Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպ է դառնում, որ ուժեղ պետությունը կարող է հարձակվել հարեւանի վրա, կտորներ պոկել ու մարսել. Արեգ Քոչինյան

Հունվար 09,2025 13:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իլհամ Ալիեւը հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում մի շարք ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին։ Նա Հայաստանին մեղադրել է ֆաշիստական պետություն լինելու մեջ, նաեւ հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի եւ կբացվի»։

«Որեւէ նոր բան Ադրբեջանի նախագահը չի հայտարարել, իր այդ հայտարարությունները նախկինում եւս լսել ենք, բայց այս անգամ կար որոշակի կոշտություն՝ նախկինի հետ համեմատած»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ալիեւի ագրեսիվ հռետորաբանությունը. ի՞նչ է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:

«Ադրբեջանն այս ամբողջ ժամանակահատվածում միշտ միաժամանակ պատրաստվել է երեք սցենարի՝ եւ խաղաղության, եւ պատերազմի, ե՝ւ՝ ոչ խաղաղության, ոչ պատերազմի սցենարին, այսինքն` այս պարադոքսալ իրավիճակը, որ հիմա ունենք, դրա շարունակությանը: Հիմա աշխարհաքաղաքական գործընթացներն Ադրբեջանի համար դարձել են ավելի նպաստավոր:

Մի կողմից՝ Իրանի բավականին խոշոր պարտությունը Սիրիայում, որն էականորեն սահմանափակել է Իրանի արտաքին քաղաքականության հնարավորությունները, մյուս կողմից՝ ԱՄՆ-ում նոր ադմինիստրացիայի ձեւավորումը եւ դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների բավականին անհայտ լինելը: Հատկապես մեր տարածաշրջանում անկանխատեսելի է, թե ինչ է իրենից ներկայացնելու Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը»,-հավելեց Արեգ Քոչինյանը:

Նրա խոսքով. «Բաքվում մեծ հույսեր ունեն, որ Թրամփը կլինի պրոադրբեջանական, Թրամփի հետ կկարողանան պայմանավորվել, բայց իմ կարծիքով՝ իրենք էլ են մի քիչ արագ գնացել այս հաշվարկների ուղղությամբ, որովհետեւ, այնուամենայնիվ կա անկանխատեսելիության էլեմենտ: Զուգահեռ կա եւս երկու չափում. առաջինն այն է, որ Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ է գրանցում՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական առումով: Դառնում է նախադեպ, որ ուժեղ պետությունը կարող է հարձակվել հարեւան պետության վրա, կտորները պոկել եւ դա մարսել:

Վերջին չափումն այն, թե ինչ է տեղի ունենում Իսրայելի եւ իր հարեւանների միջեւ: Իսրայելն ըստ էության, հրթիռային հարվածներ է հասցնում, զորքեր է մտցնում հարեւան պետություն, եւ դա միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես նորմա: Հաշվի առնելով Իսրայելի եւ Ադրբեջանի բավականին մտերմիկ հարաբերությունները, կարծում եմ, որ այնտեղ կա մի այսպիսի չափում, որ իրենք իրարից սովորում են: Եվ Իսրայելում են փորձում տեսնել, թե ինչ է անում Ադրբեջանը եւ դրանից ինչքանն է կարողանում մարսել, հատկապես որ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Ղարաբաղում, Իսրայելն էլ նման բան անում է Պաղեստինում…Այս երկու պետությունների միմյանցից սովորելու գործընթացը չպետք է աչքաթող անել…»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031