Ermenihaber. Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին և նույնիսկ այնպիսի անիրատեսական պահանջներ ներկայացրեց, որ դրան ստիպված եղան արձագանքել թե՛ Հայաստանի վարչապետը, և թե՛ արտգործնախարարը:
Չնայած Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը՝ հայկական կողմն այս պարագայում ևս ընդգծեց խնդիրների խաղաղ լուծման անհրաժեշտությունը և շեշտեց զենք-զինամթերքի գնման հստակ և միակ պատճառը՝ պաշտպանունակության բարձրացում:
Հայկական կողմը նաև առիթն օգտագործեց ադրբեջանական կողմին մեկ անգամ ևս առաջարկելով սպառազինության վերահսկման մեխանիզմ ստեղծել՝ երկուստեք առկա անհանգստություններն ու մտահոգությունները փարատելու նպատակով։
Այս մտահոգությունները վերջերս նաև ամփոփվել էին Հայաստանի վարչապետի հայտարարությունում, որի համաձայն՝ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է։
Կարդացեք նաև
Աննկատ չի կարելի թողնել նաև այն միջադեպը, որ Ալիևի սպառնալից հայտարարություններին նախորդել էր հայկական կողմի նկատմամբ հրադադարի խախտման մեղադրանքները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում երկու անգամ հայտարարություն էր տարածել, թե իբր հայկական կողմը հունվարի 6-ին 14:10-ին կրակ էր բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, իսկ 22:00-ից հետո՝ Լաչինում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Տեղի ունեցածին Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել էր հերքմամբ: Բացի այդ հիշեցվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համար Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմի ստեղծելու վերաբերյալ հայկական առաջարկի մասին, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Մինչ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական բոլոր տարբերակներով և մեդիա գործիքներով Հայաստանի նկատմամբ մեղադրանքների սլաքներ ուղղելով ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ, նրան է միանում թուրքական մեդիան: Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության սադրիչ ապատեղեկատվությունը հրապարակվում է նախ թուրքական պետական «Trthaber» հեռուստաալիքի կայքում, ապա նաև մի շարք թուքական թերթերում և պարբերականներում: Որոշ թուրքական լրատվամիջոցներ էլ հայկական կողմի գործողությունները որակում էին հարձակում և նույնիսկ փորձում պարզաբանել, թե Հայաստանն ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի վրա հարձակվելու պլանով:
Թուրքական իշխանամետ «Haberler» լրատվամիջոցը հանդիսանում է այդպիսիններից մեկը: Թեմայի վերաբերյալ կայքի անդրադարձում հիմնականում ընդգծվում է Լաչինի ռազմավարական կարևորության մասին, որի ուղղությամբ էլ հենց իբր հայկական կողմը հարձակում է նախաձեռնել:
Իրադարձությունների շղթան եռօրյա հաջորդականությամբ կապվեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հունվարի 8-ին կայացավ Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը։
Չնայած թուրքական պաշտոնական աղբյուրներում հրապարակված հանդիպումներից հետո մշտական բնույթ կրող ստանդարտ հայտարարությանը, այն միանշանակ կապված էր թուրք-ադրբեջանական սահմանի լարվածության մասին վերջին լուրերի, Ալիևի հայտարարությունների և իհարկե հայկական կողմի արձագանքների ու հետագա անելիքների հետ:
Հեռախոսազրույցին նախորդած ժամերին և դրանից հետո մեղադրանքների հոսքն ու հրադադարի խախտման մասին կեղծ հայտարարությունները դադարեցին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Էրդողանը հայտարարել է մշտապես և բոլոր պարագաներում Ադրբեջանի կողքին լինելու հաստատակամության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին:
Կարելի է նկատել, որ շղթայական դասավորվածություն ունեցող իրադարձություններն ամենևին էլ պատահական չեն և թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին հետևողական աշխատանք է տանում քարոզչական դաշտում և մեդիատիրույթում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:
Եթե փորձենք գնահատել Ալիևի հայտարարություններին նախորդած կրակոցների մասին մեղադրանքները, ապա կարող ենք դրանք որակել որպես ակնհայտ և միտումնավոր խայծ միջազգային հանրությանը՝ սպառնալից և ագրեսիվ հայտարարությունները հրամցնելու նպատակով:
Եթե փորձենք գնահատել թուրք-ադրբեջանական մեդիայում պահպանվող փոխաջակցությունը, ապա կարող ենք շեշտել, որ նպատակները երկկողմանի համընկնում են, քանի որ թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում նկատելիորեն հետադիմում են ազատ խոսքի դրսևորումներն ու ժողովրդավարությունը, ուստի, նման տեղեկատվության ուղղորդված չլինելու հավանականությունը բավականին ցածր է:
Նպատակների մասին խոսելիս, պետք է շեշտել, որ Թուրքիան այժմ որոշակի տարբերությամբ է խաղի մեջ. Այն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որի հիմնական նպատակը հայ-ադրբեջական խաղաղության պայմանագրի կնքմամբ (եթե այդպիսին լինի) և կամ առանց դրա սեփական քայքայվող տնտեսության համար նոր ապաշրջափակված ճանապարհներով ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենալն է՝ որոշակիորեն աջակցելու սեփական քայքայվող տնտեսության վերականգնման գործընթացին:
Նպատակների և դրանց հասնելու տարբերության մասին նման եզրահանգման կարելի է գալ՝ դիտարկելով Թուրքիա-Արևմուտք շփումները, որոնց հիմնական ուղերձն ու նպատակն է Կովկասում թուրքական ազդեցության մեծացումն ու ռուսականի թուլացումը, ինչն էլ արդարացվում է ռուս-ադրբեջանական սերտ հարաբերությունների ձևավորվմամբ:
Արևմուտքը ձգտում է Թուրքիայի միջոցով որոշակիորեն զսպել Ադրբեջանին և այդպիսով նաև Ռուսաստանին, որն էլ իր հերթին փորձում է շրջանցել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս իրողությունը միայն բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի նպատակների իրագործման համար:
Բավականին տեղին է լինում նաև մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հունվարի 6-ին Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները:
«Ռուսաստանը, հանկարծակի դավաճանելով իր դաշինքը, աջակցեց Ադրբեջանի գործողություններին Հայաստանի նկատմամբ»:
Այսպիսով` կարելի է ընդգծել, որ չնայած Թուրքիան պարբերաբար կրկնում է Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ապատեղեկատվությունը և «Զանգեզուրի միջանցքի» բացման թեզը, քաղաքականության վարման հարցում առկա են որոշակի տարբերություններ:
Դրանում շատ մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի եվրոպական նկրտումներն ու միջին պետությունների բևեռ ձևավորելու նպատակը, որի համար ուղղակիորեն անհրաժեշտ են իբր խաղաղարարի դերի մարմնավորումը:
Ադրբեջանի պարագայում պետք է նկատել, որ մինչ «COP-29»-ի գումարումը Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը նվազել էր, սակայն դրանից հետո ակնհայտ է դառնում ագրեսիայի գերակայությունը բոլոր սեղանների շուրջ:
Ակներև է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն կախված են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, սակայն որոշակիորեն Արևմուտքի ազդեցության և ճնշման տակ գտնվող Թուրքիայի պարագայում կարելի է ակնկալել դրական գործընթացներ, առավել ևս, երբ փորձ է արվում մեծացնել Թուրքիայի դերը տարածաշրջանում՝ որպես ՆԱՏՕ անդամ պետություն և դաշնակից:
«Թուրքիան կարող է նշանակալից դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»,-ասել էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։
Այսպիսով, Հայաստանի համար կարևոր է դառնում ապատեղեկատվության ճշգրիտ և փաստարկված հերքումը, խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ձևավորված երկխոսության պահպանումը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հրադադարի ռեժիմը չխախտելու մասին հայտարարությունների հնչեղացումն ու նախկինում եղած առաջարկներին հավատարիմ մնալը:
Անդրանիկ ՏԵՐ–ԿԱՐԱՊԵՏՅԱՆ