Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ցավը նյութականը չէ, այլ՝ ապրած կյանքը և մեր հողը, որտեղ բացարձակ երջանիկ էինք». «Ապառաժ»

Հունվար 09,2025 16:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Մեդինա Մեժլումյանի համար Արցախի հայաթափումն ու գաղթի ճանապարհը մշտարթուն ցավ է․․․ Անգամ այն պահերին, երբ ուրախանում, ծիծաղում և տարբեր միջոցառումների է մասնակցում, միևնույն է՝ այդ ցավն իրեն զգացնել է տալիս։ Մեդինայի ընտանիքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում է հաստատվել․ տեղահանվել են Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։

Երբեք չէր կարող պատկերացնել, որ կլքի հարազատ գյուղը․ ամենացավալին ընտանեկան ալբոմներն են, որ թողել է տանը

-Ցավալի արտահայտությունով եմ սկսելու մեր զրույցը։ Բաքվից մի փախստական, ում հետ ծանոթացել եմ այստեղ, մի արտահայտություն է արել՝ ասելով, որ տեղի բնակչության համար դուք միշտ մնալու եք որպես փախստական, ու այդ պիտակը ձեր ճակատին կպցրած է լինելու ընդմիշտ։ Ասել է՝ ելնելով իր սեփական փորձից։ Այդ խոսքերն ազդել են ինձ ու երկար մտածելու տեղիք տվել։ Երբ կարդում էինք, որ Վանից մազապուրծ փրկված տատը մինչև իր մահվան վերջին օրը կորցրած հայրենիքից, եղբայրներից կամ քույրերից էր խոսում, երբեք չէինք պատկերացնում, որ ինքներս կդառնանք այդ տատիկը։

Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 19-ին, կեսօրին մոտ ու տեղափոխվել Ստեփանակերտի օդանավակայան։ Հանգամանքներն այնպես են դասավորվել (հիմնականում վառելիքի բացակայությունն էր պատճառը), որ ես այլևս մեր գյուղ ոտք չեմ դրել։ Տանից դուրս եմ եկել բոլորովին դատարկաձեռն՝ վերցնելով միայն փաստաթղթերը։ Ինձ համար ամենացավալին մեր ընտանեկան ալբոմներն են, որ մնացել են տանը։ Գլխիցս դուրս չի գալիս դա, և կարելի է ասել, որ այն ինձ մոտ հոգեբանական տրավմայի պատճառ է դարձել։ Այդ ալբոմների մեջ իմ երեխաների ողջ մանկությունն էր, իմ ընտանիքի ամեն մի քայլը։ Դեռևս 2016-ին էի մեր նկարները հավաքել մի մեծ տուփի մեջ և պահում էի խնամքով։ Անգամ 2020-ին հաջողվել է այն հասցնել Հայաստան ու նորից հետ տանել գյուղ։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին, չգիտեմ ինչու, այդպես ստացվեց։ Երբ պատերազմը սկսվեց, ես դպրոցում էի։ Սկսվեց մի մղձավանջ, բոլորս իջանք դպրոցի ապաստարան, որը չի կարելի ապաստարան անվանել։ Երեխաները լացում էին, փոքրերը ծնողներին կանչում։ Կապի միջոց չկար, խուճապահար էին մեծ, թե փոքր։ Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո դուրս եկանք նկուղից ու վազեցինք տուն, իսկ հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Սեպտեմբերի 25-ին ենք դուրս եկել Արցախից։ 6 հոգով տեղավորվել էինք մեր փոքր մեքենայի մեջ։ Երեք օր ճանապարհ անցնելուց հետո հասել ենք Հակարի, որի սարսափը նկարագրելու կարիք չկա։ Անզեն հայտնվել ենք անկանխատեսելի թշնամու կողքին․ մեր ձեռքի միակ զենքը պանրի դանակն էր, այն էլ շպրտել էինք ճանապարհին։

Ասում է՝ մեր ցավը նյութականը չէ, այլ ապրած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք

-Կուզենայի, որ բոլորը հասկանան՝ մեր ցավը նյութականը չէ, որ մնացել է Արցախում։ Մեր ցավը մեր տները, գույքը, մեքենաները և ոչ էլ բարձր աշխատավարձերն են, որի մասին շեշտվում է հաճախակի։ Մեր ցավը մեր այնտեղ թողած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք։ Ես համոզված չեմ, որ իմ տունը կանգուն է, բայց եթե հնարավորություն լինի վերադառնալու, ապա ես վերադարձողների մեջ առաջինը կլինեմ։ Տարիներ առաջ հոդված էի գրել Խրամորթ գյուղի մասին ու այն վերնագրել «Մոխրից տուն շինողները»։ Ես համաձայն եմ մոխրից տուն կառուցել, լինել հարազատներիս ու հարևաններիս կողքին։ Ծանր եմ տանում, որ սփռվել ենք տարբեր տեղեր, և չեմ գտնում, որ ժամանակը բուժում է մեր վերքերը։ Ընդհակառակը՝ ժամանակը մեզ ավելի է հեռացնում և օտարացնում իրարից։

Հաճախակի են հարցնում՝ կգնա՞ք Արցախ ու կապրե՞ք թշնամու հետ։ Այդ հարցից ես ցնցվում եմ․ ապրելու լինեի՝ կմնայի այնտեղ։ Տարօրինակ հարցեր են երբեմն հնչում։ Զարմանալին այն է, որ հարց տվողները չեն հասկանում իրենց ասածի իմաստը։ Չեն հասկանում, որ անհնարին է ապրել թշնամու հետ։ Չեն հասկանում՝ ինչքան դաժան է, երբ հայրենիքիդ մի մասնիկը տեսնելու համար ստիպված ես նայել թշնամու տարածած տեսանյութերը, մանրակրկիտ ուսումնասիրել և հոգու խորքում մտածել, թե ինչո՞ւ չեն տեղադրում նաև քո գյուղից։ Եվ դա ոչ թե ողբերգություն է, այլ նվաստացում, որ թշնամիդ է քեզ հնարավորություն տալիս թեկուզ մի ծառ տեսնել քո ծննդավայրից։

Ուշադրություն եմ դարձնում սոցիալական ցանցերում արցախահայության տարածած այն հրապարակումներին, որտեղ անդրադառնում են հիմնականում 9-ամսյա շրջափակմանն ու դրա հետևանքով կրած դժվարություններին։ Այնպես է ստացվում, որ ասես Արցախի դժվարությունները միայն այդ 9 ամիսներին էին, այնինչ՝ Արցախը շուրջ 35 տարի մաքառել է, արցախցին ցանկացել է ապրել միայն իր հողում։ Այդ մասին պետք է միշտ շեշտվի։ Արցախցին դիմակայել է տարիներ շարունակ, ու այդ 9 ամիսներն արյան ծովի վերջին կաթիլն էին մեզ համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031