Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանողներն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

Հունվար 09,2025 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։

Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են:

«Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:

«ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել են 300-ից ավելի թիմեր։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին և զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել է Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը  ստացել է 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ բավական բարդ մրցակցություն է ընթացել աշխարհի ուժեղագույն համալսարանների և ուսանողների միջև: ԵՊՀ ուսանողները ևս խոսել են իրենց տպավորությունների և հետաքրքիր փորձառության մասին:

Անդրադարձ է կատարվել 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների և ճամբարների անցկացման հնարավորություններին:

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները և կարևորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։

ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է երիտասարդ գիտնականների աջակցության, միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրերը, ինչպես նաև  Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորման պետական քաղաքականությունը։ 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031