Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային տրանսպորտից օգտվելու որոշ նրբություններ՝ եվրոպական տարբեր քաղաքներից

Հունվար 09,2025 15:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ներքաղաքային տրանսպորտի տոմսերը, որոնք գնվում են TelCell-ից եւ ունեն QR կոդ, գործում ընդամենը երեք օր, ասաց, որ ավագանին համապատասխան որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով վիճակագրությունը, որն իրենք վերլուծել են, ըստ որի, մեկանգամյա տոմսերը սպառվում են հենց երեք օրվա ընթացքում: Ապա, որպես օրինակ հավելեց, որ «Բեռլինում նույն մեկ ուղեւորությունը երկու ժամ է ընդհանրապես, չորս օր էլ չի, գնման պահից ակտիվանում է, եւ գործում է երկու ժամ»:

Այս տեղեկությունը թերի է, եւ ըստ էության, շփոթեցնող, քանի որ իրականում Բեռլինում մեկանգամյա ուղեւորատոմսը ակտիվանում է ոչ թե գնման պահից, այլ այն համապատասխան սարքով վավերացնելուց՝ «վալիդացնելուց» հետո: Այսինքն, ըստ էության, կարելի է գնել թեկուզ հիսուն հատ մեկանգամյա տոմս եւ ամեն տոմսն ակտիվացնել բուն ուղեւորությունից առաջ (ընթացքում):

Նման ձեւով են գործում Եվրոպայի գրեթե բոլոր քաղաքների տրանսպորտային համակարգերը: Օրինակ, Հռոմի քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, եթե գնում ես ոչ թե մեկ, երկու, հինգ օրվա փաթեթ, այլ վերցնում ես մեկանգամյա ուղեւորության տոմսեր, դրանք գործում են 100 րոպե՝ առաջին օգտագործումից ի վեր: Այսինքն, մեկանգամյա ուղեւորության ընթացքում դու կարող ես ուղեւորվել թեկուզ տաս անգամ, բայց 100 րոպեի ընթացքում:

Լոնդոնում մեկանգամյա ուղեւորությունը գործում է մեկ ժամվա ընթացքում՝ կրկին տոմսը վավերացնելուց հետո: Ավելին, Լոնդոնում գնած չօգտագործված մեկանգամյա տոմսերը անգամ վերադարձի են ենթակա, եթե ինչ-ինչ պատճառով չեն օգտագործվել: Ի դեպ, Լոնդոնում բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելիս, հնարավոր է վճարումը կատարել բանկային քարտով կամ օնլայն բանկինգի միջոցով՝ անմիջապես վարորդին:

Աթենքում նույնպես վաճառվում են մեկանգամյա ուղեւորությունների տոմսեր, որոնք արժեն 1,20 եվրո եւ գործում են 90 րոպե՝ վավերացնելուց հետո: Սակայն ավելի մատչելի է գնել 10+1 հատ մեկանգամյա ուղեւորության փաթեթ, որը կարժենա 12 եվրո: Ընդ որում, Աթենքում տրանսպորտի համար զեղչերի համակարգը շատ մարդասիրական է: Այնտեղ, օրինակ, անվճար կարող են երթեւեկել գրանցված գործազուրկները, հաշմանդամություն ունեցող (որոշակի չափանիշների համապատասխանող) անձինք, հանրակրթական բոլոր մակարդակներում սովորողները, եթե դպրոցը հեռու է տնից, եւ այլն, անվճար եւ զեղչով տոմսերի մասին ողջ տեղեկատվությունը՝ այստեղ:

Բրյուսելում էլ, մեկանգամյա ուղեւորությունը գործում է մեկ ժամվա ընթացքում՝ առաջին վավերացումից հետո: Բրյուսելում էլ հնարավոր է օգտագործել օնլայն բանկինգը կամ բանկային քարտը՝ վճարում կատարելու համար, եւ չգնել թղթե կամ օնլայն տոմսեր: Կա նաեւ տասը ուղեւորության համար նախատեսված տոմս, որն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո 18 ամիս: Անգամ թղթե տոմսակը գնումից հետո մինչեւ 18 ամիս ուժի մեջ է, կարելի է օգտագործել, եթե չի վավերացվել: Իսկ թե ինչ հսկա արտոնություններ ունեն Բրյուսելում սովորող դպրոցականներն ու ուսանողները, ի տարբերություն Երեւանում սովորողների, կարող եք տեսնել այստեղ: Անձնական օրինակով էլ ասեմ, որ իմ 18 տարեկան դուստրը, որն ուսանող է Բրյուսելում, տարեկան անսահմանափակ օգտագործման ուղետոմսը ձեռք է բերել 18 եվրոյով: Կրկնեմ՝ մեկ տարվա համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031