«Ազատություն». Կալիֆորնիայում զանգվածային հրդեհների հետևանքով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն Իտալիա, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Բայդենը եռօրյա այցով պետք է Իտալիա մեկներ այսօր՝ քննարկելու ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից Կիևին 50 միլիարդ դոլարի վարկի հարցը: Նախատեսված էր նաև Բայդենի հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Հունվարի 8-ին նա ժամանել է Լոս Անջելես՝ անձամբ Կալիֆորնիայի նահանգապետից իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար, իսկ Վաշինգտոն վերադառնալուն պես չեղարկել իր արտասահմանյան վերջին ուղևորությունը։
Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։
ABC News-ը հաղորդել է առնվազն հինգ զոհի մասին։ Ավելի քան 2 հազար տներ, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են, մոտ 130 հազար մարդ տարհանվել է։ AccuWeather-ի գնահատմամբ, հրդեհի վնասը կգերազանցի 50 միլիարդ դոլարը:
Կարդացեք նաև
Բայդենը հաստատել է նահանգում արտակարգ դրություն մտցնելու որոշումը աղետի հետևանքների դեմ պայքարելու և տուժածներին դաշնային օգնությունն արագացնելու նպատակով։
«Մենք պատրաստ ենք անել անհրաժեշտը՝ Հարավային Կալիֆորնիայում հրդեհները զսպելու և տարածքը վերականգնելու համար։ Բայց մենք գիտենք, որ դա դժվար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք», – հայտարարել է Բայդենը։