատ մեծ դժգոհություններ է առաջացնում: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին, որ խնդրով զբաղվեն:
Վարչապետը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանից Եվրամիություն ուղևորահոսքի զգալի աճի պատճառները: «Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ երկրներն ու պաշտոնյաներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի են: Այսինքն՝ իրենք կանխատեսում են, որ 1 տարվա կամ 1 ամսվա մեջ պիտի 300 մարդու համար վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի դիտարկմամբ՝ ԵՄ երկրներ ուղևորահոսքի աճի պատճառներից են ավիացիոն ոլորտում բարեփոխումները, ինչպես նաև այն, որ Հայաստանի քաղաքացիների սպառողական վարքագիծը փոխվել է, ինչն էլ կապված է քաղաքացիների ֆինանսական հնարավորությունների հետ։
Երկարաձգվել է անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի համակարգի իրականացման ժամկետը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի հստակեցնելու, իրականացման ժամկետները երկարաձգելու նպատակով: Ըստ այդմ՝ հետվճարի համակարգը կգործի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը շարունակվելու է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը կատարած անկանխիկ գործառնությունների համար), «կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ) և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է: Սահմանվել է նաև, որ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրը մեկնարկել է 2022-ի հուլիսից, և այս տարիների ընթացքում աճել են թե՛ գործարքների ծավալները, թե՛ շահառուների թիվը. «Եթե ներկայացնենք մեկնարկի պահից թվային ցուցանիշները, ապա կարող եմ ասել, որ զրոյական մակարդակից անկանխիկի ընդհանուր ծավալը հասել է 171,7 մլրդ դրամի, իսկ այս ընթացքում մեր հայրենակիցներին վերադարձրել ենք 15,2 մլրդ դրամ: Շահառուների թիվը մեկնարկի պահին 16 հազար էր առաջին ամիսը, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունեինք շուրջ 278 հազար շահառու: Ակնկալում ենք, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300 հազարի շեմը: Մեկ շահառուի գծով հաշվարկված ամսական գումարը 2022-ի դեկտեմբերին կազմել էր 3079 դրամ, 2023 թվականին այդ արժեքը 3400 էր, իսկ 2024-ի նոյեմբերին՝ արդեն 4190 դրամ: Նոյեմբերի տվյալներով՝ շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ այն Կառավարության հաջողված որոշումներից մեկն է, ինչի մասին փաստում են թվերը: «Մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Բայց ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է: Եվ կարող է հետագայում՝ թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս, պետք է ոչ թե ասենք, որ մենք բազային թոշակը բարձրացնում ենք 5000 դրամով, այլ ասենք՝ անկանխիկ առևտրից հետվճարը բարձրացնում ենք, 12-ից դարձնում ենք 15, 15-ից դարձնում ենք 17, 17-ից դարձնում ենք 20: Կարծում եմ՝ ոչ մի անազնիվ բան չկա սրա մեջ»,– ասել է վարչապետը և հավելել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022-ին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան պարենային զամբյուղը:
Վարժական հավաքներ՝ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Սահմանվել է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
Որոշումներից մեկով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Երևանի Կենտրոն Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող հողամասն օտարել դասական աճուրդով: Գույքը ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքով գրանցվել և հաշվառվել է Կոմիտեի հաշվեկշռում։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 411 100 000 ՀՀ դրամ։
Կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների գերօգտագործման ծավալների էական կրճատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Հնարավորինս կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը։ Կբացառվեն կամ առնվազն էականորեն կնվազեն քաղաքացիների և տնտեսվարողների կողմից ներկայացվող ոչ բավարար հիմնավորվածությամբ հայտերը, էականորեն կմեծանա կենսապաշարների օգտագործման արդյունավետությունը։ Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հիմք ընդունելով՝ հանրապետությունում վերջին տասնամյակների գնաճը, կենսապաշարների հանդեպ ձևավորված սպառողական վերաբերմունքը, որոշ կենդանատեսակների (մասնավորապես՝ սիգի և խեցգետնի) պաշարների նվազման միտումները, ինչպես նաև դրանց շուկայական գները, ինչպես նաև որոշ կենդանատեսակների հանդեպ՝ միջազգային առևտրի տեսանկյունից հետաքրքրության բարձրացումը, վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ դրանք ավելացնելով մինչև 2 անգամ, Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը վերանայվել են՝ գործող 1.3 գործակցի հաշվարկով։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Պայմանագիրը 236 մլն եվրո գումարի չափով է: Նախատեսված միջոցներն ուղղվելու են Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։ Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ: Ծրագրի շրջանակում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ։ Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թ. դեկտեմբերը: Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրն հնարավորություն է ընձեռնում՝ արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում լավագույնս օգտագործելու Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը հնարավորություն կստեղծի անվտանգության և պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Համաձայնագիրը կնպաստի եվրոպական կառույցների հետ ինտեգրման գործընթացի և երկկողմ գործընկերության զարգացմանը՝ ուժեղացնելու ՀՀ դիմակայնությունը արտակարգ իրավիճակների ոլորտում, կխթանի ՀՀ-ից վերապատրաստման մեկնող անձնակազմի մասնագիտական աճը, արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում պատրաստվածության բարձրացումը։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հուշագրի ստորագրումը կխթանի սպորտի ոլորտում արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը: Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ապահովել երկու պետությունների միջև զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման փորձի փոխանակումը, գիտական աշխատանքների, սպորտի և պարասպորտի ոլորտում վերջին նվաճումների, սպորտային ախտորոշման, բժշկական և կենսաբանական օգնության մեթոդների և ժամանակակից գիտական սարքավորումների կիրառման մասին տեղեկատվության փոխանակումը բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկների մարզման ժամանակ: Հուշագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը կնպաստի նաև մարզական ֆեդերացիաների միջև համագործակցությանը և համատեղ մարզական միջոցառումների, հանդիպումների, խորհրդակցությունների և փորձի ու տեղեկությունների փոխանակման կազմակերպմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից` ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` 2 մլն եվրո: Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:
Այլ որոշումներ. հաստատվել են Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները
Կառավարությունը հաստատել է Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները: Որոշման նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացությանը չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով՝ նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը: Արդյունքում՝ կապահովվի թանգարաններին կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
Կառավարությունը սահմանել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը: Արդյունքում՝ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ