Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկով. Հայաստանի իրավունքն է, բայց և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է

Հունվար 09,2025 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կրեմլը հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ լինելն անհնար է, հայտնում է Ինտերֆաքսը։

«Ի՞նչ է նշանակում ԵՄ-ին այս (Հայաստանի) անդամակցությունը, հիմա դժվար է ասել, քանի որ, իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ մտածելով՝ անհնար է», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որն է Մոսկվայի դիրքորոշումը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։

Պեսկովը նշել է. «Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է»:

Շեշտելով, որ հենց Եվրամիությունն է նախաձեռնում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է. «Այստեղ մենք դեռ պետք է հասկանանք, թե Եվրամիությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցում։ Մենք ունենք Թուրքիայի Հանրապետության օրինակը, որը տասնամյակներ շարունակ պահպանում է դեպի ԵՄ անդամակցություն իր կողմնորոշումը, բայց Բրյուսելի կողմից մեծ փոխադարձության չի հանդիպում»։

Պեսկովի խոսքով՝ «իրականում պետք է ելնենք այն աշխատանքային մեխանիզմներից, ինտեգրացիոն ձևաչափերից, որոնք արդեն ապացուցված են, որոնք շարունակում են աշխատել ի շահ դրանց մասնակից ժողովուրդների և երկրների (ԵԱՏՄ- «Ինտերֆաքս»)»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «իրերն իրենց անուններով կոչելով՝ սա շատ և շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին որպես պետություն, և նաև ժողովրդին»։

«Սա չափվում է տոկոսներով, աճի բարձր տեմպերով՝ կապված ԵԱՏՄ-ին անդամակցության հետ և այլն, և այլն», – ասել է Պեսկովը։

«Այս օրերին շփումներ չեն եղել». Պեսկովն այսպես է մեկնաբանել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները:

«Սա մեզ համար հեռու տարածաշրջան չէ, Ռուսաստանը Հարավային Կովկասի երկիր է, և մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն», – ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031