«Մեզ համար անորակ աշխատանքը, ցանկացած ծավալի, անընդունելի է, բայց պետք է հասկանանք նաև, որ գործ ունենք այլևս մեծ ծավալների հետ եւ եթե 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցում ամեն տարի՝ բացառապես պետական բյուջեի միջոցներով եւ ևս 200 կիլոմետր կառուցել ենք սուբվենցիոն ծրագրերի արդյունքում։ 700 կիլոմետր կառուցված ճանապարհի մեջ որոշակի թերություններ, որոշակի անորակ աշխատանքներ կլինեն։ Սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի։ Մենք պլանավորում ենք ամբողջապես լավ վիճակում ճանապարհներ հանձնել շահագործման»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ «Հետք» պարբերականն անդրադարձել էր ճանապարհաշինության աշխատանքներին՝ բացահայտելով կոռուպցիոն սխեմաներ եւ անորակ աշխատանք։ Պարբերականի հոդվածն ուղարկվել է դատախազություն՝ ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կխոսեն։ Դավիթ Խուդաթյանի մտահոգությունները հոդվածի մասով, վերաբերվում են այնտեղ նշված կապերին, նա հուսով է, որ դատախազությունը սպառիչ պատասխաններ կտա։
Ինչ վերաբերվում է նախարարությունում կադրային փոփոխություններին, բանախոսն ասաց, որ դրանք ընթացիկ աշխատանքային հարցեր են, որոնք մշտապես իրականացվում են, դրանք բնական են․ այս փուլում, մասնավորապես, չեն նշանակվել նախարարի 2 տեղակալները և Ջրային կոմիտեի նախագահը։ Վաչե Տերտերյանի չվերանշանակման մասին էլ նա հատուկ նշեց՝ ստվերային բաներ չփնտրել ու հայտարարեց, որ վերջինս համաձայնվել է իր կարողությունները պետության շահերին ի նպաստ օգտագործել։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Վաչե Տերտերյանին պաշտոնանկ անելու հարցն ինքն է առաջարկել՝ ելնելով զուտ այն տրամաբանությունից, որ նախարարությունում փոփոխություններ են պետք․ «Սրանով չեմ ուզում ստվերել պարոն Տերտերյանի վաստակը ՏԿԵ կայացման գործում։ Ասեմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ Պարոն Տերտերյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով շարունակել մեզ հետ այլ ֆորմատներում աշխատել, այդ թվում նաև՝ ընկերական։ Գուցե, դժվար է ամբողջ փոփոխությունների ծավալի տրամաբանությունը հասկանալ, որովհետև դրանք որոշակի անձնական հարաբերությունների արդյունքում են լինում, բայց այնտեղ, որտեղ դրանք չկան, խնդրում եմ ոչ մի անձնական բան չփնտրել»։
«Տարվա ընթացքում բազմաթիվ գործընկերներ տեղափոխվել են այլ աշխատանքի, որոշները հրաժեշտ են տվել մարզպետի աշխատանքին։ Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, և այս փոփոխությունները տրամաբանության մեջ են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ճանապարհների որակի հետ կապված բազմաթիվ դիտարկումներ եւ նկատառումներ Դավիթ Խուդաթյանն էլ ունի, շահագրգիռ կողմերի քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ 2025-ին շահագործվելիք ճանապարհները կընդունվեն բացառապես ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի հաստատումից հետո։ Իսկ լաբորատորիան վերազինման կարիք ունի։
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ