Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է՝ հոգնել է քաղաքականությունից։ Իշխանության ու հարստության ազդեցությունները, շաղախված վախի ու ագահության զգացումների հետ, նրա մոտ ի հայտ են բերել նոր նախասիրություններ։
Նա ուզում է պարզապես լավ ապրել, սպորտով զբաղվել, սոցցանցերում զվարճալի տեսանյութեր տեղադրել, շիլաշփոթ ձվածեղով հայ ժողովրդի Սուրբ Ծնունդը շնորհավորել ու իր կյանքի ընկերուհուն զվարճացնել, «հեղափոխական» մտքեր արտահայտել ու ինքը ուրախանա, ի հեճուկս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ եկեղեցիներում համերգներ կազմակերպի ու այդպես շարունակ։
Կարդացեք նաև
Նրա, իբր քաղաքական ելույթները, իրականում քաղաքականապես դատարկ են, անհեռանկարային ու ինչ որ ֆանտաստիկ ժանրից։ Իսկ նրա «նորարարական» մտքերը բնութագրելու համար անհրաժեշտ է նոր բառ մտածել, որովհետև եղած բառերը շատ տգեղ են հնչում։ «Հայոց Պատմության» փոխարեն «Հայաստանի Պատմություն», ինչ-որ «իրական Հայաստան» և նմանատիպ բաներ, նույնիսկ հարուստ երևակայություն ունեցող Բագրատ սրբազանը երևի նախանձում է նրա անսահման երևակայությանը։
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը արագ տեմպերով ճաքեր է տալիս։ Կուսակցության պատգամավորներ պարոն Հովիկ Աղազարյանն ու պարոն Հակոբ Ասլանյանը առաջին հայացքից թվում էր, թե Փաշինյանի հավատարիմ հետևորդներից էին, սակայն ի պատիվ իրենց, պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէր, կամ միգուցե հետո հիասթափվեցին։ Հիմա այդ պատգամավորների հետ միջադեպ տեղի ունեցավ և դա բացահայտվեց։ Կարելի է ենթադրել, որ նրանք միակը չէին և, ամենայն հավանականությամբ, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունում դեռ շատ պատգամավորներ կան, ովքեր իրենց առաջնորդի մտքերի հետ համամիտ չեն, սակայն արտահայտվելու համար ոմանք համարձակություն, ոմանք ազնվություն, ոմանք էլ միգուցե ֆինանսական հնարավորություն չունեն։
ՔՊ կուսակցությունը այլևս այն չէ, ինչ էր նույնիսկ երեք ամիս առաջ։ Եթե իշխանական կուսակցությանը նույնիսկ հաջողվի հայ ժողովրդին պարտադրել, այսպես կոչված, «իրական Հայաստանի» անիրական գաղափարախոսությունը, ապա Ադրբեջանի ժողովրդի համար չեմ կարծում, որ ներկա իրավիճակում հնարավոր կլինի ընկալելի դարձնել «իրական Ադրբեջանի» գաղափարախոսությունը։ Հակառակը, որքան Հայաստանը ընկղմվի «իրական Հայաստանի» ճահճի մեջ, այնքան Ադրբեջանը խորանալու է իրենց հորինած «պատմական Ադրբեջանի» մեջ։ Հետևաբար ո՞ւր է մնում Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր կնքելու տեսլականը։ Շատ մշուշոտ է։
Այդուհանդերձ, ինչո՞ւ Ադրբեջանը ընդառաջ չի գնում Հայաստանի ջանքերին և չի նպաստում օր առաջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի արտասանած Սուրբ Ծննդյան սաղմոսի բովանդակությունը Ալիևը իր վրա էր վերցրել ու դրանից էր ահաբեկվել ու նեղված խոսում։
Ադրբեջանի ներկայիս իշխանությունները նախկինում նույնպես բազմիցս հայտարարել են, որ հանուն խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի հետ փոխզիջումների չեն գնալու, իսկ նրանց առաջադրած նախապայմաններն էլ իրենց հերթին սահմանափակվելու միտում չունեն։ Հնարավոր է, որ կգա մի ժամանակ, երբ կկնքվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, սակայն, կարծում եմ, որ դա տեղի կունենա ո՛չ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ։
Արդեն մի քանի ընդդիմադիր ուժեր, կարծես, հայտարարել են, որ այս տարին իշխանափոխության մասով բեկումնային է լինելու։ Եթե այս տարի է ասվում, դա միայն երկու ճանապարհով կարող է տեղի ունենալ․ առաջինը՝ փողոցով և երկրորդ տարբերակը՝ արտահերթ ընտրություններով։ Փողոցով իշխանափոխություն հնարավոր չէ, որովհետև, փաստորեն չենք ուզում, որ որևէ հայորդու արյուն թափվի, ինչը շատ հավանական կլինի, հետևաբար մնում է երկրորդ և ամենաիրատեսական տարբերակը, այսինքն` շուտափույթ կերպով արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին անցնելն ու ընտրությունների կազմակերպումը։ Վստահ եմ, որ արտահերթ ընտրությունների դեպքում, ՔՊ կուսակցությանը, չի հաջողվի նույնիսկ որպես ընդդիմություն հայտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ