Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետները երկարաձգվում են մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ անցած 2,5 տարիների ընթացքում գործարքների ծավալն ու շահառուների թիվը շարունակական աճել է։ «Զրոյական մակարդակից անկանխիկի ընդհանուր ծավալը հասել է 171,7 մլրդ դրամի, իսկ այս ընթացքում մենք մեր հայրենակիցներին վերադարձրել ենք 15,2 մլրդ դրամ։ Շահառուների թիվը մեկնարկի պահին 16 հազար էր, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունենք 278 հազար շահառու եւ ակնկալում ենք, որ դեկտեմբեր ու հունվար ամիսներին մենք կհատենք 300 հազար շեմը։ Մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսական գումարը 2022 թվականի դեկտեմբերին կազմել է 3379 դրամ, 2023-ին այդ արժեքը 3400 դրամ էր, իսկ 2024 թվականի նոյեմբերին՝ արդեն 4190 դրամ։ Շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս տրամաբանության մեջ մենք թոշակներն ավելացնում ենք ամեն ամիս, ամեն տարի, ամեն օր։ Եվ մեր այս խոսույթին, որը, այո, նաեւ քաղաքական խոսույթ է, քննադատում են, թե մենք թոշակառուներին ինչ-որ պայմանի իրադրության մեջ ենք դնում, թոշակառուներին շահագործում ենք, որպեսզի նրանց թոշակները բարձրանան։ Բայց եթե մենք մեր տատիկին ու մայրիկին խնդրենք՝ տատիկ ջան, ինչ-որ գործողություն արա, ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք իրենց շահագործո՞ւմ ենք։ Ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն»։
Փաշինյանն ասաց, որ կարող է ընդհանրապես թոշակի բարձրացման բանաձեւը պետք է փոխել։ «Հիմա մենք 4000 դրամով մարդկանց թոշակն ավելացրել ենք, բայց հարցազրույց են տալիս, ասում են՝ տենց էլ էս տարի թոշակը չավելացավ։ Ոչ, այս որոշումով ամեն ամիս թոշակն ավելանում է»,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ