«Հինգ մարզադպրոցների մասով վերահսկողություն ենք իրականացրել, որտեղ խախտումներ են հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, որին հետեւել են նաեւ որոշակի քաղաքական որոշումներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներ։ Եվ, ահա, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել նշված հինգ օբյեկտներում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշեց, որ մարզադպրոցներից մեկում ցնցուղի հետ կապված պատմությունը հետեւյալի մասին էր․ «Ուռճացված գնագոյացման մասով մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաեւ զեկուցվել է վարչապետին։ Խոսքն այն մասին է, որ գնումների պատվիրատուներ այդ պահին հանդիսանում էին ԿԳՄՍ-ն ու Քաղշինկոմիտեն, տեխնիկական բնութագրերի մեջ գնային մեծ սողանցք էին թողել եւ պատշաճ չէին ձեւակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաեւ մեղադրանքներին, թե իր ծանոթ-բարեկամներին է նշանակել տարբեր պաշտոնների, հովանավորչությամբ է զբաղվում։ «Իբր հովանավորչության, փաստերը կոծկելու, թերի վերահսկողություն իրականացնելու պնդումները Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի քննության նյութերով հերքվել են, եւ վարույթը վերջնարդյունքում կարճվել է։ ՊՎԾ-ում ինձ հետ փոխկապակցված բարեկամ-հարազատ աշխատող չկա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ