Լրահոս
Օրվա լրահոսը

Ափաչափ երկիր, որի «ապագա կա՛»-ն ականապատված է ու անորոշ. ինչպես ինքնասպանել հայրենիքը. Ռուբեն Հակոբյան

Հունվար 09,2025 11:28

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԻՆՉՊԵՍ ԻՆՔՆԱՍՊԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

1915թ. Ցեղասպանությունից հետո հայ ազգը գրում է իր պատմության թերեւս ամենաողբերգական էջերից մեկը։ Այո, մե՛նք ենք գրում այդ էջը, որովհետեւ մե՛նք, մեր հավաքական կերպա՛րն է այս ազգակործան պատուհասին ծնել, սնել, Արցախն ու հինգ հազար զինվորին գլխատող սուրը դրել նրա ձեռքը։ Բայց, պատասխանատվությունից խուսափելու համար հերթական անգամ փորձում ենք «դրսի հզոր ուժերով» պայմանավորել հրեշի ծնունդը։ Նկատի ունենալով նաեւ ամեն պահի թշնամու կողմից ներխուժման բացահայտ սպառնալիքն ու մեզանում ներքաղաքական զարգացումերի որակն ու բովանդակությունը, տպավորությունն այնպիսին է՝ ասես ազգովի նոտագրում ենք մեր պետության ինքնասպանության ռեքվիեմը։

Հազարամյակների մեր պատմությունը Քերթողահայր Խորենացու «Ողբի» հակահերոսների պակաս երբեք չի ունեցել։ Ողբերգությունն այն է, որ դավաճաններին ծնող այդ ծննդատունն այսօր էլ շարունակում է գործել եւ նոր ծնունդներ ընդունել։ Ազգի մեծերը՝ Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը, Նժդեհն ու մյուսները, շարունակաբար բացահայտելով Քերթողահոր խոսքերի ճշմարտացիությունը, ճշգրիտ ախտորոշել են, թե ինչպես առաջին դարում ավելի քան երեք հարյուր հազար ք/կմ հայկական տարածքը շագրենու կաշվի նման փոքրացավ եւ այսօր այն դարձել է ափաչափ մի երկիր, որի «ապագա կա՛»-ն ականապատված է ու անորոշ։ Որքան բարձր, վեհ ու անձնազոհ են եղել հայ հերոսները, նույնքան ստոր, նյութապաշտ ու իշխանատենչ են եղել հայ դավաճանները։ Վկան՝ մեր այսօրը. Ալիեւը՝ «ֆաշիստական» Հայաստանը ոչնչացնելու սպառնալիքով, ՀՀ վարչապետը՝ կրճոններով ձվաձեղով ու ընտանեկան փոդքասթով…

Անի մայրաքաղաքի բանալիները 1045թ. Բյուզանդիային հանձնող Պետրոս Գետադարձն ու Վեստ Սարգիսն այսօր ունեն իրենց արժանի հետնորդները՝ ի դեմս գործող վարչապետի եւ ԱԺ նախագահի։ Իրենց նախնիներից մերօրյա հողատուների հիմնական տարբերությունն այն է, որ Արցախի բանալիների հետ միասին սրանք նաեւ հինգ հազար զինվորի կյանք «նվիրեցին» թշնամուն։ Եւ անկեղծ էր արյունռուշտը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։

Բնական է, որ թշնամին, ինչպես ողջ պատմության ընթացքում, այսօր էլ շարունակում է օգտվել մեր ներսի դավաճանների սրբապիղծ գոյությունից եւ փորձում իրականացնել տարածաշրջանն ամբողջությամբ թրքահպատակ դարձնելու՝ պանթյուրքիզմի վաղեմի ծրագրային հիմնադրույթը։

Այսօր պետության երկու բարձրագույն պաշտոնները զբաղեցնողները՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, իրենց գործողություններով ու հայտարարություններով լիգիտիմացնում եւ, ըստ էության, արդարացնում են թշնամու կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունը, ինչպես նաեւ միջազգային օրենսդրության սահմաններում՝ թշնամու կողմից Հայաստանին ներկայացվող ահռելի փոխհատուցման պահանջները։

2019թ. Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ոչմիթիզականի կերպարի մեջ մտած Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ժողովրդի էմոցիան գողացող իշխանատենչ սադրիչին այդ պահին չէր հետաքրքրում, որ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, այդ հայտարարությամբ հարեւան պետության նկատմամբ բացահայտ հողային պահանջ է ներկայացում։ Եւ արձագանքը չուշացավ. ընդամենը մի քանի օրերի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները միջազգային ամբիոնները ողողեցին Հայաստանը ներկայացնող առաջին դեմքի կողմից հողային պահանջատիրության մասին հայցերով, ինչը միջազգային օրենսդրությամբ լեգիտիմ հիմք էր ստեղծում՝ տեր կանգնել իրենց պետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, թշնամին ծափողջույներով ընդունեց սադրիչի նվերը եւ դրանից օգտվեց թրքավարի՝ ցեղասպանելով, հայաթափելով ու էթնոզտելով Արցախը, ինչը մեր ազգի նկատմամբ թշնամու պատմական ստորագրության հիմնական բաղադրիչներից է։

2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ (Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ու ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այս անգամ արդեն հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, ինչն ինքնախոստովանական ցուցմունք էր՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքը երեսուն տարի բռնազավթած պահելու եւ այն օգտագործելու մասին։ Այս հայտարարություն-ցուցմունքը նույնպես ադրբեջանական կողմն առանց հապաղելու օգտագործեց՝ միջազգային օրենքների սահմաններում Հայաստանին 150 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջ ներկայացրելով։ Ի դեպ, Ադրբեջանի ոչ երկրորդական պաշտոնյաներից մեկն էլ, միջազգային փորձն ու նախադեպերը վկայակոչելով, հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում փոխհատուցումը կարելի է իրականացնել նաեւ տարածքներ հանձնելու միջոցով։ Կարծում եմ ակնարկն ակնհայտ է։

Հայաստանի եւ Արցախի նկատմամբ իր գործունեությամբ ոչ պակաս դավաճանական կեցվածք է որդեգրել նաեւ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ ՄԱԿ ԱԽ-ի 1993թ. ընդունած չորս բանաձեւերը վկայակոչելով, իր հանդիպումներում եւ հայտարարություններում այս քայլարածը շարունակաբար արդարացնում եւ լեգիտիմացնում է թշնամու կողմից Արցախում իրականացրած ցեղասպանությունը։ Եթե ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող սինլքորը փորձեր ասֆալտի քառակուսի մետրերի բերած տենդերաշահույթը հաշվելու փոխարեն ծանոթանար ՄԱԿ-ի բանաձեւերի ամբողջական փաթեթին, նույնիսկ ինքը կհասկանար, որ բանաձեւերը չեն իրականացվել ադրբեջանական կողմի՝ փաստաթղթերում արձանագրված նախապայմանները չկատարելու պատճառով։ Մինսկի խումբը ժամանակին նույնիսկ այդ մասին համապատասխան զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին, ինչն այդ մարմնի կողմից ընդունվել է ի գիտություն։

Ի դեպ, այս պաշտոնյայի կողմից Ազատությանը տված հարցազրույցից փաստարկված եւ հիմնավոր մեջբերումներ կատարելով, ադրբեջանական կողմը շարունակաբար խանդավառ նշում է, որ վերջապես Հայաստանն այսօր, ի տարբերություն նախկինների, ունի իշխանություն, ով խելքի է եկել եւ խոսում է ճշմարտությունների լեզվով։ Պետական դավաճանների այս կերպարները դարձել են թշնամու լրատվամիջոցների հիմնական հերոսները, որոնց միջոցով թշնամին ամենօրյա ռեժիմով նվաստացնում ու ստորացնում է մեր հասարակությանն ու պետությանը։ Իսկ, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական ղեկավարությունը չի թաքցնում, որ մեր կողմից այսպիսի ազգակործան պատուհասների իրենց նվիրելը՝ Աստծո պարգեւ է։

Եւ մենք հանդուրժում եւ թույլ է տալիս, որ պետությանը թիկունքից հարվածող այս դավաճանները շարունակեն թե՛ ներսում եւ թե դրսում ներկայացնեն մեզ։ Եվ նրանք կշարունակեն հետնորդներ ունենալ, քանի դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը։

Ի դեպ, Գետադարձին պատժել են բյուզանդացիները՝ իր հայրենիքին դավաճանելու համար։

Ուզում եմ նորից հայտարարել, որ ե՛ւ ՀՀ սահմանադրությունը, ե՛ւ միջազգային օրենսդրությունը մեզ ոչ միայն իրավունք են տալիս, նաեւ պարտադրում են՝ ամեն գնով օր առաջ ազատվել այս ազգակործան պատուհասներից։ Այո՛, ամեն գնովով, որովհետեւ սրանք ցանկացած հակաօրինական եւ սրբապիղծ միջոցների են դիմում՝ ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար։

Հ.Գ. Չէի ցանկանա, որ Օմար Խայամի՝ «Եթե ազգը սիրահարված է իր դահիճին, նախիրի պես կմորթվի» հայտնի իմաստությունը մեկ անգամ եւս հաստատենք մեր օրինակով ու շարունակենք հարստացնել մեր պատմության ողբերգական էջերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031