ԱԷԿ-ի մասով տարբեր առաջարկներ ենք քննարկում՝ հաշվի առնելով նաեւ դրա եւ տնտեսական մասը, եւ ֆինանսական, եւ այն ժամանակահատվածը, որում հնարավոր կլինի գործարկել․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Տարբեր երկրների անուններ են շրջանառվել, մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, այդ ուսումնասիրություններն էլ դեռեւս ավարտված չեն եւ չեմ հրապարակի՝ ո՞ր հայտերն են առավել մեր հետաքրքրության կենտրոնում։ Միայն կասեմ, որ անցած տարեվերջին, կառավարության համապատասխան որոշումով ՏԿԵՆ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում․ արդեն կա հաստատված բյուջեն, կա հաստիքացուցակը, առաջիկայում էլ համալրումները կանենք։ Ինչո՞վ է զբաղվելու նոր կազմակերպությունը։ Զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ եւ շինարարական աշխատանքների, կասեմ նաեւ, որոշակի հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ։ Այդ կազմակերպությունը՝ այս պահից սկսած, ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ԱԷԿ-ի կառուցման գործում՝ մինչեւ շահագործման հանձնելը»,- ասաց Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ հստակ ժամկետներ չկան եւ ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը որ կընտրվի։
Լրագրողների հստակեցնող հարցերին էլ ի պատասխան նա ասաց, որ առաջարկները ոչ միայն ՌԴ-ից են, ԱՄՆ-ից, այլ նաեւ այլ երկրներից, բայց վերջնական որոշում դեռ չունի ՀՀ կառավարությունը։
Երկաթուղու մասով էլ նա երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ ադրբեջանական կողմին առաջարկ է եղել՝ չմանրամասնելով առաջարկի էությունը։ Նա միայն ասաց, որ իրենց բոլոր քայլերը «խաղաղության խաչմերուկի» տրամաբանության մեջ են։ Ադրբեջանական կողմից, ի դեպ, այդ առաջարկին դեռ պատասխան չկա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ