2024 թվականին մենք ունենք բարձր կատարողական՝ 1 միլիարդ 450 միլիոնի շրջանառություն ենք ունեցել ռազմարդյունաբերության ոլորտում․ այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով անցած ժամանակահատվածի համար հնչած քննադատություններին, որ ոլորտում բյուջեի թերակատարումներ են եղել։
2023-ին ոլորտի շրջանառությունը 1,1 միլիարդ է կազմել։ Նա հայտարարեց, որ տարեկան սահմանված բյուջեով 4,5 միլիարդ է նախատեսված ոլորտի զարգացման համար եւ կատարված բարեփոխումները թույլ կտան գաղափարից-արդյունք շղթան ապահովել՝ առավել լավ միջավայրով։ Այս համատեքստում էլ հայտարարեց, որ 2025-ը ռազմարդյունաբերողների համար բեկումնային տարի է լինելու։
«Տասնամյակներ շարունակ ռազմարդյունաբերական ընկերությունները, որոնք պայմանագիր էին կնքում ՊՆ-ի հետ՝ սեփական պրոդուկտները մատակարարելիս հաշվի էր առնվում, որ անհրաժեշտ էր սահմանել շահույթի շեմ, ինչը սահմանափակում էր մեր ընկերություններին 15%-անոց շահույթի շեմով: Մեզ հաջողվեց երկարատեւ բանակցությունների, քննարկումների արդյունքում գնալ այս կարևոր և համարձակ որոշմանը: Հիմա շահույթի շեմը հանվել է ու ըստ էության, ռազմաարդյունաբերողները եւ հիմնական պատվիրատուները այլեւս բանակցությունների միջոցով կկարողանան սահմանել գինը: Սա յուրօրինակ ձեւով, թույլ տվեք ասել, թթվածին է լինելու ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների համար»,- հայտարարեց Մխիթար Հայրապետյանը:
Նույն ակտիվությունը նա ակնկալում է տեխնոլոգիական ոլորտում։ Մխիթար Հայրապետյանը հույս ունի, որ հռչակված եւ իրականացվելիք ծրագրերի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ միայն տարածաշրջանային, այլ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն։
Կարդացեք նաև
Հարց հնչեց այն մասին, որ Armsat-1 ծրագրում միլիոնավոր դոլարների առերևույթ չարաշահումներ են եղել։ Դատախազությունը հայտարարել էր առաջին հայկական արբանյակի հետ կապված քրեական վարույթի մասին, բայց չի մանրամասնում՝ արդյոք հարցաքննել են նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն արբանյակի ստեղծման ժամանակ ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նաև նախագահի անունը։ Արբանյակը հայկական կողմին վաճառած իսպանական ընկերության ներկայացուցիչներն էլ մի շարք հարցեր են հնչեցրել։
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ գործի մանրամասներին առանձնապես ծանոթ էլ չէ՝ նախաքննական գաղտնիքի բերումով, բայց իր տեղեկություններով` նախարարությունից ոչ ոք չի հարցաքննվել։ Իսկ իսպանական կողմց հնչած հարցերին հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ իր համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ արբանյակը Հայաստանին վաճառած իսպանական ընկերության ներկայացուցիչները պետք է տեղեկացված լինեն, թե արբանյակի նկարահանումներն ի՞նչ նպատակով են օգտագործվում։ Որ արբանյակը նկարահանումներ արել է՝ նա հաստատեց ու ոչ հիմա, ոչ էլ երբեւէ չի բարձրաձայնելու, թե ի՞նչ նպատակի համար են օգտագործվելու լուսանկարները։ Իսպանական կողմի ներկայացուցիչները հիշեցնենք, հայտարարել էին, որ դրանք Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացում են օգտագործվում։
Նա հայտարարեց՝ 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել ու հավելեց, որ ամբողջ կրթական ծրագրի շրջանակում մասնագետներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու գործընթացը եւս այդ գումարի շրջանակներում է եղել․«Դրա շրջանակներում 2022-ին ձեռք է բերվել արբանյակը և այդ բյուջեի շրջանակում կառուցվել է երկնային կայանը, որը ոչ միայն ծառայում է «Հայասաթ-1»-ին, այլև ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ՀՀ-ն ձեռք կբերի, ապագայում նաև կկառուցի»։
Մխիթար Հայրապետյանը նաեւ ասաց, որ քրեական գործի բերումով հանրության շրջանում օբյեկտիվորեն հարցադրումներ են բարձրացվել․«Այն պարամետրերը, որոնք նշված են եղել ձեռք բերվելիս, այդ պարամետրերով էլ գնումը կատարվել է։ Դրանք աշխարհում լավագույնը չեն կարող համարվել, բայց ՀՀ-ն առաջին քայլն է անում տիեզերական ոլորտում իր տեղն ունենալու և կարողություններ ու գիտելիքներ հավաքագրելու համար»։
Նա չբացառեց, որ վերջնարդյունքում գործը նաեւ կարճվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ