Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիարդ 800 միլիոն դրամի չափով վնաս. ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Հունվար 09,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024 թ.ընթացքում իրականացրել ենք 180 ծրագրային ստուգում: Բացի ծրագրային ստուգումներից՝ եւս 219 արտածրագրային ստուգումներ ենք իրականացրել, եւ արդյունքում ստուգումների քանակը եղել է 399՝ նախորդ տարվա 292-ի դիմաց: Ստուգումների թվի ավելացումը, սակայն, ստուգումների որակի վրա չի անդրադարձել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ կառույցի 2024 թ. աշխատանքներն ամփոփելիս: Նա ասաց, որ աշխատանքի ընթացքում օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:

«Ամենատպավորիչը ընդերքօգտագործման ոլորտում մեր ստուգումների ժամանակ կիրառվող տեխնոլոգիաներն են, խոսքը գնում է օրթոֆոտոհատակագծերի եւ լազերային սկանավորման համակարգերի կիրառման մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստուգաչափության ազգային կենտրոնի միջոցով տեսչական մարմինը դեռեւս 2022թ ստուգաչափել, նոր գործիքներ է ավելացրել եւ ստացել է համապատասխան սերտիֆիկատներ այդ գործիքների համար: ԵԱՏՄ-ում մենք առաջինն ենք եղել եւ մեր գործիքների ստուգաչափման արդյունքում այդ ստանդարտը նաեւ ԵԱՏՄ-ում է դարձել ստանդարտ»,-ընդգծեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը:

«Վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստուգում ենք իրականացրել, եւ ընդամենը 3-4 աշխատանքային օրվա ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ հանքավայրը չափագրել ենք, ինչը նախկինում նախկին գործիքներով անելու դեպքում ամիսներ կտեւեր»,-օրինակ բերեց Հովհաննես Մարտիրոսյանը:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հավելեց, որ 2024թ ի թիվս այլնի՝ իր ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում են եղել հիմնականում ջրային ռեսուրսների պահպանության, ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության, հողերի պահպանության ոլորտները, որոնց ուղղությամբ էլ արդյունքներ են արձանագրել՝ խախտումներ հայտնաբերել. «2024թ այս պահին հաշվարկված նախնական տվյալներով արձանագրել ենք շրջակա միջավայրին եւ պետությանը պատճառված 8 միլիարդ 800 միլիոն դրամի չափով վնաս, դա 3 մլրդ-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ջրային ռեսուրսների ոլորտում վնասի չափը կազմել է 1 մլրդ 300 միլիոն դրամ, ընդերքօգտագործման ոլորտում ապօրինի հանքանյութերի հետ կապված՝ այս պահին ՊԵԿ-ի կողմից մեր ծավալներով հաշվարկների արդյունքում, պետությանը պատճառված վնասը 1 մլրդ 691 միլիոն դրամի կարգի է, բուսական եւ կենդանական աշխարհի մասով 1 մլրդ 132 մլն դրամի վնաս ենք արձանագրել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031