Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին հարցը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով է ներկայացվել։ «Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Նախ, վերջին տարիներին ՀՀ-ն եւ Եվրոպական միությունը բավական ինտենսիվ եւ դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն եւ նաեւ ընդգրկել են տարբեր ոլորտներ։ ԵՄ-ն տարբեր ուղղություններով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել եւ ներգրավվել է ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։ ԵՄ-ն նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա չի ենթադրում Հայաստանի ուղիղ անդամակցություն ԵՄ-ին, այդ գործընթացը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով։ «Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, եւ մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն։ Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում։ Եվ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ