«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը զրուցել է Թեհրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի հետազոտող-վերլուծաբան Էհսան Մովահեդիանի հետ՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայի և Ադրբեջանի ստեղծած վառելիքային ճգնաժամի և այդ երկրների տրանսպորտային միջանցքների ծրագրերի մասին։
Ըստ Մովահեդիանի՝ «Իրանի ձեռնարկած վառելիքի մաքսանենգության դեմ պայքարում Թուրքիան խնդիրներ է ստեղծել, որին միացել է նաև Ադրբեջանը։ Վերջինս, Թուրքիայի հետ համագործակցելով, փակել է Նախիջևան-Իրան սահմանակետը՝ թույլ չտալով իրանական բեռնատարներին օգտվել Նախիջևանի տարանցիկ ճանապարհից: Իրանը գործադրում է «Բաք-ե փուր (Լիքը բենզաբաք)» օրենքը, որի նպատակը թուրքական բեռնատարների միջոցով կատարվող վառելիքի մաքսանենգության կանխումն է։ Թուրքիան, ի պատասխան Իրանի, սահմանել է 115 տոկոսանոց սպառման հատուկ հարկ, որը պետք է վճարեն իրանական բեռնատարները, իսկ Ադրբեջանն էլ իրանական բեռնատարների համար փակել է Աստարայի (Իրան-Ադրբեջան) և Փոլդաշտի (Իրան-Նախիջևան) սահմանակետերը։
Վառելիքի մաքսանենգությունը բավական երկար պատմություն ունի․ վերջին 50-60 տարիների ընթացքում թուրքական բեռնատարները, որոնք Իրանով Ադրբեջան էին գնում, իսկ հիմա էլ ուղևորվում են նաև Թուրքմենստան, Իրանի տարածքում էժան և սուբսիդավորված վառելիք էին գնում և ավելացած վառելիքը մաքսանենգ ճանապարհով վաճառում էին։ Հիմա «Բաք-ե փուր» օրենքով Իրանի կառավարությունը պահանջում է, որ թուրքական յուրաքանչյուր բեռնատար, որ դուրս է գալիս Իրանի սահմանից, լիքը բենզաբաքին համարժեք գումար վճարի՝ ըստ վառելիքի միջազգային գների։ Այս քայլով Իրանի Նավթի նախարարությունը նպատակ ունի կանխել մաքսանենգությունը։
Դրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը որոշում է ընդունել՝ իրանական ամեն մի բեռնատարից յուրաքանչյուր լիտր բենզին գնելու դիմաց պահանջել 27 լիտրին համարժեք մաքսատուրք, որը մոտավորապես կազմում է 600 դոլար։ Բնականաբար, իրանական բեռնատարների վարորդների համար դա բավականին մեծ գումար է, և ձեռնտու չէ մտնել Թուրքիայի տարածք, որտեղ բենզինը շատ ավելի թանկ է, քան՝ Իրանում։ Իհարկե, այս գործողությունների նպատակն է ստեղծել խոչընդոտներ Իրանի համար, որպեսզի իրանական բեռնատարներն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով չկարողանան անցնել Եվրոպա։ Այս զարգացումները նաև ցույց են տալիս, որ Իրանի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի և Վրաստանի միջոցով տրասնպորտային կապի ապահովումը դեպի Եվրոպա։
Կարդացեք նաև
Պետք է նշել, որ չնայած խնդիրը Թուրքիայի հետ է, բայց Ալիևն ուղղակիորեն խառնվել է այս զարգացումներին, փակել է Իրանի հետ սահմանակետերը, որպեսզի իրանական բեռնատարները չօգտվեն Ադրբեջանի ճանապարհներից։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համաձայնություն կա․ Իրանի համար տնտեսական խնդիրներ առաջացնելով՝ հասնել աշխարհաքաղաքական իրենց ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Իրանին ստիպել նաև համաձայնելու «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագրին, որին Իրանը համաձայն չէ։ Այստեղ պետք է շեշտել, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդն այս հարցում համակարծիք են, պաշտպանում են իրանական բեռնատարների վարորդների իրավունքները։
Այժմ ընթանում են բանակցություններ, և, մինչ հարցի վերջնական լուծումը, նախատեսվում է սուբսիդավորված գնով 800 լիտր դիզելային վառելիք տրամադրել Թուրքիա մտնող իրանական բեռնատարներին և 1400 լիտր իրանական այն բեռնատարներին, որոնք Թուրքիայի միջով դեպի այլ երկրներ են գնում։ Սա ժամանակավորապես կչեզոքացնի իրանական բեռնատարների համար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջացրած դժվարությունները։ Պետք է նշել, որ հետաքրքիր շարժում է սկսվել Իրանի ժողովրդի մեջ․ իրանցիները, այդ թվում՝ ատրպատականցիները, պաշտպանելով իրանցի վարորդներին, որոնք Թուրքիայի տարածքում ամենատարբեր ճնշումների են ենթարկվում, վառելիք չեն վաճառում թուրքական բեռնատարներին։ Սա նաև իրանցիներին ցույց է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի, նաև՝ պանթյուրքիստների այն պնդումների դատարկությունը, որ «Իրանի համար Հայաստանի սահմանը որևէ էական նշանակություն չունի, քանի որ այդ երկու երկրները տարանցիկ ամենահարմար պայմաններն են ստեղծել Իրանի տրանսպորտային կապը Եվրոպայի հետ իրականացնելու համար»։
Իրանցիների համար այլևս պարզ է, որ սա իրականում Թուրքիայի և Ադրբեջանի՝ ավելի խորը նպատակների բացահայտումն է՝ տարածաշրջանային ճանապարհների, այդ թվում՝ Իրանի տրասնպորտային կապերի հսկողություն և կառավարում։ Այս թեզը բացահայտ է Իրանի ժողովրդի համար։ Իրանական մի իմաստուն խոսք կա, ըստ որի՝ թշնամին ինքնաբացահայտվում է հենց իր գործողությունների շնորհիվ։ Շատ կարևոր է այստեղ նշել, որ այս զարգացումները տարածաշրջանի տրասնպորտային հանգույցների և տարանցիկ ճանապարհների վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ծրագրերի համատեքստում են։ Մասնավորապես՝ դրանք ներառում են Կատար-Թուրքիա-Եվրոպա գազի տեղափոխման, Իրաքի Ալ-Ֆավ նավահանգիստ-Թուրքիա-Եվրոպա, Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Հարավային Կովկաս ճանապարհային ծրագրերը։ Թուրքիայի հսկողությունից դուրս է մնում Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ճանապարհը, որի վերահսկողությունն էլ հնարավոր է նրանց կողմից հորինված «Զանգեզուրի միջանցք»-ի միջոցով, որին հասնելու համար, կարծում եմ, չեն խուսափի նույնիսկ ռազմական ագրեսիայից»։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ