«Մեր հասարակությունը ըստ արժանվույնս չգնահատեց առաջին նախագահին, նրա պետականաստեղծ քաղաքականությունը՝ ճանապարհ հարթելով ազգային գահավիժման և ողբերգության համար»,- ՀՀ առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած պանելային քննարկման բացման խոսքում նկատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առիթով տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ։ Նշեց, որ պայմանավորվածություն ունեն ԵՊՀ պատկան մարմինների հետ, որ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սահմանվի Լևոն Տեր-Պետրոսյանի անվան կրթաթոշակ։
Սուրեն Սուրենյանցը նաև նշեց․ «Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը մշտապես մնացել է առաջին նախագահի բարձրության ստվերում։ Հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ անբարտավանության ճանապարհով մատուցվող կապիպուլյացիային։ Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի հայ իրականության մեծագույն պետական քաղաքական այրն է՝ հաղթանակի և արժանապատիվ խաղաղության ներդաշնակ տեսլականով»։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ պատմությունն, անշուշտ, տալու է արժանապատիվ Հայաստանի և նրա խոհեմ առաջնորդի արժանի գնահատականը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ