Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Այսքան անադեկվատ, այսքան իրականությունից կտրված, Ալիեւի ուղղակի սպառնալիքին…»

Հունվար 09,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խաղաղության պայմանագրին եւ այդ ֆոնի վրա Իլհամ Ալիեւի՝ օրերս ինքնիշխան Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին՝ ասաց. «Ադրբեջանի նախագահը ջարդեց Նիկոլ Փաշինյանի ֆեյք խաղաղության օրակարգը:

Ալիեւը հայտարարեց, որ չի լինելու խաղաղության որեւէ պայմանագիր: Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը ձեզ բոլորիդ կերակրում է խաղաղության ֆեյք օրակարգով, բառացի մեջբերում եմ. Ալիեւը հայտարարեց. «Չի ստորագրվելու որեւէ խաղաղության պայմանագիր: Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, մեզ առավել եւս որեւէ խաղաղության պայմանագիր պետք չէ: Մենք առանց խաղաղության պայմանագրի էլ մեր հարցերը կլուծենք»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր ասում է, որ մենք պիտի գնանք զիջումների, Ալիեւին պիտի տանք ինչ ուզում է, եւ դրա դիմաց մենք ստանալու ենք խաղաղության պայմանագիր, երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի ստորագրվելու խաղաղության որեւէ պայմանագիր:

Երկրորդ հայտարարությունը, որ արեց Ալիեւը. «Հայաստանը տարածաշրջանային վտանգ է, Հայաստանը ֆաշիստական պետություն է: 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսությամբ ղեկավարներ: Մենք գտնում ենք, որ մեր հարեւանությամբ գոյություն ունեցող Հայաստանը ֆաշիստական պետություն է: Եվ ուրեմն, կամ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը կլուծի ֆաշիստական Հայաստանի հարցերը, կամ մենք դա կլուծենք ինքներս»: Այսինքն, Ալիեւը ուղղակիորեն հայտարարեց, որ ինքը ոչնչացնելու է Հայաստանը, որովհետեւ Ալիեւի հիվանդ ուղեղում Հայաստանը ֆաշիստական պետություն է:

Երրորդ: Ալիեւը սպառնաց Ֆրանսիային եւ մի քանի երկրների: Հայտարարեց, որ Հայաստանը պարտավոր է դադարեցնել իր բանակի զինումը, որ Հայաստանը պիտի չեղարկի Արեւմուտքի՝ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ կնքված ռազմական բոլոր պայմանագրերը: Եվ խոստացավ դա չլինելու դեպքում ուժով լուծել այդ հարցերը:

Եվ վերջում: Ալիեւը հայտարարեց. «Հայաստանը գիտի, որ մեզ նյարդայնացնել չի կարելի: Հայաստանը շատ լավ գիտի եւ իր մաշկի վրա զգացել է՝ ինչ գին է վճարում ինքը մեզ ափերից հանելու արդյունքում, որովհետեւ ժամանակակից աշխարհում ամեն ինչ որոշում են ոչ թե օրենքները եւ սահմանադրությունները, այլ ուժը»: Այսպիսով, եթե ամփոփենք, Ալիեւը հայտարարեց՝ ես ոչնչացնելու եմ Հայաստանը»:

Տիկին Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ նրան, թե ի՞նչ հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Արմենպրեսին տված հարցազրույցում որակեց, որ Ալիեւը լեգիտիմ հիմքեր է ստեղծում նոր պատերազմի, նոր էսկալացիայի համար: Այո, ստեղծում է: Այո, հարձակվելու է: Եվ այդ նոր պատերազմի լեգիտիմ հիմքերը Ալիեւին տվել ես դու՝ Նիկոլ Վովայի Փաշինյան: Եվ ի՞նչ արեց Նիկոլը: Նորմալ, ադեկվատ ղեկավարը այս հայտարարություններից հետո կհրավիրեր Անվտանգության խորհրդի նիստ, բանակը կբերեր N 1 պատրաստվածության աստիճանի, քաղաքական ուժերին կհրավիրեր քաղաքական կոնսուլտացիաների: Դրա փոխարեն տեսնում ենք, որ Նիկոլ Փaշինյանը 6500 հեծանիվ է բաժանում դպրոցներին: Դրա փոխարեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անցած տարվա «վիչինայով» ձվածեղ է պատրաստում: Դրա փոխարեն, ի արձագանք Ալիեւի հայտարարությունների, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական կին Աննա Հակոբյանի հետ երեկ անոնս է անում իրենց հերթական քարդաշյան փոդքաստը: Սա է մեր իրականությունը:

Այսքան անադեկվատ, այսքան իրականությունից կտրված, Ալիեւի ուղղակի սպառնալիքին, որ ոչնչացնելու է Հայաստանը արձագանքել փտած «վիչինայով» ձվածեղով, կարող է անել միայն թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը սպասարկող, օտար ուժերին ծառայող ղեկավարը: Սա է իրականությունը:

Եվ մենք տեսնում ենք, որ նախօրեին Թրամփը հայտարարեց, որ Սիրիայում հաղթել է Էրդողանը եւ իրեն դուր է գալիս Էրդողանի քաղաքականությունը, որին համարում է իր մեծագույն բարեկամներից մեկը, մենք այս ամբողջ ֆոնին կարող ենք ենթադրել, որ, ըստ էության, ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում, որի հիմքերը Ալիեւը դրեց երկու օր առաջ, Ադրբեջանը ունենալու է առնվազն Միացյալ Նահանգների աջակցությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031