Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
Հայցվորը, Հեղինե Պետրոսյանը, ՀՀ քաղաքացի է, ծնվել է 1972 թվականին և ապրում է Հրազդանում:
Գործը վերաբերում է Պետրոսյանի 19-ամյա որդու մահվանը, որը տեղի է ունեցել նրան զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով կալանքի տակ պահելու ընթացքում: Պաշտոնական վարկածով, նա ինքնասպանություն էր գործել իր խցում:
Հայցվորի որդին՝ Հայկ Մովսիսյանը, 2011 թ. հունիսին զորակոչվել էր հայկական բանակ և ուղարկվել Լեռնային Ղարաբաղում գտնվող զորամաս: Շուտով նրան անառողջ հոգեբանական վիճակի պատճառով անպիտան էին ճանաչել և զորացրել:
Կարդացեք նաև
Այնուհետև նա ենթարկվել էր քրեական պատասխանատվության և դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: 2012 թ. նոյեմբերի 28-ին նրան գտել էին խցի պատուհանի ճաղերից կախված՝ անկողնու սավանով:
Գործով իրականացվել է երեք հետաքննություն: Արցախի ոստիկանության ներքին հետաքննությունը եզրակացրել էր, որ «խախտումներ չեն հայտնաբերվել բանտի աշխատակիցների կողմից», իսկ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված երկու քրեական վարույթները դադարեցվել էին՝ հանցագործության ապացույցների բացակայության հիմքով:
Տիկին Պետրոսյանը բողոքարկել է իր որդու գործով կայացված որոշումները ազգային դատարաններում, սակայն ապարդյուն:
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (իրավունքի արդյունավետ պաշտպանության միջոց) հոդվածները՝ տիկին Պետրոսյանը պնդել է, որ իշխանությունները չեն կարողացել տրամադրել իր որդու մահվան վերաբերյալ հավանական բացատրություն: Նա հատկապես նշել է, որ իշխանությունները չեն պարզել, թե ինչպես է իր որդին ինքնասպան եղել վեց այլ կալանավորների ներկայությամբ, առանց նրանց կամ պահակների կողմից նկատվելու: Նա նաև պնդել է, որ իշխանությունները չեն ձեռնարկել միջոցներ իր որդու կյանքը պաշտպանելու համար, չնայած տեղեկացված էին նրա հոգեկան առողջության խնդիրների մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի են ունեցել.
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք և հետաքննություն):
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
Բավարարում՝ ոչ նյութական վնասի համար՝ 50,000 եվրո:
Ավելի ուշ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2025թ․-ի հունվարի 9-ին «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով ընդգծել է. Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են դիմումատուի որդու՝ Հ․ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանության և արդյունավետ քննության իրավունքը։
«Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։
2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ Պաշտոնական հետաքննությունը եզրակացրել էր, որ Հ․Մովսիսյանի մահը ինքնասպանություն էր։ Մայրը՝ Հ․ Պետրոսյանը, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը և չեն իրականացրել նրա մահվան մանրակրկիտ և անաչառ հետաքննություն։
Թե՛ ներպետական ատյաններում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հ․ Մովսիսյանի իրավահաջորդի՝ Հ․ Պետրոսյանի շահերը պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և կազմակերպության նախկին փաստաբան Արայիկ Զալյանի։
ՄԻԵԴ-ի եզրակացությունը՝
- 2-րդ հոդվածի խախտում (Կյանքի իրավունք).
Դատարանը հայտնաբերել է ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։ Մասնավորապես, եզրակացրել, որ.
ՀՀ իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարակում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չի առնվել Հ․Մովսիսյանի խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը։
Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու և որևէ համակարգային կամ անհատական պատասխանատվություն բացահայտելու համար:
- 13-րդ հոդվածի խախտում (Արդյունավետ պաշտպանության իրավունք).
Դատարանը որոշել է , որ դիմումատուին մերժվել է պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցը: ՄԻԵԴ-ը նշել է.
Ընթացակարգային խոչընդոտները թույլ չեն տվել Հ․Պետրոսյանին ամբողջովին մասնակցել քննությանը։ Մեջբերում ենք․
– Դիմումատուն բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել գործի նյութերին ծանոթանալու, հետաքննությանը մասնակցելու և արդարություն գտնելու հարցում: Այս խոչընդոտները, որոնք գումարվել են հետաքննության թափանցիկության և համապարփակ ուսումնասիրության պակասին, ստիպել են նրան 2015 թվականին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ներքին օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չէին ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու և նրա որդու կյանքի իրավունքի խախտումը փոխհատուցելու համար։
ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հ․Պետրոսյանին վճարել 50․000 Եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ ընդգծում է ՀՀ-ի հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանելու կալանքի տակ գտնվող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Դատարանը ընդգծում է նաև պետության կողմից վերահսկվող հաստատություններում մահացությունների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և անաչառ հետաքննությունների անցկացման կարևորությունը:
Ավելի լայն համակարգային խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի կողմից զոհերի ընտանիքների համար մատչելի և արդյունավետ միջոցներ ապահովելու և ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
13 տարի շարունակ գործի շրջանակներում ՀՔԱՎ-ի կատարած աշխատանքների մասին՝ այստեղ: